«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ՖՐԱՆՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԿՈՐՑՐԵՑԻՆ ԺՈՐԺ ՍԱՐՅԱՆԻՆ

Լուրն անսպասելի էր: Փարիզի հայկական ռադիոն գուժեց մահը հայ լրագրության անխոնջ մշակներից մեկիՙ Ժորժ Սարյանի: Ֆրանսահայ ամենաժողովրդական թերթերից «Աշխարհի» երկարամյա գլխավոր խմբագիրը, UCFAF-ի ու JAF-ի միշտ «երիտասարդ» ղեկավարներից ու գործիչներից մեկը հրաժեշտ է տվել հայությանը, բոլորից թաքուն պահելով անողոք հիվանդությունը, որից տառապում էր անշշուկ...

Նույն օրը նախապատրաստվում էի զանգահարել իրեն, ինչպես միշտ Փարիզ այցելության ժամանակ եւ... հանձնել իր գաղափարական ընկեր Ջորջ Հաուիի սպանության մասին հոդվածս:

Ժորժ Սարյանի ամբողջ կյանքը նվիրում էր հայությանը, մայր հայրենիքին, լրագրությանը, մշակույթին: Նա սիրված ու հարգված էր բոլոր կուսակցությունների ու հատվածների կողմից, միշտ անդավաճան մնալով իր ձախակողմյան գաղափարներին ու ընկերներին: Խ. Միության անկումից հետո երբեք «չկորցրեց» իրեն, մնաց պատնեշի վրա, ամեն ձեւով ու միջոցներով աջակցելով ֆրանսահայ երիտասարդությանըՙ օգնելու Արցախի ազգային-ազատագրական շարժմանը: Նա ակտիվ մասնակցություն բերեց Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին, խորհրդաժողովներ ու հանդիպումներ կազմակերպեց ֆրանսիացի առաջադեմ մտավորականների հետՙ արգելելու Թուրքիայի մուտքը Եվրոխորհրդարան: Մինչեւ իր կյանքի վերջին օրերը գրեց, ելույթներ ունեցավ, հայ գրքերի ցուցահանդեսներ կազմակերպեց ու պայքարեց: Նա երբեք ղեկավար աթոռներ, փառք ու ոսկի չտենչաց, այլ մնաց համեստ, հայրենիքի ու ժողովրդի զինվոր: Նա միացնող օղակներից էր Միսակ Մանուշյանի ու նրա գաղափարակիցների եւ 70-ական թթ.-ի Հայ դատի պահանջատեր սերնդի միջեւ: Եվ այդպես էլ մնացՙ սերունդների, գաղափարների համակեցությունը ապահովող մարդ:

Հողը թեթեւ գա վրադ, սիրելի գրչեղբայր:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Փարիզ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4