Մինչդեռ քաղաքապետը բացառել է դրա հնարավորությունը
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, մեր թերթում վերջերս հրապարակված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե քաղաքապետարանը չի՞ կարող քանդել օղակաձեւ զբոսայգում եւ այլ կանաչ գոտիներում կառուցված այն սրճարանները, որոնց սեփականատերերը չեն պահպանել այդ տարածքի կառուցապատման պայմանները, նշեց, որ դա կարող է անել միայն կառուցապատողին նախնական փոխհատուցում վճարելու դեպքում: Ըստ քաղաքապետի, կառուցապատողները աննշան շեղումներ են կատարել, եւ դրանք չեն կարող սրճարանները քանդելու հիմք դառնալ: Այդ շեղումների համար հնարավոր է միայն տուգանել: Մինչդեռ իրականում ե՛ւ շեղումներն աննշան չեն, ե՛ւ դրանց քանդելու համար բավարար հիմքեր կան: Այլ խնդիր է, որ քաղաքապետարանը կամ ի զորու չէ, կամ չի ցանկանում դա կատարել:
Ներկայացնենք հողամասերը վարձակալության տալու կոնկրետ որոշումներ, որոնք ընդունել է նախկին քաղաքապետը եւ որտեղ նշված են այն պայմաններն ու սահմանափակումները, որոնք կառուցապատողները պարտավոր էին պահպանել, բայց չեն կատարել: Դրանք են օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածումՙ 783 քմ, 5-րդ հատվածումՙ 1420 քմ, 1124 քմ, 670 քմ, 6-րդ հատվածումՙ 657 քմ մակերեսով տարածքների վերաբերյալ որոշումները: Համաձայն այդ որոշումների, բոլոր այդ հողատարածքները տրվում են մանկական խաղահրապարակ եւ բացօթյա սրճարան կառուցելու համար: Ընդ որում, կառուցապատման տոկոսը չպետք է գերազանցի տրամադրվող տարածքի 15 տոկոսըՙ ներառյալ անցուղիներն ու հարթակները: Որոշման մեկ այլ կետով սահմանված են ճարտարապետական պահանջներն ու սահմանափակումները: Մասնավորապես ընդգծված է, որ կառուցապատումը պետք է կատարվի ըստ ճարտարապետական գծային առաջադրանքի եւ առանց կապիտալ շինարարության իրավունքի: Սահմանված է նաեւ սպասարկվող եւ հարակից տարածքները բարեկարգելու եւ կանաչապատելու պահանջը:
Պահպանո՞ւմ են վերոնշյալ որոշումներով սահմանված պահանջները սրճարաններ կառուցողները, թե՞ ոչ, յուրաքանչյուր երեւանցի կարող է ասել: Օղակաձեւ զբոսայգու ներկա վիճակին ականատես երեւանցին կարող է փաստել, որ կառուցապատվող տարածքի հաստատապես 15 տոկոսից շատ ավելին է կառուցապատվել կանաչ տարածքների հաշվին, որ կառուցվել են միայն սրճարաններ, իսկ մանկական խաղահրապարակներ կառուցել են մեկ-երկուսը եւ այն էլ շատ չնչին տարածքի վրա: Մինչդեռ որպես օգտագործման առաջին նպատակ նշված են հենց մանկական խաղահրապարակները: Զանգվածաբար խախտված է առանց կապիտալ շինարարության իրավունքի կառուցելու սահմանափակումը: Կառուցվող սրճարաններից շատերը երկու-երեք հարկանի են, կապիտալ պատերով: Հիմնականում չեն կատարվում նաեւ սպասարկվող եւ հատկապես հարակից տարածքի բարեկարգման ու կանաչապատման պահանջները: Հարց է առաջանում, թե կարո՞ղ ենք սրանք անվանել աննշան շեղումներ, ինչպես անվանել է քաղաքապետ Երվանդ Զախարյանը մեր թերթին տված հարցազրույցում: Պատասխանն ակնհայտ է, դրանք ոչ թե աննշան կամ լուրջ, այլ ամբողջությամբ շեղումներ են: Դրանք թույլ չտալու նպատակով անհրաժեշտ վերահսկողություն չեն կատարել ինչպես նախորդ, այնպես էլ ներկա քաղաքապետները:
Նախկին քաղաքապետի օրոք ընդունված մեկ այլ որոշմամբ (20 մարտի 2003 թ.), որը նույնպես առ այսօր մնացել է թղթի վրա, զբոսայգիներում սրճարանների տաղավարները չպետք է գերազանցեն 20, իսկ առանձին դեպքերում 40 քմ-ն, դրանք պետք է կառուցվեն հավաքովի տարրերով, տանիքը թեթեւ կոնստրուկցիաներով, իսկ օբյեկտի թույլատրելի առավել բարձրությունը չպետք է գերազանցի 4,5 մ: Վերոնշյալ որոշումները կարող են հիմք դառնալ սրճարանատիրոջ հետ կնքած պայմանագիրը լուծարելու եւ անգամ նյութական փոխհատուցում պահանջելու համար: Վարձատուի, այսինքն քաղաքապետարանի կողմից, վարձակալի, այսինքն սրճարան կառուցողի հետ պայմանագիրը լուծարելու այս իրավունքն էլ սահմանված է 2001 թ. հունիսի 1-ին քաղաքապետարանի հաստատած «Հողատարածքի վարձակալության պայմանագրով»: Համաձայն դրա, քաղաքապետարանն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ եւ սույն պայմանագրով սահմանված դեպքերում «պահանջել լուծարելու պայմանագիրը եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցելու պատճառված վնասը», «եթե վարձակալը հողատարածքից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան»:
Հետեւաբար, քննադատությանը չի դիմանում քաղաքապետի այն տեսակետը, որ կառուցապատողների կողմից համապատասխան պահանջները չպահպանելու դեպքում քաղաքապետարանը չի կարող քանդել դրանք: Նույն քաղաքապետարանի հաստատած պայմանագրի համաձայն, Երեւանի քաղաքապետարանը ոչ միայն ունի սրճարանները քանդելու (պայմանագիրը լուծարելու) իրավունքը եւ ոչ միայն դրա համար պարտավոր չէ կառուցապատողներին փոխհատուցում վճարել, այլեւ ընդհակառակը, վերջիններս են պարտավոր իրենց խախտումների համար փոխհատուցում վճարել:
Կարծում ենք, որ Երեւանի քաղաքապետը տեղյակ է այս որոշումներին, բայց ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում կամ նրանց չեն թույլատրում... հարաբերությունները փչացնել սրճարանատերերի հետ եւ խուսափում է երեւանցիների շահերից բխող եւ օրենքով նախատեսված միջոցառումներ կիրառելուց: Հետեւաբար, հույս հայտնենք, որ այդ որոշումների հրապարակայնացմամբ կնպաստենք, որ նա համարձակություն ձեռք բերի եւ ձեռնարկի այն քայլերը, որոնք պարտավոր է ձեռնարկել ի պաշտոնե:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ