Կստեղծվի այս տարվա դեկտեմբերին
Համաշխարհային բանկը շարունակում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագիրը: Ըստ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի, սա նշանակում է, որ հնարավորություն կստեղծվի ավելի արդյունավետ աջակցություն ցույց տալու տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացմանը: Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ 2002 թ. սկսված եռամյա ծրագիրը երկարացվել է մինչեւ 2006 թ. դեկտեմբեր: Եթե մինչ այսօրՙ առաջին փուլում, ծրագիրը նպաստում է ՏՏ ոլորտի զարգացմանը, ապա այս փուլում հիմնական ուղղությունը, լինելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող մոդելի ստեղծումը: Նա նշեց, որ առաջիկա 1,5 տարում չեն փոխվի գործունեության հիմնական ուղղություններըՙ կշարունակեն բիզնես խորհրդատվություն եւ ձեռնարկատիրական աջակցության ծրագրեր իրականացնել: Այժմ տեխնոլոգիական առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման բանակցություններ են գնում: Այս ամենը կիրականացվի ծրագրի սկզբում նախատեսված 5 մլն դոլար վարկի շրջանակներում:
Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին են հատկացրել 2000 քմ տարածք, որտեղ, բացի հիմնադրամից, հնարավորություն կունենան աշխատելու եւս մոտ 15 կազմակերպություններ, որոնք կօգտվեն հիմնադրամի ստեղծած ենթակառուցվածքներից: Հիմնադրամի տնօրենի հավաստմամբ, այսօր ուսումնասիրություններ են կատարվում բիոտեխնոլոգիայի, ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության եւ հարակից այլ ոլորտներում նմանատիպ մոդելներ ստեղծելու համար:
Փոխնախարար Տիգրան Դավթյանը կարեւորեց ՏՏ ոլորտի վիճակագրության ճշգրտումը: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին վերաբերող տվյալներ են հայտնում վիճակագրական ծառայությունում, տեղական եւ միջազգային կազմակերպություններում, սակայն չկա համընդհանուր ուսումնասիրություն եւ տվյալների միասնական համակարգ: «Քանի որ գործ ունենք վիրտուալ համակարգի հետ, դժվար է հաշվարկել արտադրության, արտահանման ու ներմուծման, ներդրումների ծավալները, ասաց նա: Վիճակագրական ծառայության, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ուժերով այս տարվա երկրորդ կիսամյակից փորձելու ենք առանձին հատված ունենալ վիճծառայության տվյալներում, գործող բոլոր կազմակերպություններին բերել վիճակագրության դաշտ»:
Փոխնախարարի հավաստմամբ, հիմնական խնդիրն այն է, որ արտասահմանյան խոշոր կազմակերպությունների հայաստանյան մասնաճյուղերը, Հայաստանում նոր ստեղծվող կազմակերպությունները տեղյակ էլ չեն վիճակագրության դաշտում գրանցման անհրաժեշտության մասին: «Երբ զրուցում ենք, նրանք հիմնականում համաձայնում են եւ գրանցման մեջ որեւէ խնդիր չեն տեսնում», ասաց փոխնախարարը: Վիճակագրական համակարգի ստեղծման գործում հայաստանյան կողմն ակնկալում է Համաշխարհային բանկի օժանդակությունը: Ենթադրվում է, որ ՀԲ-ն կառավարությանը կտրամադրի համակարգի ստեղծման համապատասխան տեխնոլոգիաներ:
Հուրախություն Հայաստանում գործող հաշվապահների. այս տարվա հոկտեմբերից կկիրառվի հաշվետվությունները էլեկտրոնային փոստով ուղարկելու պիլոտային ծրագիր: 2006 թ. հունվարից այն կգործի խոշոր հարկատուների համար, իսկ 2007 թ.-ից կտարածվի բոլոր հարկատուների վրա:
Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ծրագրավորման բաց մրցույթ, որի առաջին փուլի հաղթողները կմասնակցեն Արցախում կազմակերպվող դասընթացներին, իսկ սեպտեմբեր-նոյեմբերը հարուստ կլինեն ոլորտի վերաբերյալ միջազգային կոնֆերանս-քննարկումներով, ցուցահանդեսներով:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ