ՀՀ նախագահի հրամանագրով եւ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ներառված են 28 նոր օրենքներ եւ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծեր: «ՀՀ 2004 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը 88 կողմով միաձայն հաստատվեց: 2004 թ. բյուջեի կատարողական հաշվետվությունը քննարկվել էր գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում: 2004 թ. բյուջեի եկամտային մասը կազմել է 302,2 միլիարդ դրամ, ինչը 2,4 տոկոսով գերազանցում է ծրագրային ցուցանիշը: Բյուջեի ծախսային մասը կազմել է շուրջ 334 մլրդ դրամ, ինչը տարեկան ծրագրի 96,4 տոկոսն է, դեֆիցիտըՙ 31,7 մլրդ դրամ: Անցած մեկ տարում տնտեսական աճը կազմել է 10,1 տոկոս, որը 3,1 տոկոսով գերազանցում է ծրագրային ցուցանիշը: Անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1893,4 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլատորըՙ 106 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 589140 դրամ (1104 ԱՄՆ դոլար) եւ անվանական արտահայտությամբ աճել է շուրջ 17 տոկոսով:
ՀՀ նախագահը 5 րոպեով հյուր եկավ
Խորհրդարանն անցել էր կառավարության ներկայացրած մի շարք օրենքների եւ նախագծերի փաթեթի քննարկմանը, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուր եկավ ԱԺ: Նիստը վարող ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ամբիոնի մոտ հրավիրեց վճռաբեկ դատարանի նախագահ, քրեական եւ զինվորական գործերի պալատի նախագահ Հենրիկ Դանիելյանին, որը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ Միքայել Ծովյանի (70 տարին լրացել է մայիսին) փոխարեն: Պրն Դանիելյանն ԱԺ ամբիոնից երդվեց, որից հետո ՀՀ նախագահը շտապ հեռացավ ԱԺ-իցՙ անգամ լրագրողների հարցերին չպատասխանելով:
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու շուրջ կրքերը բորբոքվում են
Կառավարության ներկայացրած օրենքների եւ նախագծերի փաթեթում տեղ գտած մեկ տասնյակ փոփոխություններից «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առանձնացրեց եւ ներկայացրեց կառավարության տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշեց, որ. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դաշտում վարչարարության խնդիրներ կան գովազդի հետ կապված: Մի դեպքում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներ են առաջանում կապված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հետ, երբ որպես իրավասու մարմին հանդես են գալիս գովազդի դաշտում, բայց Երեւանի դեպքում գովազդի վահանակների, պաստառների փակցման, հողօգտագործման, վարձակալության լիազորությունները կենտրոնացված են Երեւանի քաղաքապետարանում: Իսկ երկրորդ խնդիրն այն է, որ Երեւանը քաղաքաշինական, արտաքին ձեւավորման առումով միասնական օրգանիզմ է, իսկ արտաքին գովազդի ոլորտում կարիք կա միասնական որոշակի դրսեւորումներ իրականացնելու, հակառակ դեպքում մենք կունենանք թե՛ ճաշակով եւ թե՛ ձեւավորումներով իրարից տարբեր թաղամասեր, փողոցներ»: Այնուհետեւ Տերտերյանը ավելացրեց, որ մի կողմից խնդիր կա գովազդի նկատմամբ միասնական դիրքորոշում եւ քաղաքականություն վարելու, մյուս կողմիցՙ համայնքներում այդ վարչարարությունն ուժեղացնելու: Ներկայացված փոփոխություններն ընդամենը մի խնդիր են լուծումՙ վարչարարությունն ավելի կոնկրետացնել եւ դրույքաչափերը որոշակի հստակեցնել:
Քրեակատարողական ծառայության պետին նշանակելու է ՀՀ նախագահը
Փաթեթի հաջորդ օրինագիծը (երկրորդ ընթերցմամբ) «ՀՀ քաղաքացիական եւ դատավարության մասին» օրենքում լրացումներին եւ փոփոխություններին էր վերաբերում, որտեղ առաջին եւ հիմնական փոփոխությունն այն է, որ քրեակատարողական ծառայության պետին նշանակում է ՀՀ նախագահըՙ արդարադատության նախարարի առաջարկությամբ: Համակարգի մյուս կոչումները շնորհում է վարչության պետը, նաեւ կարգապահական տույժեր է նշանակում վարչության պետըՙ արդարադատության նախարարի համաձայնությամբ:
Սուտ ցուցմունք ու սուտ վկայության համարՙ խիստ պատիժ
Օրինագծերից մեկն առաջարկում է փոփոխություն եւ հատուցում 44 հոդվածի համաձայն, սուտ վկայություն, սուտ ցուցմունք ու սուտ բացատրություն տալու համար:
Հողային օրենսգրքում փոփոխություններ
Հաջորդ փաթեթում տեղ էր գտել հողային եւ քաղաքացիական օրենսգրքերում լրացումների եւ փոփոխությունների մասին օրինագիծը, որով հստակեցվում է հողամասը որպես սեփականության իրավունքի օբյեկտ, ինչով կարգավորվում են հողամասի տարածքային սահմանները եւ այլն: Սեփականատիրոջ տարածքի վրա շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքն օտարելիս պետք է պարտադիր օտարվի նաեւ համապատասխան հողամասի այն չափը, որն անհրաժեշտ է տվյալ շենքի շինությանն ու պահպանմանը, եթե կողմերի միջեւ այլ տարբերակ չի առաջարկվում: Այս փոփոխությունները ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մանուկ Վարդանյանը: Հստակեցվել է նաեւ հիպոթեկ հասկացությունը, սահմանվել են պայմանագրի ձեւը, գրավի գրանցման պահանջները եւ առանձնահատկությունները, նշեց պրն Վարդանյանը: Հստակեցվել է նաեւ բնակօգտագործման իրավունքը, եւ ներկայացված նախագծով առաջարկվում է, որ մինչեւ 2007 թ. հունվարի 1-ը թե՛ բնակարանի սեփականատերը, թե՛ հաշվառում ունեցող անձինք իրար միջեւ պետք է կնքեն բնակօգտագործման իրավունք, որը կարող է նախատեսվել հատուցելի պայմաններում եւ գրանցվել կադաստրում անվճար, բացի նոտարական ծառայությունից: Իսկ ովքեր չեն կնքի պայմանագրեր, կկորցնեն բնակօգտագործման իրավունքը եւ միայն դատական կարգով կկարողանան վերականգնել:
Այսօր ԱԺ-ն կշարունակի մնացյալ փաթեթների քննարկումը եւ հատուկ կարգով կանցկացնի քվեարկություններ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ