«Միկան»ՙ սեփական ուժերով, «Բանանցը»ՙ լեգեոներներով համալրված
Հայաստանի չեմպիոն «Փյունիկից» հետո այսօր մրցասպարեզ դուրս կգան Աշտարակի «Միկան» ու Երեւանի «Բանանցը», որոնք ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին հանդիպումները կանցկացնեն: ՀՀ գավաթակիր «Միկան» Ֆրանկֆուրտի «Կոմերցբանկ արենա» մարզադաշտում ուժերը կչափի գերմանական «Մայնցի» հետ: Այդ հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 23.30-ին: Իսկ «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19-ին կսկսվի «Բանանցի» եւ Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մրցավեճը:
«Մայնց»-«Միկա»
Անշուշտ, մեր թիմերից ամենաուժեղ մրցակիցը բաժին է հասել «Միկային»: Ու թեեւ 1905 թ. հիմնադրված «Մայնցն» առաջին անգամ է մասնակցելու եվրոգավաթներին, իսկ Գերմանիայի առաջնությունում ընդամենը 11-րդ տեղն է զբաղեցրել, սակայն մեծ ներուժ ունեցող թիմ է: «Մայնցը» նոր մրցաշրջանին նախապատրաստվում է հունիսի 23-ից եւ արդեն ստուգողական 3 հանդիպում է անցկացրել երկրի սիրողական ակումբներիՙ «Գերմանիայի», «Ալտենդիցի» եւ «Սահարբրյուկենի» հետ, որոնց հաղթել է (12-0, 14-0, 3-2): Գերմանական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, «Մայնցը» լրջորեն է նախապատրաստվում եվրոգավաթներում իր նորամուտին: Թիմն օրական երկու պարապմունք է անցկացնում, իսկ հուլիսի 3-9-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել: ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարի համար հատուկ մարզաշապիկներ են պատվիրվել: Ակումբը հոգացել է նաեւ թիմի երկրպագուների մասին: Վճարելով 398 եվրո, ֆուտբոլասերները թիմի հետ կժամանեն Երեւան «Բոինգ-757» ինքնաթիռով, որը նախատեսված է 231 ուղեւորի համար: Ինչ վերաբերում է այսօրվա կազմին, ապա արդեն 17 հազար տոմս է վաճառվել: Հանդիպումը սպասարկելու է Նորվեգիայի մրցավարական բրիգադըՙ Պեր Իվար Ստաբերգի գլխավորությամբ:
ՀՀ գավաթակիր «Միկան» 4-րդ անգամ է մեկնարկելու եվրոգավաթներում: Արդյունքները բավականին համեստ են. 6 խաղ, +1=1-4, 3-12: «Միկան» ապավինելու է սեփական ուժերին: Թիմն ուժեղացնելու նպատակով այլ ակումբներից ֆուտբոլիստներ չեն հրավիրվել: «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը Ֆրանկֆուրտ մեկնելուց առաջ «Ազգի» թղթակցի հետ զրույցում հետեւյալը նշեց. «Տղաները հաղթանակի հասնելու տրամադրվածությամբ են ասպարեզ մտնելու, ինչը հավատ է ներշնչում նրանց ուժերի հանդեպ: Ամենակարեւորը, որ հեռու մնան հոգեբանական ճնշվածությունից, միաժամանակ չթերագնահատեն մրցակցին: Հարկավոր է կազմակերպված ու գրագետ ֆուտբոլ ցուցադրել: Միայն ուժով չես հաղթի: Անչափ կարեւոր է միասնական մտածողությամբ ու խելացի խաղալը»:
«Բանանց»-«Լոկոմոտիվ»
Երրորդ անգամ Հայաստանի թիմերին բաժին է ընկնում Վրաստանի ներկայացուցիչը: 1997 թ. գավաթակիրների գավաթի մրցաշարում Երեւանի «Արարատը» մրցել էր Բաթումի «Դինամոյի» հետ (2-4, 0-2), իսկ հաջորդ տարի Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում «Էրեբունի-ՀՄՄ-ն» ուժերը չափել էր Քութաիսի «Տորպեդոյի» հետ (0-6, 1-1):
Թբիլիսիի «Լոկոմոտիվը» Վրաստանի հնագույն ակումբներից է, հիմնադրվել է 1936 թ.: 1990 թ. անցկացվող Վրաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում «Լոկոմոտիվին» միայն 7 տարի անց հաջողվեց տեղ զբաղեցնել ուժեղագույնների թվում: Եվ դա շնորհիվ Վրաստանի տրանսպորտի նախարարության խոշոր ներդրումների, ինչը հնարավորություն ընձեռեց թիմը համալրել բարձրակարգ ֆուտբոլիստներով: Եվ արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին: Թիմը 3 անգամ (2000, 2002, 2005 թթ.) նվաճեց երկրի գավաթը, դարձավ կրկնակի արծաթե մրցանակակիր (2001, 2002 թթ.), 1999 թ. նվաճեց բրոնզե մեդալները: Անցյալ մրցաշրջանում թիմը գրավեց 4-րդ տեղը (+16=15-5, 42-24)ՙ աչքի ընկնելով հուսալի պաշտպանությամբ: «Լոկոմոտիվը» 4 անգամ հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարումՙ անցկացնելով 10 խաղ (+1=3-6, 5-22):
Առաջնության ավարտից հետո «Լոկոմոտիվի» կազմը զգալի փոփոխության է ենթարկվել: Ակումբին հրաժեշտ են տվել 10 ֆուտբոլիստներ, այդ թվում Վրաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Գվարամաձեն եւ թիմի լավագույն ռմբարկու Միխայիլ Բոբոխիձեն (12 գոլ):
«Բանանցն» էլ եվրոգավաթների մասնակցության մեծ փորձ չունի: Առաջնության բրոնզե մրցանակակիրն ընդամենը 3-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Առայժմ «Բանանցը» եվրոգավաթներում չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Անցկացրած չորս խաղերից մեկն ավարտվել է ոչ-ոքի, 3-ում թիմը պարտվել է: Գնդակների տարբերությունն է 2-7: Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցի» խաղը մտահոգության տեղիք է տալիս: Ակումբի ղեկավարությունը վերջին շրջանում հիմնականում շեշտը դրել է տեղի երիտասարդ կադրերի վրաՙ թիմից հեռացնելով մրցաշրջանի սկզբում հրավիրած մի խումբ լեգեոներների: Այսօր թիմում մնացել են դարպասապահ Մանուչարի Իվարդավան ու Թեմուր Գանիեւը, կիսապաշտպան Գեորգի Փուրցելաձեն: Սակայն վերջին պահին «Բանանցը» որոշեց ամրապնդել թիմի կազմը նոր լեգեոներներով: Ալչեւսկի «Ստալից» հրավիրվել է կիսապաշտպան Յուրի Դուդնիկը: Մոլդովայի «Պոլիտեխնիկից» ընդգրկվել են կիսապաշտպան Լիլիան Գոլբան, հարձակվող Դումիտրու Գուշիլան ու պաշտպան Սերգեյ Սեկուն, «Զիմբրուից»ՙ Եվգենի Պոպովիչն ու բրազիլացի Ժոզե Ֆեռնանդեշ դա Սիլվան: Վերջին երկուսն առաջին խաղին չեն մասնակցի, քանի որ մարզիչների գնահատմամբ դեռեւս լավ մարզավիճակում չեն: Թե ինչ արդյունք կտա լեգեոներների հերթական խմբի հրավիրումը, ցույց կտա այսօրվա հանդիպումը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ