Ուղեգրի հարցը կվճռվի Երեւանում
Երեկ Ֆինլանդիայի Վալկեակոսկի քաղաքի «Տեխտահան Կենտիա» մարզադաշտում չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվել էր տեղի «Հակային»: Մեր ֆուտբոլիստները զիջեցին մրցակցին: Հանդիպման 25-րդ րոպեին Յուխա Պասոյայի խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց ֆինն ֆուտբոլիստներին: «Փյունիկը» լավ հնարավորություններ է պահպանում հուլիսի 20-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք թիմերի պատասխան խաղում ռեւանշի հասնելու մրցակցի նկատմամբ եւ նվաճելու հաջորդ փուլի ուղեգիր:
Չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջին օրը կայացած հանդիպումներից ամենաանսպասելին Լատվայի վերջին 14 տարիների անփոփոխ չեմպիոն Ռիգայի «Սկոնտոյի» ջախջախիչ հաշվով պարտությունն էր Մակեդոնիայի «Ռաբոտնիչկայից» (0-6): Նախորդ 13 խաղարկություններում լատվիացի ֆուտբոլիստները 10 անգամ հաջողությամբ հաղթահարել են չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը:
Իսկ ահա Մոլդովայի չեմպիոն «Շերիֆն» արդեն առաջին խաղում ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրըՙ հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթելով «Սլիմային»: Մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. «Կայրաթ»-«Արտմեդիա»ՙ 2-0, «Նեւթչի»-«Հաֆնարֆյորդուր»ՙ 2-0, «Լեւադիա»-«Դինամո» Թբ.ՙ 1-0, «Դինամո» Մն.-«Անորտոսիս»ՙ 1-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ