Հայաստանի ազգային գրադարանը, որպես հանրությանը սպասարկող կենտրոն, հիմնադրվել 1832 թ Երեւանի արական գիմնազիայի գրքային հավաքածուների հիման վրա: Իսկ որպես պետական հանրային գրադարան` վերակազմավորվել է 1919 թ-ից` այսօր արդեն լինելով ոչ միայն հայ, այլեւ Հայաստանում համաշխարհային գրքային արտադրանքի պահպանման եւ ուսումնասիրման կարեւոր օջախ:
Այսօրվա տվյալներով մոտ 6,5 մլն տպագիր արտադրանք, 15 բաժին, 15 մեծ ու փոքր ընթերցասրահներ, 32.000 ընթերցող եւ 332 աշխատող ունեցող ազգային գրադարանն օրական սպասարկում է մոտ 1000 ընթերցողի: Գրադարանի ֆոնդերը, որոնք ձեւավորվել են հայ նշանավոր պետական, հասարակական, գիտական եւ մշակութային գործիչների անձնական գրադարանների, կրթական եւ ուսումնական հաստատությունների հավաքածուների ու նվիրատվությունների հիման վրա, բազմաթիվ եւ բազմաբնույթ տպագիր արտադրանք են ներկայացնում:
Կրթական, գիտամշակութային եւ տեղեկատվական բացառիկ կարեւորություն ունեցող գրադարանը գտնվում է շենքային վատ պայմաններում, քանի որ հիմնադրման օրվանից մինչ այժմ չի վերանորոգվել:
Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքերով, իհարկե կատարվել են մասնակի վերանորոգումներ, բայց դա շատ քիչ է: Իսկ գրադարանը գտնվո՞ւմ է պետության հոգածության տակ «Ազգի» հարցին Դավիթ Սարգսյանը պատասխանեց. «Իմ հարաբերություններն իշխանավորների հետ ինձ բերում են այն կարծիքի, որ գրադարանի համար նրանք անում են առավելագույնը»: Գրադարանի վերանորոգման խնդիրների շարքում գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը կարեւորեց ոչ միայն մասնաշենքերի վերանորոգումը, այլեւ նկուղային հարկերի ամրացումը:
Գրադարանից ընթերցողների սպասելիքների եւ նրանց հուզող հարցերի մասին խոսելիս ընթերցողներն անդրադարձան հիմնականում մի քանի խնդիրների: Դրանցից մեկը արտերկրից ներմուծվող գրքերի պակասն է, վերջին հրատարակությունների համալրման խնդիրը:
Մեկ այլ խնդիր է գրքի փնտրումը ներկա համակարգում, որի համար, ընթերցողների խոսքերով, ժամեր են պահանջվում: Սակայն գրադարանի տնօրենի հավաստմամբ այդ հարցն էլ շուտով կլուծվի, քանի որ գրադարանը սկսել է համակարգչայնացնել իր ունեցած ահռելի ինֆորմացիան: Այնպես որ շուտով ընթերցողներն ազատ մուտք կունենան ոչ միայն տպագիր, այլեւ էլեկտրոնային շտեմարան` հնարավորություն ստանալով գիրքը փնտրել եւ պատվիրել հաշված րոպեների ընթացքում:
Ազգային գրադարանն իրականացնում է ոչ միայն սպասարկման, այլեւ տպագիր արտադրանքի մշակման եւ պահպանման գործառույթ: Այժմ գրադարանի տնօրինության ջանքերով գրքերը ենթարկվում են գիտական մշակման ու վերլուծության, կազմվում մատենագիտական տարբեր բնույթի ցանկեր եւ հրամցվում ընթերցողին:
Ի դեպ, այսօր կնշվի ազգային գրադարանի տոնը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ