Մայր աթոռ Ս. Էջմիածինը, կրթության եւ գիտության նախարարությունն ու Երեւանի պետական համալսարանը երեկ առավոտյան գուժեցին մահը Հայ եկեղեցուՙ տարիքի ու մանավանդ վաստակի իմաստով ավագագույն սպասավորներից մեկիՙ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դեկան Գերշ. Տ. Շահե արք. Աճեմյանի: Մահը պատահել է հուլիսի 13-ի վաղ առավոտյան, կյանքի 79-րդ տարում, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո:
Դժվար է պատկերացնել Հայ եկեղեցու վերջին 50 եւ ավելի տարիների ամբողջական պատմությունն առանց Շահե սրբազանի մասնակցության: Լինելով խոր եւ բազմակողմանի զարգացման տեր անձնավորություն, տիրապետելով ֆրանսերեն, արաբերեն եւ անգլերեն լեզուներին, դիվանագիտական կարողություններով եւ հարաբերություններ մշակելու բնատուր ձիրքով օժտված եկեղեցական, դեռեւս աբեղայության շրջանից նա աչքի է ընկել կարեւոր ու դժվարին առաքելություններ ստանձնելու ընդունակությամբ: Ազգային-եկեղեցական մեր կյանքում, անցնող 4-5 տասնամյակներին, չի եղել կարեւոր ոչ մի ձեռնարկ, երբեմն շատ աղմկահարույց, որին Շահե սրբազանը չի բերել իր անմիջական մասնակցությունը, միշտ ի շահ եւ ի պաշտպանություն Մայր աթոռ Ս. Էջմիածնի:
Վերջին տասնամյակին մշտապես հաստատված լինելով Հայաստանում, Շահե սրբազանն իր ամբողջ ուժն ու կարողությունն ի սպաս դրեց այստեղ ակադեմիական-համալսարանական մակարդակի բարձրացնելու աստվածաբանությունը որպես գիտություն: Օգտագործելով իր միջազգային կապերը, նյութական միջոցներն ու գումար հանգանակելու կարողությունները, հիմնադրեց Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: «Կյանքիս ամենեն հանգիստ, երջանիկ եւ արդյունաբեր օրերը կապրիմ», ասում էր նա ֆակուլտետի դեկանի իր գրասենյակում, օրվա դասախոսություններից ու հոգսերից պարտասուն: Հրատարակեց կարեւոր գրքեր, օգնեց Մատենադարանին եւ Ազգային ակադեմիային, նպաստեց Հայաստանում քրիստոնական դաստիարակությանը, քարոզչությանը հեռուստատեսությամբ, Գեւորգյան ճեմարանում, տարբեր լսարաններում:
Հանգիստ իր հոգնատանջ մարմնին:
Հ. Ա.