«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՍԿՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Բեյրութ

Օրերս Բեյրութում մեծ հանդիսությամբ նշվեց Հայկազյան համալսարանի 50-ամյակը: Հայ կրթական երեւելի օջախը Հայաստանից դուրս հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Հիմնադրվելով 1955-ին եւ սկզբնական շրջանում կոչվելով Հայկազյան քոլեջ, իր բարձր կրթական մակարդակի, ուսումնական, կազմակերպչական, ստեղծագործական լայն ծիրի գործունեության շնորհիվ 1966 թ. մարտի 25-ին Լիբանանի կրթության նախարարության կողմից ստանում է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ, իրավունք ձեռք բերում իրականացնելու կրթական ծրագրեր մագիստրոսի աստիճանի համար, իսկ հետագայում կոչվել է Հայկազյան համալսարան:

Ուշագրավ է, որ մինչեւ 1915 թ. Եղեռնը Փոքր Ասիայում գործում էր 8 քոլեջ: Ցեղասպանությունից, հայերի տեղահանությունից հետո փաստորեն Հայկազյան համալսարանն իր տեսակի մեջՙ հայրենիքից դուրս գործող միակ կրթական հաստատությունն է: Այսօր Հայկազյան համալսարանի չորս բաժիններում սովորում են շուրջ 800 սաներ, նրանց թվում նաեւ այլազգիներ:

Հիմնադրվելով Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերության (ԱՀԱԸ) եւ Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանչական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) կողմից, Հայկազյան համալսարանը որդեգրել է ԱՄՆ-ի կրթության մոդելը: Որպես դասավանդման լեզու կիրառվում է անգլերենը: Արվեստների, գիտության այլազան ճյուղերից զատ, հատուկ ուշադրություն է դարձվում կրոնագիտությանը:

Ինչպես նշվում է Հայկազյան համալսարանի ծրագրերում, քրիստոնեական ժառանգության առաջընթացի համար համալսարանն ապահովում է հոգեւոր կյանքի գործունեություն էկումենիկ մթնոլորտում: Կրոնական եւ փիլիսոփայական բաժինն առաջարկում է դասընթացներՙ ուսանողներին հնարավորություն տալով արտահայտել իրենց հավատքի համակարգերը:

Համալսարանի արմատները, ինչպես նշում է ծրագիրը, կապված են ոչ միայն եկեղեցու եւ համայնքի, այլեւ սեփական ժառանգության հետ: Համալսարանի հայկական կողմնորոշումը դրսեւորվում է հայոց լեզվի ուսումնասիրության բաժիններում, որը տալիս է այս ասպարեզի կրթական աստիճան եւ կոչված է ապահովելու հայ գրականության, պատմության, քաղաքականության եւ մշակույթի պատշաճ պրոֆեսիոնալ հիմքեր: Հիշյալ բաժանմունքը նաեւ սատար է լինում հայկական գրադարանին, հրատարակում է հայերեն ուսումնասիրություններ, կազմակերպում հանրային դասախոսություններ եւ մշակութային ձեռնարկներ:

Այս տարի Հայկազյան համալսարանի շրջանավարտների հանդիսավոր երեկոն համընկավ բուհի հիմնադրման 50-ամյա հոբելյանի արարողությանը: Այն խոշոր իրադարձություն դարձավ լիբանանյան հոգեւոր կյանքի կալվածքում: Հայ համբավանուն կրթական օջախի պատերի ներքո հյուրընկալվել էին Հայաստանի եւ Լիբանանի բարձր պաշտոնյա պետական այրեր, հոգեւորականներ, մտավորականներ ի թիվս Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, նախարար Պասսամ Էամիի, խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու, վարչապետի ներկայացուցիչ, նախարար Մոհամեդ Ժաուատ Խալիֆեի, կրթության նախարարության ներկայացուցիչ Ահմեդ Ժամմալի, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերյանի, Հայ կաթողիկե պատրիարքության ընդհանուր փոխանորդ Վարդան եպս. Աշգարյանի, Միջին Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Գարագյոզյանի, նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի:

Հատուկ հրավերով ներկա էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Հանդիսավոր արարողության բացմանը հնչած Լիբանանի պետական օրհներգից (Բեյրութի նվագախումբ եւ «Արմիս» երգչախումբՙ Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ), վերապատվելի Նշան Բաքքալյանի կատարած աղոթքից հետո բացման խոսքով հայերեն, արաբերեն, անգլերեն հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը:

Նշանավորելով Հայկազյան համալսարանի անուրանալի դերն ամբողջ հայ իրականության եւ մասնավորապես սփյուռքի հայապահպանման հարցում, Փոլ Հայտոսթյանը նշեց. «Կ՛ուզենք շնորհակալութիւն յայտնել Հայոց ցեղասպանութենէն վերապրող այն հայերուն, որոնք նահատակ Արմենակ Հայկազեանի յիշատակին կառուցեցին կրթական այս օջախը, որ բարձրագոյն ուսում կը ջամբէ լիբանանցի երիտասարդներուն, ինչպէս նաեւ զանազան մշակոյթներու եւ քաղաքակրթութիւններու երկխօսութեան կեդրոն կը հանդիսանայ»:

Իր ողջույնի խոսքում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հիմնավորապես անդրադարձավ Հայկազյան համալսարանի 50-ամյա ազգանպաստ գոյությանը, ուսումնական բարձր պրոֆեսիոնալ նկարագրին:

Բազմալեցուն դահլիճը հատուկ ոգեւորությամբ ու ջերմությամբ ունկնդրեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթը, որն առանձնակի էր թե՛ իր իմաստային շեշտադրումներով, թե՛ մատուցման բարձր հռետորական ձիրքով: Մեծապես արժեւորելով լիբանանյան հայ գաղութի դերը համայն հայ սփյուռքի հայապահպանման գործընթացում, Վարդան Օսկանյանը հակիրճ ու պատկերավոր ակնարկով անդրադարձավ Միջին Արեւելքի պատմական մի շարք փաստերին, 1967, 1975 թթ. իրադարձություններին: «Այսօր տեսնելով վերանորոգվող, շենացվող Բեյրութը, կայունացման, խաղաղության ձգտում եմ տեսնում, լուսավոր ապագա կերտելու միտում», շեշտեց Վ. Օսկանյանը: Անդրադառնալով գլոբալիզացիայի հարցին, արտգործնախարարը նշեց, որ «Համաշխարհայնացման այդ ընթացքը չպիտի բաժանի, անջրպետ ստեղծի հայրենիքի եւ սփյուռքի միջեւ, հակառակըՙ ավելի անքակտելի կդարձնի երկուստեք հարաբերությունները»: Առանձնակի նշանակություն տվեց պրն Օսկանյանը Երեւանի պետական համալսարանի փոխհարաբերություններինՙ մաղթելով դրանց առավել գործնական եւ բազմածիր ընթացք:

Արարողության յուրահատկություններից մեկն այն էր, որ Հայկազյան համալսարանի այս տարվա շրջանավարտներն իրենց վկայականները ստացան արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանից: Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը Վարդան Օսկանյանին ընծայեց Հայկազյան համալսարանի «Հուշանվեր վահանակը»: Մինչ այդ վահանակը, որպես խորհրդանիշ, Հայկազյանի կողմից ընծայված է եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիին:

Հայկազյան համալսարանի 50-ամյա հոբելյանի տոնական մթնոլորտը եզրափակեց «Alma Mater Haigazian» բուհին ուղղված ձոներգով: Եվ ներկաների մեջ դեռ երկար հնչում էին Փոլ Հայտոսթյանի խոսքերը. «Լինելով միակ համալսարանը հայ սփյուռքի մէջ, Հայկազեանը «որբ» մը չէ, այլ «կենդանի յուշարձան մը կեանքի աղբիւրին մէջ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4