«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


ԹՈՒՐՔԻԱՆ ԿԶԱՐԳԱՑՆԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԸ

Իհարկե, եթե բացվի հայ-թուրքական սահմանը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայ-թուրքական սահմանի բացումը մի շարք օգուտներ կարող է ապահովել ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Սա, ըստ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) կառավարության պատվերով իրականացրած «Հայ-թուրքական սահմանների բացման տնտեսական հետեւանքները Հայաստանի համար» հետազոտական աշխատանքի արդյունքների, հիմնական ենթադրությունն է: Հետազոտության մեջ փորձ է արվել գնահատել սահմանների բացման ազդեցությունը Հայաստանի արտաքին առեւտրի եւ տնտեսական ցուցանիշների վրա: Այդ նպատակով օգտագործվել է հաշվարկելի ընդհանուր հավասարակշռության (CGE) մոդելը:

Երեկ, հրապարակելով հիշատակված աշխատանքն ու ներկայացնելով հիմնական ենթադրությունները Հայաստանի արտաքին առեւտրի վերաբերյալ, AEPLAC-ի հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ աշխատանքն իրականացվել է մեծ պատասխանատվությամբ: Ըստ այդմ սահմանների վերաբացմամբ Հայաստանի համար հնարավոր օգուտները մի քանիսն են, մասնավորապես, ըստ աշխատանքի ենթադրությունների, կունենանք արտաքին առեւտրում տրանսպորտային ծախսերի անկում եւ առեւտրային հոսքերի աճ: Նման ենթադրությունը պատճառաբանված է նրանով, որ կունենանք այլընտրանքային ճանապարհ վրացականի համեմատությամբ, հնարավոր կլինի դուրս գալ միջերկրածովյան նավահանգիստներ: Պրն Ջրբաշյանը որպես օրինակ նշեց, որ տարածության առումով Բաթումից Մարսել եւ Բեյրութից Մարսել տեղափոխումները գնային տարբերություն ունենում են մոտ 7 անգամ, քանի որ միջերկրածովյան նավահանգիստներն ավելի մեծ տարողությամբ նավերի ընդունման հնարավորություն ունեն, ի հակադրություն սեւծովյան նավահանգիստների:

Բացի վերը նշված օգուտից, սահմանների բացմամբ, Տիգրան Ջրբաշյանի խոսքով, Հայաստանը կունենա արտահանման, ՀՆԱ, զբաղվածության, վերջնական սպառման, փոխկապակցված տարածաշրջանային շուկաների եւ մասնավոր ներդրումների աճ, ինչպես նաեւ Եվրոմիությանն ինտեգրման ավելի իրական հնարավորություններ:

Սահմանների վերաբացման դեպքում Թուրքիան կարող է օգտագործել Հայաստանի տարանցիկ ճանապարհները, հատկապես եթե վերագործարկվի Կարս-Գյումրի երկաթգիծը: Սա, ըստ Տիգրան Ջրբաշյանի, Թուրքիայի ամենամեծ օգուտն է: Բացի այդ, Թուրքիայի օգուտների թվում կդասվի նաեւ Հայաստանի հետ առեւտրի ծավալների աճը, իր արեւելյան շրջանների զարգացման ավելի մեծ հնարավորությունները, ավելի նպաստավոր դիրքը Եվրոմիությանն անդամակցության բանակցություններում: Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացման խնդիրը կարեւորագույններից մեկն է, քանի որ այս տարածաշրջանը ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով 2 անգամ զիջում է Հայաստանին եւ 5 անգամՙ Թուրքիայի միջին ցուցանիշին:

Սահմանների վերաբացմամբ հնարավոր առեւտրային եւ տնտեսական զարգացումները ներկայացված են կարճաժամկետ (մինչեւ 1 տարի), միջնաժամկետ (մինչեւ 5 տարի) եւ երկարաժամկետ (5 տարի եւ ավելի) կտրվածքներով: Կարճաժամկետ կտրվածքով հիմնական գործոնը, ըստ AEPLAC-ի, տրանսպորտային ծախսերի հնարավոր նվազումն է: Դրա կողքին կլինի առեւտրի ծավալների որոշակի աճ: Նույն այս միտումները երկարաժամկետ կտրվածքում կբերեն Հայաստանի եւ Թուրքիայի շուկաների փոխկապակցված վիճակի, ի հայտ կգա խորացող մրցակցություն, տրանսպորտային ծախսերի նվազման հետեւանքով փոփոխություն կկրի արտահանման կառուցվածքըՙ հօգուտ ծանր ապրանքատեսակների:

Համաձայն հետազոտության, Հայաստանի արտաքին առեւտրում, ըստ տարածաշրջանների եւ մասնավորապես Թուրքիայի, տեղի կունենան զգալի փոփոխություններ: Մասնավորապես, անգամ մեկ տարվա ընթացքում, ՀՆԱ-ի իրական աճը կկազմի մոտ 11 մլրդ դրամ, զբաղվածությունը կաճի 0,14 տոկոսով, արտահանման իրական աճը կլինի 5,23 տոկոս, պետական բյուջեի մուտքերի իրական աճը կկազմի 1,16 տոկոս:

Հետազոտությունը ենթարկվել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Ջոնաթան Հոթոնի փորձաքննության: Ըստ վերջինիս, հետազոտությունն իրականացնելիս «ընտրված է տվյալ առաջադրանքի համար ճիշտ մեթոդ... Սա մի հետաքրքրական եւ չափազանց բարդ ուսումնասիրություն է, որի արդյունքները միանգամայն հավանական եւ խելամիտ են...»:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը կարեւորեց տնտեսական հարաբերությունների տեսակետից կատարված աշխատանքը որպես եզակի: Ըստ պրն Ավետիսյանի. «Սպասելիքները մեծ էին եւ արդարացան: Մի քիչ ավելի սպասումներ կային, որ ներկայացվեր Հայաստանի տնտեսության վրա սահմանների բացման ազդեցությունը երկարաժամկետ կտրվածքով, սա չներկայացվեց»: Դավիթ Ավետիսյանը նշեց, որ հետազոտության ժամանակ կիրառված մոդելով ստացված գնահատականները պիտի հաշվի առնեն պետական մարմինները, քանի որ ազդեցությունները տարբեր կարող են լինել: «Օրինակ, տեղի կունենա աշխատատեղի կրճատում որոշ ոլորտներում, եւ դրա համար պետք է անել այնպես, որ տնտեսությունը շոկեր չապրի», ասաց պրն Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանների բացումը Թուրքիայի համար գերակայություն լինել-չլինելու հանգամանքին, ապա, ըստ Դավիթ Ավետիսյանի, Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացման դեպքում Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացման նպատակով միջոցներ պիտի ծախսի Եվրոմիությունը, մինչդեռ Թուրքիայի արեւելյան տարածաշրջանը կարող է զարգանալ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4