«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

ԲԱՔՈՒ, 13 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանցի քաղաքագետները միակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում 10-15 տարվա ընթացքում անկախության հարցով հանրաքվե անցկացնելը Ադրբեջանի համար կնշանակի վերջնականապես կորցնել Ղարաբաղը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ադրբեջանցի քաղաքագետները գտնում են, որ պաշտոնական Բաքուն հասկանում է հանրաքվեի բոլոր բացասական հեռանկարները, սակայն «խաղաղ համաձայնության ձգտում է Արեւմուտքը»: Եթե հակառակ ազգային շահերի` Իլհամ Ալիեւը գնա նման քայլի, ապա Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին կստանա Արեւմուտքի աջակցությունը, «ինչը կնշանակի վերահսկելի խորհրդարան եւ վարչակազմին սպառնացող վտանգների նվազում»: Սակայն հասարակության մեջ կարող է նաեւ լինել դժգոհության պայթյուն «պարտվողական համաձայնության» կապակցությամբ, եւ այդ դեպքում արդեն «իշխող վերնախավին ոչինչ չի փրկի»:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն «Թուրան» գործակալությանը հայտնել է, թե Ադրբեջանի կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է համաձայնի հանրաքվեի անցկացմանը: «Հայերը Ղարաբաղում հանրաքվե արդեն անցկացրել են, եւ կասկած չկա, որ նրանք նորից կքվեարկեն անկախության օգտին», նշել է Գուլուզադեն:

Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմետ Հաջիզադեի կարծիքով, հանրաքվեի անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, քանի որ «հանրաքվեն կարող է անցկացվել միայն երկրի ամբողջ տարածքում»: «Եթե պատկերացնենք, որ պաշտոնական Բաքուն համաձայնի նման տարբերակի, դա կնշանակի ազգային շահերի դավաճանություն եւ դժգոհության պայթյուն», ասել է նա` ավելացնելով, թե «այդ համաձայնությունները անհնար կլինի իրականացնել»:

«Գրավյալ տարածքներում հանրաքվեի անցկացումը անհնար է, եւ նման տարբերակ իրականացնելու փորձերը դատապարտված են», իր հերթին ասել է քաղաքագետ Էլդար Նամազովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4