«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ՈԳԵԿՈՉԵԼՈՎ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ

Վանի հերոսամարտի 90-ամյակը նշվեց Թեքեյան կենտրոնում

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

Հայ ժողովրդի համար ճակատագրական պահեր շատ են եղել, երբ մի ողջ ժողովրդի լինել-չլինելու հարցն է առաջացել: Դժբախտաբար, կարելի է շատ այդպիսի իրողություններ հիշել: Եվ եթե որեւէ պատմաբան, որեւէ գրագետ փորձեր Ստեֆան Ցվայգի հանգույն հայ ժողովրդի ճակատագրական, ինչու չէՙ նաեւ աստեղային ժամանակները գրի առնել, ապա 1915 թվականի Վանի հերոսամարտը իսկապես պայծառ ժամանակ պիտի դիտվեր մեր կենսագրությունում:

Վանի հերոսամարտը հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման խոշոր իրադարձություններից է: Ուստի այդ իրողության ոգեկոչումը ոչ միայն պատմությունը վերհիշելու եւս մեկ պատեհ առիթ է, այլեւ ներկա ու ապագա ժամանակների մեջ հաստատուն տեղավորվելու, հպարտությամբ կանգնելու ձգտման հաստատում: Այս միտումն էր հետապնդում Թեքեյան կենտրոնում օրերս կազմակերպված Վանի հերոսամարտի 90-ամյակին նվիրված երեկոն, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը եւ «Վան-Վասպուրական» հայրենակցական միությունը:

Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը, կարեւորելով պատմական այս իրադարձությունը, նշեց, որ Վանի հերոսամարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ թուրքերն արդեն սկսել էին հայերի ջարդերը եւ նախապատրաստվում էին կոտորել Վանի ամբողջ հայությանը:

Մինչեւ պատերազմը Վանն ուներ մոտ 23 հազար հայ բնակիչ: Պատերազմի սկզբինՙ 1914 թվականին, հարկադրաբար այնտեղ ապաստանեցին նաեւ շրջակա գավառների հազարավոր հայեր: 1915 թվականի ապրիլին քաղաքում կուտակվել էր ավելի քան 70 հազար հայ:

Ջարդերից խուսափելու միակ միջոցը դիմադրությունն էր: Ընդհանուր վտանգի դեմ հանդիման միասնաբար ու համերաշխ գործեցին ազգային կուսակցությունների ներկայացուցիչներըՙ մի կողմ թողնելով տարաձայնությունները: Ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար կազմվեց միասնական զինվորական մարմին, որը գլխավորեց ռամկավար Արմենակ Եկարյանը:

Մարտական գործողություններն սկսվեցին ապրիլի 7-ին: Առաջին տասնօրյակը հայերի օգտին էր: Ինքնապաշտպանության երկրորդ տասնօրյակն ընթացավ ծանր մարտերով: Թշնամին անընդհատ համալրելով իր զորքն ու սպառազինությունը, շարունակում էր ռմբակոծել Վանը: Սակայն թուրքերը այդպես էլ չկարողացան ընկճել քաղաքի պաշտպաններին: Հայ մարտիկները հրդեհեցին թուրքական բռնապետության վերջին հենակետըՙ Հաջի Բեքիրի զորանոցը: Իսկ երբ թուրքերն իմացան, որ ռուսական առաջապահ զորամասերը եւ հայ կամավորական գնդերը մոտենում են Վանին, խուճապահար դիմեցին փախուստի: Վանի բերդի վրա բարձրացվեց հայկական հաղթական դրոշը: Կարելի է ասել, որ Վանի հերոսամարտը Մեծ եղեռնի ժամանակներում հաղթական ավարտ ունեցավՙ հօգուտ հայերի:

Այս փաստերի մասին խոսեց երեկոյի բանախոսըՙ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը, ով երկար տարիներ ղեկավարում է «Վան-Վասպուրական» հայրենակցական միությունը:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը ողջունելով հավաքի մասնակիցներինՙ իր խոսքում շեշտեց հայ ոգու հզորությունը, որը եւ եղավ Վանի հերոսամարտի հաղթանակի հիմնական գրավականը:

Տկարության պատճառով հավաքին ներկա չէր ծագումով եւ ոգով վանեցի, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, որի գրավոր խոսքը հավաքի մասնակիցներին ներկայացրեց ասմունքող Սվետլանա Խանումյանը. «Թանկագին հայրենակիցներ, գրել էր բանաստեղծուհին, ցավում եմ, որ տկարության պատճառով չեմ կարող ներկա լինել ձեր հանդիսությանը: Մեր սիրելի ասմունքողուհի Սվետլանա Խանումյանի միջոցով ձեզ եմ փոխանցում իմ սրտագին ողջույնները եւ շնորհավորում Վանի պանծալի հերոսամարտի 90-ամյակի առիթով, մի հերոսամարտ, որը ցայտուն վկայությունն է, թե ինչպես աշխատասեր, իր հող ու այգուն, իր արդար արհեստներին նվիրված մի ժողովուրդ կարող է ոտքի կանգնել, ինքնամոռաց կռվել ու հերոսանալ, երբ որ թշնամին սպառնում է իր հող ու այգուն, իր կնոջն ու երեխաներին, իր գոյությանը: Վանի հերոսամարտը բաղկացուցիչ մասն է մեր ազգի պատմական հիշողության եւ դրանով իսկ կապրի հավերժ ու իր օրինակով կապրեցնի սերունդներին: Ուրեմն հպարտ լինենք մեր բնաշխարհ Վան-Վասպուրականով, նրա ազնիվ կերպարով, սիրենք ու փայփայենք նրա հիշատակըՙ մի օր այնտեղ վերադառնալու անթառամ հույսով...»:

Հավաքը ողջունեցին «Վան-Վասպուրական» հայրենակցական միության ԱՄՆ-ի մասնաճյուղի (Լոս Անջելես) նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ԱԺ նախագահին առընթեր հայրենակցական միությունների խորհրդի ներկայացուցիչ Դավիթ Ալեքսանյանը եւ ուրիշներ: Հանդիսության մասնակիցները եւս մեկ անգամ հաճույքով ունկնդրեցին Ջիվան Գասպարյանին: Վարպետի նվագը հուզեց բոլորին:

Մեզ հետ զրույցի ժամանակ արժանապատիվ Տաճատ ավագ քահանա Դավթյանը (Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց շարժման ավագ խորհրդատու, հոգեւոր ճեմարանների դասատու) նշեց, որ ամեն մի ժողովուրդ, ամեն մարդ պիտի հիշի իր պատմությունը: «Եթե մենք կորցնենք մեր հիշատակները, նշեց տեր հայրը, ապա կկորցնենք մեր ազգային գիտակցությունը: Տարիների ընթացքում, երբ կարդացի մեր պատմությունը, հասկացա, որ մենք նապաստակ ժողովուրդ մը չենք: Մեզ համար համակարգիչներից, բարդ ծրագրերից առավել պետք է մեր պատմությունը, որ ազգը կապրեցնե»:

Տեր հոր խոսքի իմաստը թեւածում էր Թեքեյան կենտրոնում կազմակերպված եւ հաջողված երեկույթի ժամանակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4