Հուլիսի 6-ին Գեւորգյան հոգեւոր ճեմարանում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ճեմարանի 2004-2005 ուս. տարվա փակման հանդիսությունը: Ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ճեմարանի դասախոսներ եւ ծնողներ: Բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի դասախոս Տ. Ասողիկ քհն. Կարապետյանը: Տեսչական ամենամյա զեկույցով ներկայացավ ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանը, իսկ ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած սաները պարգեւատրվեցին «Կայծակյան» հիմնադրամի եւ Վեհափառ հայրապետի տրամադրած նվերներով:
Հանդիսությունը եզրափակվեց Նորին Սրբության օրհնության խոսքով, որում Վեհափառ հայրապետը մասնավորաբար նշեց. «...Մեր կյանքով, մեր գործով պիտի պայմանավորենք սերը մեր ժողովրդի դեպի մեր եկեղեցի, հարգանքը մեր ժողովրդի դեպի հայ եկեղեցականը: Հպարտ կարող ենք լինել մեր ժողովրդի փառավոր ոգով, մեր ժողովրդի նախանձախնդրության ոգով դեպի ազգային մեր արժեքները, դեպի ազգային մեր սրբությունները: Պարզապես եթե թերացումներ կան` այդ թերացունների մեծ բաժինը մենք պետք է գիտակցենք որպես մեր թերացումներ:
...Ես վստահ եմ, որ մեր առաքելության մեջ մենք կհաջողենք, եթե սեր ունենանք, սեր մեր եկեղեցու նկատմամբ, սեր մեր հայրենիքի, մեր ազգի նկատմամբ, սեր Աստծու նկատմամբ, սեր հոգեւոր մեր առաքելության նկատմամբ: Սերն այն ուժն է, որ հրաշքներ կարող է իրագործել մեր կյանքում: Սերը հոգի կարող է կերտել, կամք ամրացնել մեր մեջ, որպեսզի չտկարանանք, չվհատվենք դժվարությունների առջեւ, եւ մեր հայացքը նոր ժամանակներին հառած իրականացնենք մեր առաքելությունը»:
Ցերեկույթի ընթացքում իրենց հոգեթով շարականներով եւ երգերով հանդես եկան նաեւ ճեմարանի սաները:
ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ