«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՍԻՐՈ՞

Բողոքականները գնել են ԱՄՆ նախկին դեսպանատան շենքը

Ասում են, որ ավետարանականները գնել են Երեւանում ԱՄՆ-ի նախկին դեսպանատան շենքը եւ հարակից տարածքը: Ըստ մեզ հասած, բայց դեռեւս չճշտված տվյալների, հայ բողոքականները մոտ 10 մլն-ի գումար են ծախսել Բաղրամյան պողոտայում գտնվող այս շենքի գնման համար:

Հայտնի է, որ ավետարանականները այստեղ են ոչ մեր սիրուն աչքերի, ոչ էլ Հայ առաքելական եկեղեցուն «քույրություն» անելու նպատակով: Չենք դրժում, որ նրանք Հայաստանում իրականացրել եւ շարունակում են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք որոշ մարդկանց հանում են աղքատության ճիրաններից, սակայն միաժամանակ ոչ ոք այլեւս չի կարող երաշխավորել օգնություն ստացած մարդկանց հոգեւոր հավատարմությունը Հայ առաքելական եկեղեցուն, որ հայ ժողովրդի միասնականության 1700-ամյա երաշխավորն է:

Ավետարանական կամ բողոքական եկեղեցին, որ որոշ հոգեւորականների մեկնաբանությամբ ոչնչով չի տարբերվում որեւէ աղանդից, քանի որ ունի դավանաբանական ու ծիսական մի շարք էական տարբերություններ եկեղեցուց, մուտք գործեց մեր երկիր երկրաշարժից ու ԽՍՀՄ փլուզումից հետո միմիայն մի նպատակով` միսիոներական քարոզչություն եւ, մեղմ ասած, հավատացյալների լուսավորություն (իսկ կոպիտ, բայց ճիշտ մեկնաբանությամբ` հոգեւորսություն): Ավետարանականները լայն տարածում ունեն Հայաստանի ու ԼՂՀ-ի մարզերում: Նրանք բացում են արվեստի մանկական տարբեր խմբակներ, բաժանում են բավականին որակյալ գրականություն, ինչպես նաեւ հայտնի կոշիկի տուփերն իրենց հայտնի հնամաշ պարունակությամբ:

Բողոքականները սիրում են կրկնել, որ մարդ-Աստված հարաբերությունները կարիք չունեն հոգեւորականի միջամտության, սակայն իրենք իրենց հակասում են, երբ իրենց իսկ վերապատվելիները կատարում են ծիսական խորհուրդներ, որոնք Հայ առաքելական եկեղեցում կատարում են հոգեւորականները: Մի կողմ թողնելով դավանաբանական մյուս հարցերը, փաստենք միայն, որ շատերի կարծիքով ավետարանականները կողմ են հավատացյալի մեկուսի լինելուն եւ զրկում են նրան խմբի, հավաքականության, ազգի եւ վերջապես հայրենիքի գիտակցությունից: Այս մասին է վկայում նաեւ հայ ավետարանչականների (ավետարանական եկեղեցու առանձնացված համայնք) գոյությունը, որոնց սեփականություն «Ավետիս» հեռուստաստուդիան, ոչ ավել ոչ պակաս, գնեց «Էջմիածին» հեռուստաընկերության կապուղին եւ մինչ օրս իրականացնում է իր քարոզչությունը կապույտ էկրաններից Արմավիրի եւ Երեւանի բնակչության համար: Այսպես թե այնպես, բողոքականները մեր մեջ են, եւ նրանց գլխադասային մասն արդեն հաստատվում է Բաղրամյան պողոտայում: Ասել է թեՙ նախագահի նստավայրին մոտիկ, «ա՛լ մոտ ըլլամ քեզի» սկզբունքով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4