«Կիլիկիայում գրված ձիաբուժության վերաբերյալ այս գիրքն իսկական գիտական գանձ է», ասել է Զալցբուրգի (Ավստրիա) համալսարանի լեզվաբանական ինստիտուտի հայագետ-լեզվաբան դոկտ. Յասմին Դում-Թրագուտը, որը Վիեննայի անասնաբուժական համալսարանի գիտաշխատողների հետ համագործակցելով գերմաներեն է թարգմանել 13-րդ դարում (1295-98 թթ.) գրված, 184 ձեռագիր էջերից բաղկացած հայկական ձիերի մասին ամենահին ձեռնարկը: «Ձիերին բուժելու կիլիկյան արվեստը: Հայկական ժառանգություն» խորագրով գիրքը, ըստ այդ առթիվ հրատարակված մամուլի հաղորդագրության, բացի տեքստային թարգմանությունից, ընդգրկում է նաեւ մասնագիտական տերմինների բառարան եւ բացատրություններ: Գրքի բնագիրը գրվել է Կիլիկիայում լեզուների հմտությամբ փայլող մի հայ վանականի (դժբախտաբար, անունը չի նշվում) ու սիրիացի ձիաբույծի ջանքերով եւ համարվում է ամենահին ու ամենամասնագիտական ուսումնասիրությունը Մերձավոր Արեւելքում: Վիեննայի անասնաբուժական համալսարանի մասնագետները զարմացել են կարդալով այդ ժամանակվա դեղաբույսերի մասին, որոնք անհամեմատ ավելի առաջավոր են եղել, քան մեր գիտելիքներն այսօր: Այդ դեղաբույսերը Հայկական լեռնաշխարհում են աճել եւ օգտագործվել են բուժելու նաեւ մարդկանց հիվանդություններ:
Ծրագրի իրականացման երկուսուկես տարիներին դոկտ. Դում-Թրագուտը գրքում օգտագործված բառեզրերի ճշգրիտ իմաստը պարզաբանելու նպատակով բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ անասնաբույժների, ձիաբույծների եւ առհասարակ գյուղացիների հետ եւ պարզել, որ նրանք հիմնականում օգտագործում են բառեզրերի ռուսերեն կամ թուրքերեն տարբերակները, անհետ մոռացության մատնելով հայերեն տարբերակները:
Բացի գրքի թարգմանությունից, ավստրիացի հայագետ-լեզվաբանին ենք պարտական այդ հնագույն գրքում օգտագործված հայերեն բառեզրերը վերստին շրջանառության մեջ դնելու համար:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ