Հայկական շախմատի տարեգրությունում մի նոր, փայլուն էջ գրվեց: Վարշավայում ավարտված շախմատի տղամարդկանց 6-րդ անհատական առաջնությունում չափազանց համառ ու անզիջում պայքարում Լեւոն Արոնյանը դարձավ բրոնզե մրցանակակիր, ինչի առթիվ շնորհավորում ենք երիտասարդ տաղանդավոր գրոսմայստերին:
Ստացվել էր այնպես, որ վերջին տուրում Արոնյանն ու Ասրյանը մրցեցին միմյանց հետ ու խաղաղ դաշն կնքեցին: Նրանք Սերգեյ Կարյակինի, Վասիլի Իվանչուկի, Ալեքսանդր Բելյավսկու, Պավել Էլյանովի եւ Ալեքսանդր Մոիսենկոյի հետ վաստակեցին հավասարՙ 9-ական միավոր: Չեմպիոն հռչակվեց ռումինացի Դիտեր Նիսիպիանուն, որը սեւերով հաղթեց Բելյավսկուն եւ վաստակեց 10 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որը պարտության մատնելով Ալեքսեյ Դրեեւին, վաստակեց 9,5 միավոր:
Այսպիսով հայ շախմատիստները լրացուցիչ մրցախաղերում պետք է վիճարկեին բրոնզե մեդալը: Առաջին փուլում Արոնյանը արագ շախմատի կանոններով երկու պարտիայից բաղկացած մրցախաղում պարտության մատնեց Մոիսենկոյին (1,5-0,5), իսկ ահա Ասրյանը 0-2 հաշվով զիջեց Իվանչուկին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նա մյուս մրցախաղերում հաղթելով Մոիսենկոյին (1,5-0,5) եւ Բելյավսկուն (3-2), գրավեց 7-րդ տեղը:
Իսկ ահա Արոնյանը շարունակեց պայքարը մրցանակային 3-րդ տեղի համար: Շատ դժվարին մրցախաղերում հայ գրոսմայստերին հաջողվեց հաղթել Իվանչուկին (1,5-0,5), այնուհետեւՙ Սերգեյ Կարյակինին (2,5-1,5) եւ դառնալ բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի առաջնության պարգեւներից զատ խաղարկվում էին նաեւ աշխարհի առաջնության ուղեգրեր: Հայ շախմատիստներից իրենց համար ուղեգրերը վաղուց ապահովել էին Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը: Առաջնության արդյունքներով ուղեգրերի համար լրացուցիչ մրցախաղերին մասնակցեցին նաեւ Արտաշես Մինասյանն ու Գաբրիել Սարգսյանը: Մինասյանը հաջող խաղաց Բոբրասի հետՙ համառ պայքարում հաղթելով 3-2 հաշվով եւ նվաճեց բաղձալի ուղեգիրը: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանին դա չհաջողվեց: Նա լրացուցիչ մրցախաղում զիջեց Կոռնեեւին (0,5-1,5): Առանց լրացուցիչ մրցախաղի ուղեգիր նվաճեց նաեւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որը 8 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը:
Լեւոն Արոնյանն իրոք արժանիորեն նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Նա 21 պարտիաներից եւ ոչ մեկում չպարտվեց: Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Ասրյանՙ 9, Մինասյան, Սարգսյան, Մովսիսյանՙ 8-ական, Լպուտյան, Պետրոսյան, Նալբանդյանՙ 7-ական, Անաստասյանՙ 6, Բաբուջյանՙ 4,5:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ