ՀՀՇ-ն գործելու է սահմանադրական փոփոխությունների անցկացման դեմ
Վենետիկի հանձնաժողովի եւ ընդդիմության առաջարկները ՀՀ սահմանադրության փոփոխությունների առնչությամբ իշխանություններն ընդունում են: Ընդդիմության կեցվածքն էլ համապատասխանաբար փոխվում է: Այս համապատկերում ՀՀՇ-ն երեկՙ ՀՀ սահմանադրության հինգերորդ տարեդարձի օրը հայտարարեց. «Մեզ համար անընդունելի է այն ճնշումը, որն իրագործվում է ՀՀ հասարակության վրաՙ սահմանադրության փոփոխություններն անցկացնելու նպատակով: Անընդունելի է այն դեպքում, երբ այդ նույն եվրոպական կառույցները շատ հստակ գիտակցում են, որ ՀՀ-ում օրինական իշխանություն չի ձեւավորվել»:
Հայոց համազգային շարժումն առանձնապես չի մտահոգվում հայրենական քաղաքական անդաստանում իր ճանապարհը միայնակ թե զորակիցների հետ շարունակելու խնդրով: Կուսակցությունը փորձում է ազնվություն դրսեւորել. «Գտնում ենք, որ ռեալ քաղաքականությունը կարող է բերել նրան, որ միայնակ լինես, թե ոչ, պարտավոր ես արտահայտել քո գաղափարները, լինել ազնիվ: Եվս մեկ անգամ ապացուցում ենք, որ այդպիսին է ՀՀՇ-ն», այսպիսի պնդումով երեկ հրավիրած ասուլիսում հանդես եկավ Արարատ Զուրաբյանը:
ՀՀՇ-ի ազնվության ապացույցը սահմանադրության փոփոխությունները անժամանակ համարելն է: Այս դիրքորոշման հիմքըՙ ոչ լեգիտիմ իշխանությունների նման փոփոխություններ իրականացնելու ոչ իրավասու լինելը. «Ցանկացած սահմանադրություն, որն անցել է Եվրոխորհրդի փորձությունըՙ թույլ է տվել պետությանը մտնել ԵԽ, հնարավորություն ունի ժողովրդավարական գործընթացներն ամբողջությամբ իրագործելի դարձնել: Այստեղ պետք է լինի նաեւ իշխանությունների կամքը: Ցավոք, մեր հասարակությունն ականատեսն է, որ այս իշխանությունները ցանկություն չունեն ՀՀ-ն տանելու ժողովրդավարական ճանապարհով: Եվրոկառույցների ճնշումն էլ պայմանավորված է ոչ թե սահմանադրության, այլ իշխանությունների վատը լինելով», ՀՀՇ-ի կարծիքը հայտնեց Արարատ Զուրաբյանը: Կուսակցությունում վստահ են եղել նաեւ, որ փոփոխությունների քննարկման որոշակի հանգրվանում իշխանություններն ընդունելու են ընդդիմության եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները ու չեն բացառել ընդդիմության ներկայիս կեցվածքը: Վերջինը Զուրաբյանը համարում է ընդդիմության իրավունքը, բայց նաեւ «քաղաքական սխալ», որի մասին ՀՀՇ-ն չի պատրաստվում լռել եւ իր պարտքն է համարում իրազեկել հանրությանը, որ փոփոխությունների այս ճանապարհը ճիշտ չէ. «Այսպես ընթանալու դեպքում նրանց կհաջողվի անցկացնել այս փոփոխություններն ու հնարավորություն կունենան եւս մի անգամ առաջադրելու Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը», հավատացած են ՀՀՇ-ում: Իսկ սեփական ուղու ընտրությունը կուսակցությունը ճիշտ է համարում եւ մտահոգություն հայտնում հանրաքվեի անցկացման կապակցությամբ: «Նախկինում իշխանությունները կեղծելով ընտրություններըՙ արձանագրեցին, թե Հայաստանում 2 մլն 400 հազարից ավելի ընտրողներ կան: Մինչդեռ Հայաստանում այդքան բնակիչ անգամ չկա, եւ այսօր իշխանությունները, ակնհայտ է, սահմանադրության փոփոխություններն իրականացնելու համար պետք է գնան համատարած խախտումների», համոզմունք հայտնեց Արարատ Զուրաբյանը:
Իսկ Հայաստանում հստակ քաղաքական դաշտ ունենալու համար, Արարատ Զուրաբյանի պնդմամբ, պետք է ժամանակին հրապարակել ազգային անվտանգության ծառայության գործակալական ցանցում ներառված անձանց ցուցակը: Ի դեպ, նրա կարծիքով. «Հայաստանն այժմ էլ զերծ չէ գործակալական այն ցանցից, որն այն ժամանակ էլ ունեցել է խորհրդային պետության անվտանգության ծառայությունը: Այսօր էլ ՀՀ-ում, ինչպես եւ ողջ հետխորհրդային տարածքում, առկա է հսկայական գործակալական ցանց, որը չէր էլ դադարեցրել իր գործունեությունը եւ ծառայում է ռուսական շահերին»: Թե հայկական քաղաքական դաշտում որո՞նք են այդ ուժերը, Զուրաբյանը հարկ չհամարեց հստակեցնել, միայն պնդեց, որ ՌԴ-ի շահերը մեր երկրում արտահայտվում են այս իշխանությունների պահպանմամբ: Մինչդեռ, ըստ ՀՀՇ-ի, Հայաստանի զարգացման ճանապարհը հեռու է տարածաշրջանում Ռուսաստանի շահերի պաշտպան լինելու ուղուց:
ՀՀՇ-ն եւս մեկ անգամ փաստեց, որ ինքը հայրենական քաղաքական դաշտի այն ուժերից է, ովքեր դեմ են այսօրվա իշխանությունների հետագա գործունեությանը եւ հաստատակամորեն գործելու են սահմանադրության փոփոխությունների անցկացման դեմ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ