«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԻՐՈ ՃԱՄՓՈՐԴԸ

Նշվեց Մհեր Մկրտչյանի ծննդյան 75-ամյակը

Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն էր. լրացավ նրա ծննդյան 75-ամյակը: Հայաստանի թատերական գործիչների միությունում եւ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում նշվեց այս իրադարձությունը: Առանց պարտադրանքի, առանց հրահանգի նշվեց նաեւ արտիստի ծննդավայրումՙ Գյումրիում: Գոնե մեկ օրով մենք կրկին հիացանք նրա արվեստով: Ավա՜ղՙ իր բացակայությամբ, թեեւ սրբապղծություն է Մհեր Մկրտչյանի նման մարդկանց երբեւէ բացակա նշանակելը: Տոնակատարություններին խոսեցին մարդիկՙ նրա բարեկամները: Եվ սա այն բացառիկ օրերից մեկն էր, այն բացառիկ իրադարձությունը, երբ չարակամներ չեղան: Իր հողեղեն երեւույթի ժամանակ բոլոր չարակամները պարտվեցին, թեեւ նրանցից ոմանք դեռ այսօր էլ իր մասին հուշեր են գրում ու պատմում:

Զարմանալի էություն էր. բոլորին դարձնում էր բարեկամ, բոլորն իր մասին խոսում էին ու խոսում սիրով: Ու, ահա, այս սերը, այսպիսի մեծությանն անչափ մոտ լինելն է խանգարում, որ մինչեւ օրս (գոնե 1993 թվականի դեկտեմբերի 28-ից հետո) իրեն արժանի գիրքը չի գրվել, իր մասին իրեն արժանի ֆիլմ չի ստեղծվել: Ով ինչ արել էՙ արել է ուժերի գերագույն լարումով: Սա էլ իր բացատրությունն ունի: Ինչպես ինքն էր ասումՙ «Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետեւ շրջապատում միջակություն է, տաղանդավորին, շնորհքովին չեն հասկանում ու չեն ներում»:

Հազարավոր հոդվածներ են գրվել նրա մասին, գրքեր են ստեղծվել, սակայն, կարծում ենք, նրա կերտած գոնե երկու կերպարՙ Սիրանոն (Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակում») եւ Էմաբլը (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը») լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն: Եթե նրա Սիրանոն շատ կարճ կյանք ունեցավ, ապա հացթուխը շատ ավելի երկար ժամանակ բեմ դուրս եկավ իր իսկ ստեղծած եւ այժմ էլ իր անունով կոչվող թատրոնում: Եվ պատահական չէ, որ ե՛ւ իր թատրոնում, ե՛ւ թատերական գործիչների միությունում, ե՛ւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում կայացած հանդիսությունների ժամանակ ցուցադրվեցին «Հացթուխի կինը» պիեսի բեմադրության տեսաֆիլմերը: Փառք Աստծո, արվեստի նվիրյալ Գուրգեն Գադաչիկի շնորհիվ մենք միշտ էլ հնարավորություն ունենք եւ կունենանք Մհեր Մկրտչյանի այս հզոր ողբերգությամբ մեր տամկացած հոգիները վերազարթնեցնելու:

1992 թվականի հունիսի 26-ին, երբ «Հացթուխի կինը» պիեսի բեմադրության փորձերը դեռ չէին ավարտվել, երբ օրուգիշեր աշխատում էրՙ բեմադրությունն ավարտելու համար, ասաց. «Այս պիեսը մի քանի անգամ բեմադրել եմ Լոս Անջելեսում, Սաթամյանի խմբի հետ»: Փորձն ուներ արդեն եւ ցանկանում էր իր թատրոնում առավել կատարյալ ներկայացնել մի մարդու կերպար, ով անսահման հավատում է եւ ում խաբում են, ով սիրում է եւ ում խաբում են: Բայց, միեւնույն է, նա շարունակում է սիրել:

Բազմաթիվ հիացական կարծիքներ եմ գրի առել այս բեմադրության ներկայացման եւ նրա ստեղծած հացթուխ Էմաբլի կերպարի մասին: Դրամատուրգ, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանն անչափ նուրբ դիտարկում ունի. «Սեփական թատրոնում իր հանդիսատեսի առաջ Մկրտչյանը ձերբազատվեց ամեն ինչից եւ ամենքից ու եղավՙ ինչ եղել է ու կա: Նա կարողացավ ողջ ներկայացման ընթացքում իր վրա պահել բոլորի հայացքներն ու մտքերը: Մի ամբողջ ներկայացում, եւ նա ողջ դահլիճի տերն էր եւ ստիպում էր իր հետ սիրել, ատել, գժվել: Նա բոլորին ստիպում է հացթուխ դառնալ. մի՞թե դա չէ ամեն մի դերասանի երազանքը: Նրա հագուստը ե՛ւ Ռոմեո է, երբ գիշերվա մեջ հնչում է սերենադը, եւ Պաղտասար է, երբ չի կարողանում հարմարվել անկողնում, եւ Օթելլո է, թեւ չի խեղդում, բայց սպանում է սիրած կնոջ դավաճանությունը կատվին մեկնած կաթի ափսեով: Իսկ երբ նրա հացթուխը քնի մեջ բռնում է հովվի հետ փախչել պատրաստվող Օրելիի փեշը, դու հավատում ես, որ այո, Մկրտչյանի հերոսը ոչ միայն կարող էր, այլեւ պետք է այդպես վարվեր, որովհետեւ դա դերասանի այն խենթությունն է, որը սովորականը դարձնում է հրաշք: Իսկ ընդմիջմանը կողքս նստած անծանոթ կինն իր ընկերուհուն խոստովանեց. «Երբ նա բռնեց կնոջ փեշը, ես սարսափած վեր թռա, թվացՙ իմ փեշից է բռնել: Ես եմ փախչողը»: Ու ես հասկացա, որ միայն ես չէի Օրելիի դերում, այդ երեկո շատ-շատերին հացթուխը գերել-դարձրել էր իր Օրելին...»:

Այո, Մհեր Մկրտչյանի Էմաբլը հազվագյուտ նվաճում է եղել մեր թատրոնի համար: Անգամ անվերջ ռացիոնալացվող մեր ժամանակներում Մկրտչյանի ստեղծած այս կերպարը հոգեւոր հզոր լիցք է հաղորդում մարդուն: Ինչպես նաեւՙ նրա Սիրանո դը Բերժըրակը, Պաղտասար աղբարը, Բարոնը, ինչպես... նրա շատ ու շատ կերպարներ:

Նա կիսատ բաներ չէր սիրում, չէր կարող լինել կիսատոնի վրա: Նա անվերջ վառվում էր եւ վառվում էր ամբողջությամբ: Ինչպես եղավ կյանքում:

Տագնապ ուներ մեջը, տագնապ մեր բոլորի համար. «Սերը պակասել է, ասաց մի օր, սերը չկա: Ատելությամբ ինչ-որ բան կարող ես անել, գուցե շատ բան, բայց այնպիսի բան չկա, որ սերը չանի»:

Այս օրերին մենք նորից զգացինք Մհեր Մկրտչյանի սերը:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4