Եվրոմիության սահմանադրության վերաբերյալ վերջերս Ֆրանսիայում եւ Հոլանդիայում անցկացված հանրաքվեների արդյունքների լույսի ներքո հունիսի 10-ին Տորոնտոյում (Կանադա) Զորյան ինստիտուտի կազմակերպությամբ տեղի է ունեցել պրոֆ. Ստեփան Աստուրյանի դասախոսությունը «Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցության ու Հայաստանի հետ նրա հետագա հարաբերությունների մասին», տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը:
Կալիֆոռնիա-Բարքլի համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսորի օգնական եւ Զորյան ինստիտուտի հայկական ուսումնասիրությունների ծրագրի գործադիր տնօրեն պրոֆ. Աստուրյանը հատկապես անդրադարձել է նոր կադրեր պատրաստելու եւ այդ առումով Զորյան ինստիտուտի կատարած բարենպաստ աշխատանքների կարեւորությանը, քանզի Թուրքիայիՙ Հայոց ցեղասպանությունն ընդունելու դեպքում մենք պատրաստ պետք է լինենք կատարելու հետագա քայլերը:
Դասախոսությունը կազմակերպելուն օժանդակել են Տորոնտոյի Հայ ավետարանական, Սուրբ երրորդություն եւ Սուրբ Մարիի առաքելական, Սուրբ Գրիգորի կաթոլիկական եկեղեցիները, ինչպես նաեւ ՀԲԸՄ-ի, Հայ դատի, Հայ ուսանողական ասոցիացիայի եւ մի շարք այլ կազմակերպությունների Տորոնտոյի մասնաճյուղերը:
Հ. Ծ.