ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԻՆՖՈ: Նախօրդ գիշեր ավտովթարի զոհ է դարձել Հայաստանի ոստիկանության նախկին մամուլի քարտուղար Արտակ Վարդազարյանը: Այդ տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում:
Արտակարգ իրավիճակների վարչությունից ստացված տեղեկության համաձայն, վթարը տեղի է ունեցել նախորդ գիշեր, ժամը 02:15-ին, Մյասնիկյանի պողոտայումՙ «Վալենսիա» ռեստորանային համալիրի մերձակայքում: BMW մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Արտակ Վարդազարյանը, բախվել է էլեկտրասյանը: Արտակ Վարդազարյանը (1955 թվականի ծնված) տեղում մահացել է: Մեքենայի ուղեւորըՙ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը (1953 թվականի ծնված), մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում, առայժմ վիրաբուժական միջամտության կարիք չի զգացվում: