«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2005-06-30 | #121, 2005-07-01 | #122, 2005-07-02


«ԳՈՒՆԱՎՈՐ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Ովքե՞ր են ֆինանսավորում վարչակարգերի տապալումը հետխորհրդային տարածքում

Տարերային «նարնջագույն» հեղափոխությունը, որի ժամանակ հարյուր հազարավոր ուկրաինացիներ դուրս եկան փողոցներ, տեղի ունեցավ Կուչմայի վարչակարգի կոռումպացվածության եւ ավտորիտարության պատճառո՞վ: Այդքան էլ ճիշտ չէ: Դա վերաբերում է նաեւ ժողովրդական հեղափոխությունների ալիքին, որոնք իրենց հետ տարան սերբ Միլոշեւիչին, վրացի Շեւարդնաձեին եւ կիրգիզ Ակաեւին: Ժողովրդական զանգվածների զայրույթը հասել էր գագաթնակետին, ընտրությունները կեղծվել էին: Սակայն անկասկած այդ շարժումներին չէր հաջողվի այդքան արագ եւ առանց բռնության տապալել հետկոմունիստական ավտոկրատներին: Ֆրանսիացի Վենսան Ժովերը հանդիպել է այն առաջնորդներին, ովքեր կազմակերպել են հեղափոխությունները Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում:

Հոդվածագիրը գրում է. «Արդեն 5 տարի նրանք «արտահանում» են հեղափոխություններ Արեւելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա: Նրանք օժանդակել են Շեւարդնաձեի, Կուչմայի եւ Ակաեւի տապալմանը: Այսօր ձգտում են տապալել Մինսկի, Աստանայի, Բաքվի կոռումպացված եւ ավտորիտար ղեկավարներին: Իրենց տեսակի մեջ եզակի այդ միսիոներներըՙ սերբերն ու սլովակները, վրացիներն ու ուկրաինացիները, երիտասարդ են, կրթված: Նրանց ընդհանուր լեզուն անգլերենն է, հաճախ նրանք աշխատում են արեւմտյան կազմակերպություններում, հիմնականում ամերիկյան: Նրանց կարելի է անվանել «միջազգային ժողովրդավարական բրիգադներ», նրանց գործունեությունը համակարգում է Վաշինգտոնը»:

Երիտասարդ հեղափոխականներն իրենց պարտքն են համարում հեղափոխության «արտահանումը»: Նրանցից ոմանց համար դա նաեւ գոյության միջոց է, թեեւ հրաժարվում են ասելՙ ինչքան են վաստակում: Վենսան Ժովերը հանդիպել է «ժողովրդավարական բրիգադների» տասնյակ ներկայացուցիչների հետ եւ ընդարձակ հրապարակում տպագրել ֆրանսիական «Նուվել օբզերվատոր» հանդեսում:

«Նրանցից ամենափորձառուի անունն է Պավել Դեմեշ: Նա 49-ամյա սլովակ է, 2000 թ. գաղտնի համակարգեց Միլոշեւիչի վարչակարգի դեմ ըմբոստության արտասահմանյան օժանդակությունը: Անցած տարի, նույնպես գաղտնի, նա ուկրաինացի հեղափոխականների խորհրդականն էր: Դեմեշը Սլովակիայի նախկին արտգործնախարարն է, ղեկավարում է ամերիկյան ազդեցիկ ոչ կառավարական «Մարշալի գերմանական հիմնադրամի» Բրատիսլավայի արեւելաեվրոպական բաժինը: Դեմեշը փայլուն գիտի նախկին խորհրդային տարածքի երկրների քաղաքական իրավիճակը եւ թե ինչպես ընտրել հեղափոխություն իրականացնելու լավագույն պահը»:

Դեմեշը բացատրում է. «Հետկոմունիստական ավտոկրատների մեծ մասը հիշեցնում է խեցգետինների: Նրանք բոլորն ունեն մի շատ խոցելի տեղՙ ցանկանում են ընտրություններում ստանալ լեգիտիմություն: Նրանք կեղծում են ընտրությունը, բայց շարունակում են նոր ընտրություններ կազմակերպել, ապա համոզում են իրենք իրենց իբր վերահսկում են ԶԼՄ-ներն ու անվտանգության ուժերը եւ որ իրենց հետ ոչինչ չի պատահի... Նախընտրական արշավի ողջ ընթացքում համաշխարհային մամուլը հետեւում է նրանց յուրաքանչյուր քայլին, եւ նրանք հրաժարվում են կրակ բացել ամբոխի վրա CNN-ի ուղիղ եթերում: Հենց այդ պահին նրանց կարելի է տապալել»:

Ինչպե՞ս: Դեմեշը շարունակում է. «Քվեարկության օրը, երեկոյան հավաքվում են կեղծման ապացույցներ եւ այդ փաստերն արագ տարածում են երկրով մեկ, որից հետո հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ, ապա նրանք պետք է խաղաղ ճանապարհով վերահսկողության տակ վերցնեն պետական հիմնարկները, որպեսզի ավտոկրատ ղեկավարին ցույց տան, որ օրինական իշխանությունն անցել է ուրիշի ձեռքը: Այդ հին խեցգետիններըՙ Միլոշեւիչը, Շեւարդնաձեն, Կուչման եւ Ակաեւը, տապալվել են այդ եղանակով»:

Վենսան Ժովերը նկատում է, որ Դեմեշի նկարագրածը միայն տեսություն է: Որպեսզի տեղեկանանք, թե ինչպես է գործնականում դա կիրառվում, լսենք սերբ Պոպովիչին: 32 տարեկանում նա դարձավ 21-րդ դարի առաջին հեղափոխական շարժման ղեկավարը. 2000 թ. հոկտեմբերին նրա «Օտպոր» (դիմադրություն) շարժումը առանց արյան կաթիլի տապալեց Միլոշեւիչին: Այդ ժամանակից ի վեր խորհուրդներ ստանալու նպատակով Պոպովիչին դիմում են աշխարհի տարբեր երկրներից, անգամ Զիմբաբվեից: Եվ որպեսզի բավարարի պահանջարկը, երիտասարդ սերբը բացել է «Կանվաս գրուպ» անունով հեղափոխությունների «արտահանման» բյուրո: «Սա մասնավոր բիզնես է», խոստովանում է նա, սակայն չի ցանկանում ասել, թե ինչքան է տարեկան վաստակում:

«Ինչպես ասել է Լենինը, հեղափոխության հաջողության համար անհրաժեշտ է երեք բանՙ կազմակերպվածություն, կազմակերպվածություն եւ նորից կազմակերպվածություն: Ես ավելացնելու բան ունեմՙ անհրաժեշտ է երիտասարդություն, երիտասարդություն եւ երիտասարդություն: Ինչո՞ւ: Որովհետեւ երիտասարդներն էնտուզիաստներ են, նրանք խիզախ են, չունեն երեխաներ, աշխատանք, հարստություն, նրանց ոչնչով չես կարող վախեցնել... Ցույցերի ընթացքում, որոնք խոստանում են ավարտվել բախումներով, առաջին շարքում կանգնեցրեք երիտասարդ աղջիկների սպիտակ վերնաշապիկներով: Եվ սպասեք ոստիկանության գրոհին: Էֆեկտը երաշխավորված է. առաջին մի քանի հարվածներից հետո վերնաշապիկների վրա կլինի մի քիչ արյուն կամ, ցավոք, շատ: Եվ ստացվում են փայլուն կադրեր, որոնք ցուցադրվում են ամբողջ աշխարհի էկրաններից: Վարչակարգը հեղինակազրկված է»:

Պոպովիչն ասում է, որ ընտրություններից շատ առաջ պետք է ձեւավորել խիստ շահագրգիռ երիտասարդների խմբեր, որոնք եւ կդառնան հեղափոխության գործիքը: 30-ամյա սերբ Ալեքսանդր Մարիչը, որը «Օտպորի» մեկ այլ վետերան առաջնորդներից է եւ բիզնեսի հարցում արդեն մրցակցում է Պոպովիչի հետ, անհրաժեշտ է համարում հեղափոխական բրիգադի համար ընտրել կարճ եւ հնչեղ անուն: 2003 թ. գարնանը Սորոսի հիմնադրամը Ալեքսանդր Մարիչ անունով երիտասարդին գործուղում է Վրաստան, որը պետք է դառնար վրաց հեղափոխականների խորհրդատուն: Առաջին 20 վրաց երիտասարդ «գվարդիականները» անուն ընտրեցինՙ «Կմարա» (հերիք է): Մեկ գիշերում Թբիլիսիի եւ տասնյակ այլ քաղաքների փողոցների շենքերին փակցվեցին հարյուրավոր պլակատներ «Կմարա» մակագրությամբ: Մեկ օր անց ամբողջ Վրաստանը խոսում էր «Կմարայի» մասին:

Երրորդ կարեւոր հանգամանքն էՙ ինչպես փող հայթայթել, քանի որ երիտասարդ հեղափոխականներին անհրաժեշտ են հազարավոր թռուցիկներ, շապիկներ, ձեռքի հեռախոսներ, պլակատներ եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ: Անհրաժեշտ է մի քանի միլիոն դոլար: Նման գումար կարելի է գտնել միայն արտասահմանում: Տեղի հարուստները սկզբնական շրջանում հրաժարվում են ֆինանսավորելՙ չցանկանալով փչացնել հարաբերությունները ղեկավարության հետ: Այդ պատճառով անհրաժեշտ է գումար հայթայթել արտասահմանում, առաջին հերթին Վաշինգտոնում: Ընդունված կարծիք է, որ այս հարցում եվրոպացիները վախկոտ են, դանդաղաշարժ եւ ժլատ: Հեղափոխությունների համար փող տրամադրում են առաջին հերթին ամերիկացիները, նաեւ անգլիացիները, հոլանդացիներն ու լեհերը:

Վենսան Ժովերը գրում է, որ ուկրաինական հեղափոխությունը կազմակերպելու համար գումարներ են տրամադրել USAID, National Endowment for Democracy, International Republican Institute եւ Freedom House ամերիկյան կազմակերպությունները:

Չորրորդՙ անհրաժեշտ է հավաքագրել հեղափոխության հնարավոր շատ ակտիվիստների: Առաջին գումարները ստանալուց հետո «գվարդիականներն» ուղեւորվում են երկրի նահանգներ եւ բացատրական աշխատանքներ տանում, որ հաջողվել է իրենց երկրներում տապալել դիկտատորներին: Օրինակ, սերբ Սինիշա Սիկմանը միշտ արտասահմանյան ուղեւորությունների մեջ է, մասնավորապես անցյալ տարի եղել է Բելառուսում: Սովորաբար հեղափոխության նախապատրաստական հավաքներն անցկացվում են պիոներական ճամբարներում, բացօթյա տարածքներում, սարսափելի վատ կահավորված սենյակներում: Վրացի «գվարդիականներից» Գեորգի Կանդելակին հիշում է, որ «Կմարայի» 700 ակտիվիստները առաջին հավաքն անցկացրել են Թբիլիսիի մերձակա պիոներական ճամբարներից մեկում: Այսօր վրացուհի Քեթի Կոբիաշվիլին ամենափնտրված խորհրդատուներից է ԱՊՀ տարածքում: Նա արդեն հասցրել է ղազախ երիտասարդներին ծանոթացնել հեղափոխական որոշ գաղտնիքների եւ այդ նպատակով Սորոսի տրամադրած գումարներով ուղեւորվել է Ալմաթի:

Նախահեղափոխական 5-րդ կարեւոր պահը հասարակական կարծիքի ձեւավորումն է: «Գվարդիականներն» իրենց հանդիպումներում ժողովրդի լայն շրջանակներին բացատրում են, թե ինչու է անհրաժեշտ մասնակցել ընտրություններին, ազատվել կոռումպացված եւ դիկտատոր վարչակարգերից: 6-րդՙ հեղափոխությանը նախորդող ամիսներին անհրաժեշտ է մայրաքաղաքի եւ գավառական քաղաքների փողոցներում կազմակերպել էֆեկտիվ գործողություններՙ առանց բռնություններ կիրառելու: 7-րդՙ անհրաժեշտ է հեղափոխական խմբերը պահպանել հնարավոր պառակտումներից: Սերբ Միլոշ Միլենկովիչը բելառուս եւ ադրբեջանցի հաճախորդներին սովորեցնում է ընդհատակյա գործունեության նրբությունները:

Եվ ամենակարեւորըՙ անհրաժեշտ է սովորել «վախի կառավարման տեխնիկան»: Միլենկովիչը բացատրում է. «Ցույցերի ընթացքում երիտասարդները երբեք չպետք է իրենց զգան մեկուսացված, նրանք պետք է միշտ միմյանց հետ ունենան ֆիզիկական կապ: Անհրաժեշտ է նաեւ, որ ցույցի ընթացքում միասին բարձրաձայն երգենՙ չզգալու ոստիկանության եւ բանակի անհանգիստ աղմուկը: Անհրաժեշտ է երիտասարդներին նաեւ բացատրել, որ ձերբակալությունը ողբերգություն չէ»:

Հետխորհրդային տարածքում նոր հեղափոխությունների նպատակով Կիեւում կենտրոն բացելու ծրագրեր կան: 2005 թ. փետրվարին ուկրաինացի Վլադիսլավ Կասկիվն իր նախագիծն անձամբ ներկայացրել է Ջորջ Բուշին. «Ես նրան ասացի, որ ցանկալի կլիներ այս կենտրոնի համակարգումը ստանձնեին այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Վացլավ Հավելը, Լեխ Վալեսան կամ Մադլեն Օլբրայթը»:

Վենսան Ժովերն իր վերլուծականում փորձել է պատասխանել մի քանի կարեւոր այլ հարցերի: Առաջինՙ «գվարդիականները» Վաշինգտոնի սովորական գործակալնե՞րն են, ինչպես փորձում են ներկայացնել Կրեմլում եւ այլ վայրերում: Պատասխանը «ոչ» է: Ճիշտ է, նրանք աշխատում են ամերիկյան կազմակերպություններում, կիսում են քեռի Սեմի արժեքներըՙ ժողովրդավարությունը եւ դոլարը: Եվ վերջապեսՙ Սպիտակ տունը նրանց օգտագործում է որպես զինվորների աշխարհաքաղաքական շախմատային իր խաղում: Հարց երկրորդՙ ԱՊՀ տարածքում հեղափոխություններն իրականում ժողովրդակա՞ն էին, թե՞ իրականացվեցին մի քանի ակտիվիստների ջանքերով: Իրականում ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը: Ակնհայտ է, որ ժողովրդին արթնացնելու համար նրանք կարեւոր դեր են կատարում: Սակայն, մյուս կողմից, առանց հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր դուրս էին եկել Կիեւի կամ Թբիլիսիի փողոցներ, հեղափոխությունն անհնար կլիներ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4