Վերջերս մոսկովյան «ՌՈՍԻԱ» հեռուստաալիքը եթեր հեռարձակեց ուշագրավ մի հաղորդումՙ նվիրված Անաստաս Միկոյանին: 20-րդ դարի առաջին քառորդի աշխարհացունց իրադարձությունների հորձանուտում հայտնված Անաստաս Միկոյանն իր կյանքը կապեց Լենինի ստեղծած տոտալ համակարգի հետ: Ինչպես մեր ժամանակներում` 15 տարի առաջ, այնպես էլ 1917 թ., հասարակական կացութաձեւի 180 աստիճան փոփոխությունը բերեց ողբերգական իրադարձություններ, որոնց ընթացքում միլիոնավոր շարքային մարդկանց ողբերգական ճակատագիրը բաժանեցին նույն հեղափոխություն իրականացնողներն ու նվիրյալները: Նոր իշխանության համար կատաղի պայքարում խորտակվեցին խոշոր անհատականություններ Լեո Բրոնշտեյն Տրոցկին, Կամենեւ Ռեզելֆելդը, Զինովեւը, Ձերժինսկին, Ֆրունզեն, Կիրովը, Օրջոնիկիձեն, Տուխաչեւսկին, Մալենկովը, Մոլոտովը, Կագանովիչը, Խրուշչովը եւ շատ ուրիշներ: Տասնամյակներ տեւած այդ պայքարում կանգուն մնաց մեկ մարդ` Անաստաս Միկոյանը: Հետադարձ հայացք նետելով այդ մարդու անցած ճանապարհին եւ գործունեությանը, զարմանալ, ինչու չէ, նաեւ հիանալ կարելի է նրա ինտելեկտով, ճկուն մտքով, սթափ կշռադատելու կարողությամբ: Պատահական չէ, որ ռուս պատմաբանը նրան համարում է 20-րդ դարի լավագույն դիվանագետներից մեկը, համեմատելով այնպիսի գիգանտների հետ, ինչպիսիք էին Թալեյրանն ու Մետերնիխը:
Լինելով իր ժողովրդի ավանդապահ զավակը, Միկոյանը Մոսկվայում ստեղծեց մի բազմանդամ եւ շատերի նախանձն ու զարմանքը հարուցող գերդաստան, հավատարիմ մնալով իր իմաստուն կնոջ` Աշխեն Թումանյանին: Ընդամենը 26 տարեկանում նա արդեն ղեկավարում էր ամբողջ հյուսիս-կովկասյան երկրամասը: Այդ տարիներին առեւտրի ամբողջ համակարգը փլուզված էր եւ Կենտկոմի երիտասարդ անդամը ամեն ջանք գործադրեց սղաճի եւ քաղաքական խիստ հակամարտությունների այդ բարդ տարիներին ոտքի կանգնեցնելու առեւտրի համակարգը: 1934 թ. նոր կազմավորված սննդարդյունաբերության ժողկոմատը վստահորեն գլխավորեց Անաստաս Միկոյանը: Նրա ջանքերի շնորհիվ երկրում զրոյական մակարդակից զարգացավ պահածոների, շաքարի, թխվածքների, երշիկի, նրբերշիկի, ճարպերի արտադրությունը: Երկարատեւ գործուղման մեկնելով ԱՄՆ, նա մանրամասն ծանոթացավ այդ երկրի սննդարդյունաբերության տարբեր ճյուղերի տեխնոլոգիաներին: Արդեն 1937 թ. նա Ժողկոմխորհի նախագահի տեղակալն էր: 1937 թ. տեռորի ժամանակներում Միկոյանը չափազանց զգույշ էր իր քայլերի մեջ, մանավանդ Օրջոնիկիձեի ինքնասպանությունից հետո, երբ Ստալինը կանչեց նրան եւ սպառնաց: Դիկտատորի համար դժվար չէր 26 կոմիսարների գնդակահարությունից պատահաբար խուսափած միակ մարդուն` Միկոյանին մեղադրանք ներկայացնել: Այդ օրերին Միկոյանի կյանքը մազից էր կախված: Հետագայում որոշ մարդիկ մեղադրեցին Միկոյանին 1937 թ. Հայաստանում «զտումներին» մասնակից լինելու համար: Ինչ խոսք, այսպիսի մեղադրանքը զուտ էմոցիոնալ մոտեցումների հետեւանք էր: Նա Հայաստան էր եկել Գեորգի Մալենկովի հետ, որ այդ օրերին դեռ Կենտկոմի անդամ էլ չէր եւ իր մորն էլ չէր խնայի Ստալինի վստահությունը շահելու համար: Ժամանակները դավադիր էին, յուրաքանչյուրը հսկում էր կողքի կանգնածին: Միկոյանը ոչ մի հնարավորություն չուներ օգնելու հայրենակիցներին: Ավելին, Երեւանում դեռ չէին սկսել առաջին նիստը, երբ դուռը բացվեց եւ ներս մտավ Թիֆլիսից ժամանած Բերիան` ասես Միկոյանի վրա կրկնակի հսկողություն սահմանելու միտումով:
Այնուհանդերձ Մոսկվայում Միկոյանը կարողացավ օգնության ձեռք մեկնել գնդապետ Հովհաննես Բաղրամյանին, որ 1937 թ. սովորում էր գլխավոր շտաբի ակադեմիայում: Այս հաստատությունում եւս մոլեգնում էր «հեղափոխական գերզգոնությունը», խրախուսվում մատնությունը: Բաղրամյանին մեղադրում էին դաշնակցության բանակում ծառայելու մեջ: Ապագա մարշալին բարեկամները խորհուրդ տվեցին դիմել Միկոյանին: Վերջինս կարողացավ իր հայրենակցի գլխից հեռացնել Դամոկլյան սուրը:
Առավել մեծ է Միկոյանի ծառայությունը Հայրենական պատերազմի տարիներին: Հսկայածավալ աշխատանքը, որ օր ու գիշեր չէր դադարում Միկոյանի համար, կապված էր բանակի բոլոր տեսակի մատակարարումների, էվակուացիոն խնդիրների հետ: Պատահական չէր, որ դեռ 1943 թ. Միկոյանն արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Պատերազմից հետո Միկոյանը մնաց որպես Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ եւ արտաքին առեւտրի մինիստր:
1949-52 թթ.ՙ տեռորի նոր բորբոքման տարիներին Ստալինն արդեն հազվադեպ էր հրավիրում Միկոյանին: Նրան այլեւս չէր հրավիրում նույնիսկ քաղբյուրոյի նիստերին: Միկոյանը գրում է. «...նրա դժգոհությունը Մոլոտովից եւ ինձնից, որքան հասկանում եմ, վաղուց էր հասունացել... հանձինս մեզ նա տեսնում էր իր մութ գործերի վկաներին... նրա` տարիների հետ սրվող հիվանդ կասկածամտության պարագայում մենք պետք է վերանայինք»:
Ստալինի մահից հետո Անաստաս Միկոյանը նորից իր ակտիվ քաղաքական ու տնտեսական գործունեության բարձրակետում էր: Կոմկուսի XX համագումարում Միկոյանը կրքոտ ելույթ ունեցավ Ստալինի հասցեին եւ զարմացրեց բոլորին «կատեգորիկ որոշակիությամբ»: Այդ տարիներին Միկոյանը փայլուն դրսեւորեց իր դիվանագիտական ունակությունները: Դա վերաբերում է թե՛ 1956 թ. Լեհաստանում ստեղծված ճգնաժամին, թե՛ հունգարական դեպքերին, ինչի արդյունքում հնարավոր եղավ խուսափել մեծ արյունահեղումներից:
1956 թ. ՍՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու Անաստաս Միկոյանը Երեւանի իր ընտրողների ընդհանուր ժողովում ելույթ ունենալով, հատկապես շեշտեց Եղիշե Չարենցի ստեղծագործությունները տպագրելու, նրա անունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ասվածը ընդունվեց բուռն ծափահարություններով:
Ստալինյան սառույցի կոտրվելուց հետո Միկոյանը դիվանագիտական այցելություններ կատարեց Պակիստան, Հնդկաստան, Չինաստան: Անհրաժեշտ էր ճկուն, խելացի քաղաքականություն եւ ոչ թե կոպիտ թելադրանք: Միկոյանը կարողացավ վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Հարավսլավիայի նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոյի հետ, որի հետ սուր կոնֆլիկտի մեջ էր Ստալինը: 1959 թ. Միկոյանը մեկնեց ԱՄՆՙ բացելու ՍՍՀՄ ցուցահանդեսը եւ նախապատրաստելու Խրուշչովի այցը: Միկոյանը փայլուն կատարեց իր առաքելությունը: ԱՄՆ-ի Մամուլի ազգային ակումբը հայտնի էր օտարերկրյա դիվանագետներին եւ պետական գործիչներին սադրիչ հարցերով ու սուր բանավեճերով նեղը գցելու եւ քրտնաթոր դուրս հանելու սովորությամբ: Միկոյանի նկատմամբ հակառակը կատարվեց: Միկոյանը զարմացրեց ժուռնալիստներին սուր եւ հումորով պատասխաններով: Նույնիսկ Միկոյանին կատակով հարցրին. «Արդյոք նա չի՞ պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել սենատում»:
Կուբայական (Կարիբյան) ճգնաժամի օրերին` 1962 թ., երբ աշխարհը կանգնած էր երրորդ համաշխարհային պատերազմի փաստի առաջ, Միկոյանի դիվանագիտական փայլուն գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել համաշխարհային աղետից: Կուբայական ճգնաժամի խաղաղ լուծումը «Միկոյանի ամենակարեւոր «դերն» էր համաշխարհային դիվանագիտության մեջ»: Այս առիթով 60-ականների ամերիկյան մամուլը Միկոյանին համարեց «մեր ժամանակների հակաճգնաժամային լավագույն մենեջերը»: 1963 թ. Անաստաս Միկոյանի ակտիվ միջամտությամբ Արարատյան դաշտավայրից դուրս մղվեց բամբակի արտադրությունը, որը ծանր բեռ էր մեր գյուղատնտեսության համար: 1964 թ. Միկոյանն ընտրվեց ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ: Սովորաբար այս պաշտոնից էր սկսվում քաղբյուրոյի անդամների պաշտոնաթողության գործընթացը: 1965 թ. լրացավ Միկոյանի 70 տարին: Նոյեմբեր ամսին նա անցավ թոշակի:
Անաստաս Միկոյանը հայ ժողովրդի իմաստուն զավակներից է: Նա հայ մարդու ազգանունը արժանապատիվ ներկայացրել է աշխարհին: Թերահավատների համար ասենք, որ անցել են այն ժամանակները, երբ աշխատում էր «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» գազանաբարո կարգախոսը: Մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է արժանին մատուցել հայ ժողովրդի ականավոր զավակներին, անկախ նրանց կուսակցական, քաղաքական եւ այլ կողմնորոշումներից: Այսօր մենք ամենատարբեր ձեւերով եւ մոտեցումներով պետք է մեծարենք Անաստաս Միկոյանին, Աղասի Խանջյանին, Իվան Թեւոսյանին, մարշալ Խուդյակով-Խամփերյանցին եւ հայ ժողովրդի շատ այլ արժանավոր զավակների:
Եզրափակելով խոսքը Անաստաս Միկոյանի մասին, դիմում ենք Վանաձորի (նախկին Ղարաքիլիսա, Կիրովական) քաղաքի ղեկավարությանն ու ազգաբնակչությանըՙ հանրաքվե անցկացնել, փոխել «Վանաձոր» անիմաստ անվանումը, քաղաքը վերանվանել «Միկոյան»:
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ