«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


ՀԵՆՐԻԿ ՄԱՄՅԱՆԻ ԳՐՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱՆ

Հենրիկ Մամյանը արվեստի շրջանում հայտնի անուն է: Նա արդի գրահրատարակչական գործի այն անհատներից է, որի նկարչական ձեւավորումները հայտնի են մեր հանրապետությունից դուրս: Նկարչի բարձրակարգ պրոֆեսիոնալ հատկությունները երեւում են գրականության ասպարեզում նրա կատարած նկարազարդումներից: Նա տեսողական արվեստի հրաշալի լեզվով եւ հաջողությամբ ձեւավորել է ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային դասականների շուրջ 450 գիրք: Հ. Մամյանը հարազատ է մնացել այդ երկերում նկարագրվող պատմական ժամանակաշրջանին, աշխարհագրական, ազգային ու կենցաղային միջավայրին, դրանց գեղարվեստագաղափարական բովանդակությանը, հեղինակների աշխարհայացքին ու ստեղծագործական մեթոդին` բոլոր դեպքերում մնալով իբրեւ հայ նկարիչ եւ տալով ազգային հայկական որոշակի դեմք ունեցող գրքային գրաֆիկայի բարձրակարգ նմուշներ:

Գրքի նկարազարդումներում Մամյանը հատուկ ուշադրություն է դարձրել տվյալ գրական գործում ծավալվող գործողության ընթացքին, չի հեռացել տվյալ ստեղծագործության եւ կերպարների հոգեբանությունը տեսողաբար բացահայտելու ճշմարտությունից: Հենրիկ Մամյանի գրքային պատկերները մեծամասնությամբ իլյուստրացիաներ են եւ պայմանավորված են տեքստի սյուժետային-կոմպոզիցիոն հյուսվածքներով եւ կերպարների փոխհարաբերություններով:

Շահե արք. Աճեմյանի (այսօր հանգուցյալ) պատվերով եւ հովանավորությամբ Հ. Մամյանը ձեւավորել ու պատկերազարդել է Կոստան Զարյանի «Դյուցազներգություն» գիրքը, որը գրքի ձեւավորման նոր որակ է: «Ես գտել եմ իմ նկարչին»,- ասում էր Շ. Աճեմյանը: Վերջինիս խնդրանքով ձեւավորվել է նաեւ «Դավիթ Սաղմոսացի» գիրքը: Նկարչի մտահղացումները յուրահատուկ ձեւով դրսեւորվել է Վարուժանի «Հարճը», Ավ. Իսահակյանի «Աբու-լալա-Մահարի», Շանթի «Հին աստվածներ» ստեղծագործությունները նկարազարդելիս: Թերեւս ամենանշանավորը Էդմոնդ Տիգրանյանի «Անդրկովկասի հայ ճարտարապետները» գրքի ձեւավորման հրաշալի աշխատանքն էր, որ Իսպանիայում արժանացավ «Ոսկե մեծ գավաթ» մրցանակի: Պրոֆեսոր Հենրիկ Մամյանի պատկերազարդումներն ունեն գրական նյութը վերակերպավորելու որոշակի կողմնորոշում, եւ իբրեւ այդպիսին` հետեւողական ու ամբողջական են: Առաջիկայում նկարիչն արվեստասերներին կներկայացնի «Անուշի» եւ «Ախթամարի» նոր նկարազարդումները:

Անվանի նկարիչը մասնակցել է հանրապետական, համամիութենական եւ միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, համահեղինակ է Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարների աշխատանքների: Նկարիչն ավարտել է Գրիգոր Խանջյանի անավարտ «Վարդանանք» մեծադիր եռանկար դիմանկար-որմնանկարի «Վերածնունդ» մասը:

Ստեղծագործական իր անհատականությամբ Հ. Մամյանը ներկայումս ղեկավարում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի գծանկարի, գունանկարի եւ քանդակի ամբիոնը:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4