«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ԵԹԵ ԲԱՆԱՁԵՎԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ» ՎԵՐՆԱԳԻՐԸ ԿՐԵՐ, ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԳՏՆԻ

Պնդում է Քրիստոֆ Բերգները

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ հունիսի 16-ին Գերմանիայի Բունդեսթագում «Հայերի կոտորածների» վերաբերյալ քվեարկությունը, գոնե այդ խնդրով հետաքրքրված տեղի հայկական կազմակերպությունների, նաեւ ՀՀ դեսպանության համար անակնկալ էր: Փոխարենը, դեռ ամիսներ առաջՙ մասնավորապես ապրիլի 21-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին ընդդիմությանՙ ՔԴՄ-ՔՍՄ հայտարարության տեքստի քննարկումներից հետո, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ առաջնորդարանի նախաձեռնությամբ կազմված «Ապրիլ 24» խումբը հենց հունիսի 16-ի երեկոյանՙ 19.30-ին բանավեճ էր հրավիրել Բեռլինի Սաքսոնիա- Անհալտ երկրամասի ներկայացուցչությունում: «Ի՞նչ կհետեւի բունդեսթագյան քննարկումներին» վերնագրային հարցին զուգահեռ ներկաները փորձեցին պարզել, թե ինչո՞ւ Բունդեսթագում ընդունված որոշումը «ցեղասպանություն» բառից խուսափեց: Հարցին առաջին հերթին պիտի պատասխանեին օրենսդիրներըՙ Բունդեսթագի հրավիրյալ պատգամավորներ դոկտ. Քրիստոֆ Բերգները (ՔԴՄ-ՔՍՄ ՙCDU/CSU), Մարկուս Մեկելը (Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՙ SPD), Կանաչների ներկայացուցիչ Վայսհունը: Բանավեճը վարող գերմանահայ գրող, լրագրող Րաֆֆի Քանդյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում փոխանցեց, թե ընդունված որոշման վերաբերյալ եղել են բավական ծայրահեղ կարծիքներ. այսպեսՙ հրավիրյալներից Համբուրգի համալսարանի իրավաբանության դոկտ., պրոֆ. Օտտո Լուխտերհանդն, օրինակ, այդ որոշումը որակել է «շիզոֆրենիա»ՙ նկատել տալով վերնագրումՙ «կոտորածներ», հիմնավորման բաժնումՙ «ցեղասպանություն» տարբերությունները:

Դրան չհամաձայնելով պատգամավորները պատճառաբանել են, թե Լուխտերհանդը քաղաքական պատասխանատվություն չունեցող գիտնական է, հետեւաբար հեշտ է քննադատելը: Բունդեսթագի, քաղաքական գործիչների խնդիրը չէ ցեղասպանությունը ճանաչելը, քաղաքականությունն ուրիշ բան է, ասել են պատգամավորները, իսկ նրանցից հատկապես պարոն Բերգները հավաքվածներին հիշեցրել է 2000 թ.-ին Բունդեսթագ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին հայցադիմումի (հիշեցնենք, այն ժամանակ հայցադիմումը ներկայացրել էին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը եւ հայկական մի շարք այլ կազմակերպություններ, իսկ Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցությունիցՙ PDS-ից երբեմնի պատգամավոր Հինգսը փորձել էր այն օրակարգի նյութ դարձնել) անհաջողության պատճառը: Ըստ նրա, «ցեղասպանության ճանաչում» արտահայտությունն է եղել ձախողման գլխավոր պատճառը, եւ հիմա, այդ փորձից ելնելով, նախընտրել են այդ ձեւակերպումից խուսափել: Եթե բանաձեւը «ցեղասպանության ճանաչում» վերնագիրը կրեր, նույնիսկ իրենցՙ ՔԴՄ-ՔՍՄ-ի մեջ մեծամասնություն չէր գտնի, մեկնաբանել է նա: Կարող էինք ցեղասպանությունը դատապարտող օրենք ընդունել, բայց դրանից ի՞նչ շահ, ասել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հավելելովՙ մեր նպատակն է նպաստել երկու երկրների փոխըմբռնմանն ու երկխոսությանը, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն:

«Երկրորդ համաշխարհային պատերազմիՙ Գերմանիայի փորձից ելնելով իրատեսակա՞ն եք համարում այլ ավանդություններ ունեցող երկրի համար երկխոսության կայացումը» հարցին պատգամավորները պատասխանել են, թե միամիտ չեն եւ Թուրքիայի գործողություններին հետեւելով լավ հասկանում են, որ այդ երկիրը պարզապես ժամանակ է շահում, բայց իրենց հույսը երկրում կամ նրանից դուրս գտնվող պաշտոնական կեցվածքից հեռու այլախոհ պատմաբաններն են, ում հետ աշխատելու հնարավորություն կա: Այդ է պատճառը, որ Բունդեսթագի ընդունած որոշման տեքստում հստակ պահանջ է ձեւակերպվածՙ մեկ անգամ արդեն թուրքական իշխանությունների կողմից արգելված գիտաժողովն անցկացնելու:

Բունդեսթագի պատգամավորները պատասխան չեն տվել ներկաներից մեկի առարկություն պարունակող այն հարցին, թե որոշման տեքստում նշված էՙ «ուրիշ պառլամենտներ ՙ ասել է թե քաղաքական գործիչներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

Րաֆֆի Քանդյանիՙ պատգամավորներ Մեկելին եւ Վայսհունին ուղղված «ցեղասպանություն» բառից խուսափելու պատճառն արդյո՞ք թուրք ընտրողների քվեները չէին» հարցն էլ անպատասխան է մնացել: Բանավեճը վարողի. «Ինչո՞ւ հենց մեկ տարի առաջ այս ուղղությամբ շարժում սկսվեց» հարցին Բունդեսթագի Հարավկովկասյան խմբակցության ղեկավար Քրիստոֆ Բերգները պատասխանել է, թե տարածաշրջանում լինելով զգացել է բանաձեւի անհրաժեշտությունը:

Կարելի է ենթադրել, թե սա նախ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլ է, հետոՙ ԵՄ բազմաթիվ պետություններ արդեն ընդունել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ, եւ Գերմանիան չի կարող խուսափելով մեկուսանալ, պակաս կարեւոր չէ Թուրքիայի ԵՄ մուտքի նախապայման լինելու հանգամանքը, բացի դրանից Գերմանիան այն պետությունն է, որիՙ հրեաների հանդեպ ցույց տված քաղաքականությունը կարող է որպես մոդել կիրառվել:

Բունդեսթագի ընդունած որոշումն օրենքի ուժ չունի, հետեւաբար ի՞նչ կտա: Ըստ գերմանական կողմի, կարեւորն այն է, որ Հայոց ցեղասպանության մասին կգրվի ԳԴՀ պատմության դասագրքերում: Այստեղ հավելենք, թե ԳԴՀ 16 երկրամասերի գիտության, կրթության նախարարություններն անկախ են դասագրքերի եւ ծրագրերի իրենց ընտրության մեջ: Բունդեսթագի թելադրանքը ստիպողական բնույթ չի կարող ունենալ: «Ուրեմն ի՞նչ է հետեւելու», «Ազգի» հարցն ուղղենք վերլուծաբան, լրագրող Րաֆֆի Քանդյանին: Ըստ նրա, հավանական է, «որ երկրամասային նախարարությունները նյութը դասագիրք մտցնեն, բան մը, որ ներկայիս Բրանդենբուրգի երկրամասը կընե»:

«Ինչ կվերաբերի որոշման կարեւորության, ապա նկատի պիտի առնել, որ Բունդեսթագը երբեւէ նման քայլ չէ ըրած, ունինք պաշտոնական խաղաքարտ մը եւ կրնանք ասիկա զարգացնել», հայտնում է վերլուծաբանը: Գալով Գերմանիայի մեղսակցության մասին որոշման տեքստում առկա ձեւակերպումներին, պարոն Քանդյանը մեր ուշադրությունն է հրավիրում հետեւյալ փաստինՙ «Որքան որ չափավոր է Գերմանիո ինքնաքննադատությունը, ան իր երբեմնի զինակից Թուրքիո, երկիր, որ առհասարակ կխուսափի ինքնաքննադատությենե, հասցեին կուղղե բացահայտ կոչ մըՙ ընել նույնը»:

Թուրքիան, իհարկե, դեռեւս շատ հեռու է այդ կոչին հետեւելու պատրաստակամությունից: Փոխարենը համառ պահանջատեր է իրեն տված խոստումներին: 2005 թ.-ի ապրիլին, Բրեմենում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի խաչքար կանգնեցվեց: Թուրքական դիմադրությանն ի պատասխան քաղաքապետ Հեննինգ Շերֆը (սոցիալ-դեմոկրատ) խոստացավ հայ- թուրքական երկխոսություն կազմակերպել: Հունիսի 30-ին քաղաքապետի նախաձեռնությամբ հրավիրվեց թուրք - հայկական բանավեճ, որին ելույթով մասնակցում էր Հանովեր քաղաքի Թուրքիայի գլխավոր հյուպատոս տիկին Էմինե Բիրգեն Քեսօղլուն, նաեւ Ալի Սյոյլեմեզօղլուն, Մուստաֆա Չոլաքը, իսկ հայկական կողմիցՙ Րաֆֆի Քանդյանն ու Օտտո Լուխտերհանդը: «Հուշաքարը դնեինք ոչ թե Հանովերում, այլ Թուրքիայում», ասել է Րաֆֆի Քանդյանն ի պատասխան թուրքական կողմի կարծր դիրքորոշման: Բանավեճն էլ վկայել է, որ Գերմանիայում բնակվող թուրքական կողմը դեռ հեռու է այս երկրում իրեն ընձեռված բացառիկՙ ինտեգրվելու եւ սեփական պատմությունը վերընթերցելով սրբագրելու հնարավորությունից: Այդ է վկայել նաեւ քաղաքապետ Շերֆի հորդորըՙ քաղաքակիրթ աշխարհում (գերմանացիներս) տեղ գրավեցինք մեր պատմությանը քննական հայացք ուղղելուց հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4