«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2005-07-01 | #122, 2005-07-02 | #123, 2005-07-06


ԱՆՈՐՈՇ ԻՐԱՎԻՃԱԿ

Առաջնության 13-րդ տուրում ուշադրության կենտրոնում «Միկայի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր: Առաջին շրջանում, մեկնարկային տուրում «Փյունիկը» 1-0 հաշվով հաղթել էր «Միկային» եւ պետք էր սպասել, որ Հայաստանի գավաթակիրը կձգտի ռեւանշի: Սակայն ռեւանշը չկայացավ: «Միկային» այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Ճիշտ է, սեփական դարպասն էլ «Միկան» պահեց անառիկ: Ի դեպ, արդեն 490 րոպե «Միկայի» դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանը դարպասը պահում է անառիկ: Իսկ ահաՙ «Փյունիկին» միավորները դժվարությամբ են տրվում: Հենկ Վիսմանի գլխավորությամբ թիմի անցկացրած չորս խաղում չեմպիոնը վաստակել է ընդամենը 6 միավոր (3 ոչ-ոքի, 1 հաղթանակ)ՙ խփելով ընդամենը մեկ գոլ: Սա, իրոք, մտահոգիչ էՙ հաշվի առնելով, որ հուլիսի 13-ին «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղում մրցելու է ֆիննական «Հակայի» հետ:

«Էսթեղլալ-Կոտայքին» էլ չհաջողվեց «Բանանցի» նկատմամբ ռեւանշի հասնել առաջնությունում կրած միակ պարտության դիմաց: Ճիշտ է, այդ խաղի 22-րդ րոպեին կոտայքցի Արման Մինասյանը բացեց հաշիվը, սակայն 15 րոպե անց Տիգրան Ղարաբաղցյանը վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ ահա «Կիլիկիան» «Լեռնագործի» հետ խաղում կրկին աչքի ընկավ արդյունավետ գրոհներով: Եվ ինչպես մրցակիցների առաջին շրջանի խաղում, այս անգամ եւս «Կիլիկիան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 3 գոլ խփեց եւ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորեց Նշան Էրզրումյանըՙ դառնալով ընթացիկ առաջնության անդրանիկ «հեթ-տրիկի» հեղինակը: Մեկական գնդակ էլ խփեցին Սարգիս Մովսիսյանն ու Սուրեն Աթոյանը:

Այն բանից հետո, երբ առաջնությունից հրաժարվեց «Լեռնային Արցախը», այլեւս անիմաստ է դառնում մրցաշարի 2 փուլով անցկացումը: Կարծում ենք, նպատակահարմար է կրկին 4 շրջանով առաջնության անցկացումը: Նաեւ շտապ կարգով պետք է որոշվի առաջին խմբից բարձրագույն խումբ տեղափոխվող թիմերի քանակն ու խմբից խումբ ակումբների տեղափոխման կարգը, որպեսզի հետագայում ավելորդ վիճելի հարցեր չառաջանան: Առայժմ դեռ պարզ չէ, թե ինչպե՞ս են վարվելու «Լեռնային Արցախի» մասնակցությամբ հանդիպումներում թիմերի վաստակած միավորների հետ, ուստի ներկայացվող մրցաշարային աղյուսակում հաշվի են առնված բոլոր խաղերի արդյունքները:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ1284020-528
2. Միկա1274117-625
3. Բանանց1163213-1121
4. Էսթ.-Կոտայք1256120-921
5. Կիլիկիա1143420-1415
6. Դին.-Զենիթ1123610-159
7. Շիրակ1122713-248
8. Լեռնագործ111194-254

Ռմբարկուները

Նշան Էրզրումյան«Կիլիկիա»9
Արտյոմ Ադամյան«Միկա»7
Սամվել Պետրոսյան«Էսթ.-Կոտայք»6
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»5
Սարգիս Մովսիսյան«Կիլիկիա»5

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4