2001 թվին սկզբնավորված ՀԲԸՄ-ի «Focus 2005» շաբաթավերջյան միջոցառումը, որն ընդգրկում է մշակութային, մասնագիտական եւ հասարակական խաղեր, այս տարի տեղի կունենա Սաութ Բիչի (Ֆլորիդա) վուլֆսոնյան արվեստի եւ նախագծերի թանգարանի տարածքում հուլիսի 14-17-ը, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը հունիսի 11-ի համարում:
Առաջին օրըՙ հինգշաբթի, հուլիսի 14-ին «Հեռանկարներ» ծրագրի շրջանակներում երիտասարդ ձեռներեցներն իրենց հաջողությունների ու դժվարությունների մասին են զեկուցելու միմյանց եւ պատասխանելու ներկաների հարցերին: Ուրբաթ օրը մասնակիցները վայելելու են գեղատեսիլ լողափի հանգիստը, իսկ շաբաթ օրը «Աբբի» հյուրանոցում բացվելու է «Կիզակետում արվեստն է» բացառիկ ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանում ՀԲԸՄ-ի երեխաների կենտրոնների տաղանդավոր սաները: Նույն օրը երեկոյան «Մանդարին օրինտալ» հյուրանոցում կայանալու է գալա-համերգՙ մասնակցությամբ Ջոնի Ռուբյան նվագախմբի: Միջոցառումը եզրափակվելու է կիրակի օրը «Լյուս» հյուրանոցում:
Միջոցառման ընթացքում դրամահավաքից առաջացած գումարը տրամադրվելու է ՀԲԸՄ-ի հետագա կրթական ծրագրերին: