«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԼԱՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Նշում են ոռոգման համակարգերի միջազգային մասնագետները

Ավելի քան երեք տարի առաջ ՄԱԿ-ի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) 4 երկրներումՙ Եգիպտոսում, Մարոկկոյում, Թունիսում եւ Հայաստանում սկսեց իրականացնել ոռոգման համակարգերում մասնակցային կառավարման ներդրմանն ուղղված հետազոտական ծրագիր: Օրերս Երեւանում Հայաստանի եւ Եգիպտոսի աշխատանքային խմբերը եւ ծրագրի ղեկավարները քննարկեցին իրականացված աշխատանքները եւ տեսակետներ փոխանակեցին երկու երկրներում տեղի ունեցած բարեփոխումների առանձնահատկությունների ու ընդհանրությունների վերաբերյալ: Վերոնշյալ հարցերի եւ քննարկումների այլ մանրամասներին ծանոթանալու նպատակով նախ զրուցեցինք հայկական կողմը ներկայացնող ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի հետ:

- 2002 թ. Հայաստան եկավ միջազգային մասնագետների մեծ խումբ, որը ծրագիրն իրականացնելու նպատակով ընտրեց երկու տարածք: Այդ ընկերությունների բազայի վրա պետք է ստեղծվեր այն գիտական փորձը, որը հետագայում տարածվելու էր մյուս տարածքների վրա: Դրան զուգահեռ սկսվեց Համաշխարհային բանկի ոռոգման զարգացման վարկային ծրագիրը, որի կառուցվածքային բարեփոխումների բաղադրիչի շրջանակներում Հայաստանում ստեղծվեցին ջրօգտագործողների ընկերությունները:

Ծրագիրը գործում է ավելի քան երեք տարի: Սեմինարի մասնակիցները այցելել են երեք տարի առաջ ընտրված տարածքները, որտեղ ստեղծվել են «Գետիկ» եւ «Քասախ» ընկերությունները: Նրանք ականատես են եղել, որ երեք տարում առաջընթաց է արձանագրվել, եւ բավականին լավ տպավորություն են ստացել: Շատերը կարծում են, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ոռոգման բարեփոխումները մեկ-երկու տարվա գործընթաց են: Նրանք դատում են հավաքվող գումարներով, մոռանալով, որ ծրագրի գլխավոր նպատակը գյուղացուն ջրով ապահովելն է: Իհարկե, գումարը պետք է հավաքվի եւ ջրի դիմաց պետք է վճարումներ կատարվեն: Գյուղացին պետք է վստահ լինի, որ իր տված գումարը հասնում է շահագործողներին, այլ ոչ թե կորչում ճանապարհին: Այդ ամենը մենք չենք ունեցել, չենք ունեցել պայմանագրեր, հողի, ջրի հաշվառում: Այդ ամենը մեկ-երկու տարում կատարել անհնար է: Օրինակՙ այս տարի աշնանը Իսպանիան նշում է ՋՕԸ-ների հիմնադրման 50-ամյակը: Այդ երկրում հասկանում են, որ երկրի գյուղատնտեսության զարգացման հիմքն այդ ընկերություններն են: Սակայն անգամ նրանք չեն ասում, որ իրենք լրիվ կայացած են, այլ շարունակում են զարգանալ:

Հայաստանում ջրօգտագործողների ընկերությունների ստեղծման վերաբերյալ ծրագրի ղեկավար Նիկոլա Լամադդալենայի կարծիքը հետեւյալն էր.

- Ծրագրի իրականացման հենց սկզբից Հայաստանում շատ մեծ բարելավումներ են կատարվել համակարգի կառավարման փոխանցման տեսակետից: Ստեղծվել է մեխանիզմ, ըստ որի կառավարման պարտավորությունը փոխանցվել է ֆերմերներին: Դա շատ հետաքրքրական է: Այստեղ կարեւորն այն է, որ փոխադարձ վստահություն է առաջացել ֆերմերների եւ կառավարության միջեւ: Դա ամենաբարդ խնդիրներից մեկն է: Պետք է համոզել ֆերմերներին, որ այս փոխանցումը նրանց համար ամենակարեւորն է: Եթե ֆերմերները հասկանան եւ սովորեն ճիշտ կառավարել, կբարձրացնեն իրենց աշխատանքի արտադրողականությունը եւ կավելացնեն եկամուտները:

Կրկնում եմ, Հայաստանն այն երկրներից է, որ շատ լավ է իրականացնում մասնակցային կառավարման անցնելու բարեփոխումները:

Եգիպտոսի աշխատանքային խմբի ղեկավար Իսսամ Բարաքաթից հետաքրքրվեցինք, թե որո՞նք են Հայաստանի եւ Եգիպտոսի տարբերություններն ու նմանությունները: Սակայն մինչ այդ նա նշեց, որ իրենց լավ հնարավորություն է ընձեռվել սովորելու Հայաստանի փորձից:

- Ինձ թվում է, որ նմանությունն այն է, որ հողը մասնատված է փոքր հողակտորների: Առկա է մոտեցումների, մասնավորապես կառավարման համակարգի նմանություն, երբ ֆերմերներին հնարավորություն է տրվում մասնակցելու ոռոգման համակարգի կառավարմանը: Սակայն մեր երկրում չկան այնպիսի մեծ թեքություններ, ինչպիսիք Հայաստանում են: Եգիպտոսում ջուրը կառավարում ենք հարթավայրերում: Ջուրը բաշխվում է մեկ հիմնական ջրամբարից, որից էլ կախված է ամբողջ ոռոգման համակարգը: Բնականաբար մեր երկրները կլիմայական տարբերություններ ունեն: Եթե Հայաստանում բերքը ստացվում է տարեկան մեկ անգամ, Եգիպտոսումՙ տարեկան երեք անգամ: Սակայն դա էլ դժվարացնում է ջրի կառավարումը: Ոռոգվող հողերն ամբողջությամբ ընկած են Նեղոսի ափերին եւ դելտայում: Մնացածն անապատ է: Ոռոգվող տարածքը կազմում է երկրի ընդհանուր տարածքի ընդամենը 5 տոկոսը կամ մոտ 3 մլն հա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4