Թե՞ մի քանի օրում մեծ գումարներ վաստակելու հնարք
Բջջային հեռախոս ունենալու քաղաքացու մեր սովորական հետաքրքրությունն ու ցանկությունը վերածվեց երկար փնտրտուքի, որի ընթացքում առաջացած տարաբնույթ հարցերը ստիպեցին մեզ անդրադառնալ այս խնդրին: Ամենապարզ թվացող որտեղի՞ց, ի՞նչ գներով կարելի է բջջային հեռախոս ձեռք բերել հարցերի հետքերով գնալիս ականատես եղանք հետեւյալ պատկերի:
Եթե մոտավորապես 20-25 օր առաջ բջջային հեռախոս ձեռք բերելը խնդիր չէր, այսինքնՙ ապրանքի պակաս (դեֆիցիտ) չկար, ապա այս օրերին խանութներում վաճառվող բջջային հեռախոսները շատ քիչ են թե՛ տեսականու, թե՛ գների ընտրության իմաստով: Իսկ այդ իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Հայաստանում բջջային կապի առաջին օպերատորը` Արմենտել, իսկ հուլիսի 1-ից նաեւ երկրորդ օպերատորը` Վիվա սել ընկերությունները սկսեցին քարտերի բաժանումն ու վաճառքը: Բնականաբար քարտեր ստացողները պետք է շտապեն խանութներ` հեռախոսներ գնելու: Իսկ բջջային հեռախոսներ վաճառող խանութներում այս երկու օրերին պատկերը հետեւյալն էր:
Մեր այցելած խանութներում («Ռոսիա» կինոթատրոնից սկսած, Հանրապետության հրապարակից, Ամիրյան եւ Սարյան փողոցներից մինչեւ օպերա ընկած հատվածում եղած խանութներում, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնուղում, «Հայաստան» հանրախանութի առաջին հարկաբաժնում) վաճառվող բջջային հեռախոսների «տեսականին» կարելի էր թվել մատների վրա եւ հիշել անուններով, այսինքն` գնորդը ընտրության շատ փոքր հնարավորություն ուներ: Խանութների աշխատակիցները հեռախոսների պակասը բացատրում էին այն բանով, որ քարտերը բաժանելուց հետո, հեռախոսների «մեծ եւ աննախադեպ» առեւտուր է եղել: Մի քանի խանութներում էլ ասացին. «Մի՛ մտածեք, շուտով հեռախոսների նոր խմբաքանակ ենք ստանալու եւ արդեն ձեր ուզած տեսականին կլինի»: Իսկ այդ դեպքում գները կիջնե՞ն մեր հարցին վաճառողներից մեկը տարակուսած պատասխանեց` չգիտեմ: Որքան էլ ճշմարտանման է այն կարծիքը, թե հեռախոսների սպասվող նոր խմբաքանակը կարող է ազդել գների իջեցման վրա, այնուամենայնիվ դեռ հարց է, թե հեռախոսների գները ե՞րբ կդառնան մատչելի: Չէ՞ որ ինչքան շատ հեռախոսներ ստացվեն, միեւնույն է, բնակչության մի մեծ զանգված, որ դեռ չի հասցրել հեռախոս ձեռք բերել, անհամբերությամբ սպասում է դրան: Իսկ այդ զանգվածին առաջիկայում սպասարկելու անհրաժեշտությունը գիտակցելով` հեռախոս վաճառողները կարող են օգտվել նաեւ այդ հանգամանքից: Ինչ է ստացվում` հիմա էլ քարտեր կան, հեռախոսնե՞ր չկան:
Այս ֆոնին հանդիպած մյուս խնդիրը գների նկատելի աճն էր, որը չժխտեցին անգամ մի քանի խանութների աշխատակիցները: Օրինակ, բջջային հեռախոս վաճառող կետերից մեկի աշխատակիցը մեր այն հարցին, թե ինչու են թանկացել հեռախոսները (եւս մեկ անգամ օգտվում են ստեղծված իրավիճակից` ապրանքը թանկացնելով թեկուզ մի քանի օրով) պատասխանեց. «Բայց հիմա ինչը չի թանկացել, որ հեռախոսները չթանկանան»: Սարյան փողոցում գտնվող խանութի աշխատակիցը, զարմացած պատմելով այս օրերի չտեսնված առեւտրի մասին, գների հետ կապված մեր հարցին պատասխանեց. «Դե շատ չի թանկացել, 5-10 դոլարը ի՞նչ է որ նման աժիոտաժի դեպքում»: Գների տարբերությունն այս մի քանի օրերին իհարկե 5-10 դոլար չէ, բայց եթե անգամ այդքան լիներ, մեր բնակչության սոցիալական ներկա վիճակի համար դա էլ մեծ տարբերություն է:
Գների տարբերության մասին խոսելիս անարդար չլինելու համար նշենք, որ խանութներում վաճառվող հեռախոսները կարելի էր նաեւ թանկ չհամարել` մտածելով, որ գուցե նման վաճառքից հետո մնացել են ամենաթանկ հեռախոսները: Բայց այստեղ հարկ է նկատել նաեւ մեկ այլ հանգամանք. եթե մոտ 25 օր առաջ կարելի էր 35-40 հազար դրամով ձեռք բերել ոչ շատ «ճոխ» հեռախոս, ապա այս օրերին ամենաէժան հեռախոսը (գոնե մեզ հանդիպած) 55.000 դրամից թանկ արժեր:
Նման իրավիճակում ժողովրդի գրպանից հավելյալ օգուտ քաղելու օրինակ է նաեւ մեզ հանդիպած մեկ այլ դեպք: Ամիրյան փողոցում գտնվող բջջային հեռախոսներ վաճառող նկուղային խանութի աշխատակցին տված մեր հարցին, թե ինչու են վաճառքի հանված հեռախոսները այդքան քիչ, վերջինս պատասխանեց. «Դուք ի՞նչ հեռախոս եք ուզում, ասեք, վաղը կբերենք»: Ասել է թե մեզ լավություն կանի` մեր ուզած հեռախոսը բերելով եւ վաճառելով բնականաբար ավելի թանկ, քան իրականում արժե:
Այս պատկերը տեսնելուց հետո հարց է առաջանում, թե նշյալ բիզնեսով զբաղվող խանութները, որ այս օրերին թանկացրել են բջջային հեռախոսները, համապատասխանաբար ավելացրե՞լ են նաեւ հարկերի վճարումը եւ արդյոք հարկային ծառայությանը ներկայացրե՞լ են հեռախոսների վաճառքի իրական շրջանառությունը: Հարկային պետական ծառայության լրատվական բաժնում մեր այս հարցին պատասխանեցին. «Այս երեւույթը նոր է, եւ դեռ այս ամսվա մուտքերը մեզ մոտ արտահայտված չեն»: «Լավագույն դեպքում որեւէ տեղեկություն կարող ենք հաղորդել ամսվա վերջում, ասաց ծառայության լրատվական բաժնի պատասխանատուն եւ ավելացրեց, որ դժվար է կոնկրետ բջջային հեռախոսների հստակ առանձնացված գործունեության մասին տվյալներ տալ, քանի որ հեռախոսներ վաճառող խանութը կարող է նաեւ այլ ապրանքներ վաճառել»: Մեր կողմից սակայն նշենք, որ մեր այցելած խանութների գերակշիռ մասը զբաղվում էր միայն հեռախոսների վաճառքով: «Ազգը» կփորձի ամսվա վերջում ձեռք բերել միայն հեռախոսների վաճառքով զբաղվող խանութների նշյալ օրերի գործունեության ցուցանիշներն ու տվյալները:
Բջջային հեռախոսների առք ու վաճառքի այս համապատկերում ներկայացնենք մեկ դրվագ եւս: Բջջային հեռախոսներ վաճառող խանութներից մեկում փակցված հայտարարությունն ի լուր բոլորի տեղեկացնում էր, որ հեռախոս գնելիս կտրվի նաեւ Վիվա սել ընկերության քարտ: Սա էլ մի ուրիշ պատմություն է, քանի որ նախապես հայտնվել էր, որ ընկերության քարտերը հանվելու են ազատ վաճառքի: Ճիշտ է, մեզ չհաջողվեց Վիվա սել ընկերությունից պարզել` արդյոք իրենց քարտերն արդեն վաճառվում են, թե՞ ոչ, հետեւաբար չենք շտապում վերը նշված խանութին քարտերի միջոցով գնորդին հեռախոս գնել պարտադրելու մեջ մեղադրել` մտածելով, որ խանութի ընտրած այդ ձեւը գուցեեւ խրախուսական քայլ է գնորդների համար:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ