«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը հուլիսի 8-ից սկսում է մշակութային փառատոն հանրապետության բոլոր մարզերում եւ Արցախում: «Պահպանենք մեր մշակույթը» խորագիրը կրող փառատոնի նպատակն է ազգային բազմաբնույթ մշակութային արժեքների ներկայացում, որտեղ ընդգրկված կլինեն երաժշտարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, կերպարվեստ եւ գրքերի ցուցահանդես-վաճառք, հանդիպումներ մշակութային գործիչների հետ եւ այլ միջոցառումներ:
Փառատոնն անցկացվելու է երեք փուլով: Առաջին փուլը կընդգրկի Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը, երկրորդըՙ Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, երրորդըՙ Արագածոտն, Լոռի, Շիրակ, Արցախ: Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա ուշ աշնանըՙ Երեւանում գալա-համերգով: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի պալատում, ժամը 18:00-ին, որին կմասնակցեն ղեկավար այրեր, հյուրեր եւ, իհարկե, Երեւանի ու մարզի լավագույն գեղարվեստական խմբեր, անհատ կատարողներ: Մշակույթի պալատի ճեմասրահում կբացվի կերպարվեստի ցուցահանդես-վաճառք, իսկ վաղ առավոտից մարզով կշրջի ՀՀ մշակույթի եւ երիտասարդական հարցերով նախարարության գրահրատարակչության գործակալության շրջիկ մեքենանՙ իրականացնելու գրքերի վաճառքը...
Փառատոնի ինֆորմացիոն հովանավորներն են «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք» օրաթերթերը, «Հ1», «Հ2», «Հայ TV», «Շողակաթ», «Արմենակոբ» հեռուստաընկերությունները, ժուռնալիստների միությունը: Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, ժուռնալիստների միությունում կկայանա հիմնադրամի մեկ տարվա գործունեությանը նվիրված հաշվետվություն եւ հանրապետական մշակութային փառատոնի մասին ամփոփ տեղեկատվություն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ