Միջազգայինը ենթադրո՞ւմ է, թե՞ պարտադրում միջազգային լեզու. հայերենը արհամարհված
Արտերկրյա մի կինոբեմադրիչ նախնական տպավորությունները «Ոսկե ծիրան» փառատոնի մասին արտահայտելիս նշեց, որ ստեղծագործ մթնոլորտ կա, բայց մի 14 տարի հետո կտեսնենք: Իբրեւ միջազգային փառատոն կայանալու համար մեկ տարվա փորձը շատ է քիչ, բայց սա կինոյի միջոցով Հայաստանը եւ նրա մշակույթը միջազգայնացնելու եւս մեկ հնարավորություն է: Փառատոնի գեղարվեստական մակարդակի մասին վերաբերմունք արտահայտելը դեռ շատ վաղ է, սա պայմանավորված է լինելու ներկայացված ֆիլմերի որակով եւ դրանց ռեժիսորների ստեղծագործական անհատականությամբ: Սակայն մինչ այդ արժե բացման արարողության գեղարվեստական մակարդակին մի քանի հպանցիկ անդրադարձ անել: (Պատահական չէ արտերկրի բեմադրիչի կարծիքի վկայակոչումը, սա ընդամենը մեր հյուրամեծարման սովորույթից է):
Իսկ փառատոնի բացման արարողության վերաբերյալ պետք էր նկատի ունենալ, որ մշակութային ամեն ձեռնարկ, երբ պետական հովանավորություն է վայելում, արդեն իսկ ապահովում է գեղարվեստորեն ցածրաճաշակ մակարդակ, առավելապես եթե երգի պետական թատրոնի արտիստներն են տնօրինություն անում: Այդ օրը գավառական խեղճության ու անճաշակության մի ներկայացում բեմադրվեց օպերային թատրոնում: Բացման գրավոր հանդիսավարության պատիվը տրվել էր երգչուհի Նունե Եսայանին եւ երգիչ Արթուր Իսպիրյանին: Օպերայի դահլիճը լեփ-լեցուն էր, դժվար է ստույգ ասել, թե հանդիսականի քանի տոկոսն էր հայախոս, բայց հայտնապես փառատոնն անցկացվում էր Հայաստանում, եւ մեր օտարախոս հյուրերն էլ չնչին մաս էին կազմում: Խնդիրը, սակայն, թվաքանակը չէ, Երեւանի օպերային թատրոնի դահլիճից հայ հանդիսատեսը դուրս եկավ խոսքային ունկնդրումից գրեթե ոչինչ չհասկացած: Տպավորությունն այն էր, թե տեքստերի փոխնիփոխ ընթերցումով հաղորդավարները անգլերենի քննություն էին հանձնում: Ողջ ընթացքն անցկացվեց անգլերենով, բացառությամբ Վ. Օսկանյանիՙ նախագահ Քոչարյանի ուղերձի ընթերցման (երեւի չէին հասցրել թարգմանել) եւ փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքի: Ընդ որում, վերջինս տարակուսանք արտահայտեց իր խոսքիՙ եսայանական անհամապատասխան փոխադրման համար, որովհետեւ կասկածելիորեն կարճ, 1-2 նախադասությամբ հարցը փակվեց:
Դահլիճը էյֆորիայի մեջ ընկած, հավանաբար, հոլիվուդյան մակարդակի բացման արարողություն էր ակնկալում (մինչ այդ այնքան էին ուռճացրել): Ռուսոֆիլությունից մեկեն անգլոֆիլացված մեր հանրությունն ուշի-ուշով հետեւում էր բեմական զարգացումներին: Իսկ դրանք ընդամենն ազգային մի քանի երգեր էին եւ կինոյի համառոտ պատմությունը ներկայացնող էժանագին կաբարեի ներքնահագուստով ժամանակակից պարային խմբի բրոդվեյան մի անհաջող նմանակում:
Իհարկե, մտահղացման հիմքում փորձ էր արված Հայաստանը ներկայացնել իբրեւ քաղաքակրթությունների խաչմերուկՙ որքան զգայուն ու բաց օտար մշակույթների առաջ, նույնքան նախանձախնդիր ազգային մշակութային դիմագիծը պահպանելուն: Ուստի ազգային տարազով (նախշավոր, զոլավոր) արտիստների բեմելուն հաջորդեց հանդիսավարների տեքստի անգլերեն ներկայացումըՙ մոռացության մատնելով, որ ազգային ինքնության առաջին տարբերակիչը հենց լեզուն է:
Այս կարիկատուրային ընթացքը երգ ու երաժշտության խեղճության ֆոնին («աստղ» արտիստներիՙ Նունե Եսայան, Արթուր Իսպիրյան, Ալլա Լեւոնյան, Էմմա Պետրոսյան եւ Արամո, եւ այլք, ինքնավստահությունն ու տիրականությունն իրական խեղճությունը բնավ չէր փրկում) գագաթնակետին հասավ, երբ Ատոմ Էգոյանի անգլերեն խոսքին անհաղորդ դահլիճը հայերեն թարգմանություն պահանջեց: Որովհետեւ եթե Նունե Եսայանի եւ Արթուր Իսպիրյանի հանդիսավարման տեքստը դահլիճին առանձնապես չէր հուզում, սակայն «Արարատ» ֆիլմի հայ ռեժիսորի խոսքը բոլորն էին ուզում հասկանալ: (Միջանկյալ նկատենք, որ Նիկիտա Միխալկովը գուցե թե այս ամենից տարակուսած ռուսերենով խոսեց, որ բոլորին հասկանալի լինիՙ ակնարկելով ոչ վաղ անցյալի հայ-ռուսական ջերմ բարեկամությունը, ըստ որում դահլիճն ամենից ոգեւորությամբ նրա ֆիլմերի հատվածական համադրման ցուցադրությունն ընդունեց, թերեւս կարոտախտ էր խորհրդային կինոյի մի սիրելի շրջանի):
Զավեշտական այս կացությունից հետո (որովհետեւ Ատոմ Էգոյանի խոսքը չթարգմանվեց) Նունե Եսայանն, իհարկե, չզլացավ զգուշացնել, որ դարձյալ անգլերեն պիտի կարդա, որովհետեւ... այդպես էր գրված:
Այդպես գրված էր փառատոնային թղթերի վրա, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ արձանագրված է, որ երկրի պետական լեզուն հայերենն է, եւ կատարվածը «միջազգայնորեն» օրենքի խախտում էրՙ օտար հյուրերի ներկայությամբ:
Հայ երաժշտությունն ու երգը ներկայացվեց հիմնականում երգի պետական թատրոնի արտիստների մակարդակով: Արդյոք դա՞ է մաքուր հայ երգարվեստը: Այսօրվա Հայաստանի (կամ ապագայի) խորհրդանիշը փոքրիկ աղջնակն էր, շատ համակրելի, բայց անհասկանալին «ռոլիկներով» նրա ճեմելն էր օպերայի բեմինՙ Շուշան Պետրոսյանի «Հայաստան, երկիր հայրենիք» երգի հնչյունների ներքո: Իսկ էկրանին անցյալի հայ հոգեւոր մշակութային դրվագների ներկայացումն անհամադրելի, զավեշտական իրադրություն էր ստեղծում: Ինչ կապ ունի առհասարակ միջնադարյան հայ արվեստը նորօրյա շոուների հետ. այն, որ մենք ժամանակին համընթա՞ց ենք...
Ժամանակին համընթաց լինելը օտարին հաճոյանա՞լն էՙ սեփական լեզուն արհամարհելու ճանապարհով: Արդյոք այս ստրկամտությամբ մենք մեր վերջնական պարտությունը չե՞նք գրանցում 21-րդ դարասկզբինՙ այսպես նահանջելով մեր լեզվից ու ճշմարիտ մշակույթից:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ