Այսօր աշխարհում մեծ ուշադրություն են դարձնում շենքերի ու շինությունների սեյսմակայունությանը: Հետաքրքրական է, որ դեռ 1909 թ. անգլիացի բժիշկ Ջ. Ա. Քալանթարյանցը Սկարբորո քաղաքից նամակ է գրել Սանտյագո Չիլիի սեյսմոլոգիական ծառայությանըՙ ուշադրություն հրավիրելով շինարարության բնագավառում իր առաջարկած նոր մեթոդի վրա, որը զգալիորեն կնվազեցնի երկրաշարժերի ազդեցությունը շենքերի վրա: Քալանթարյանցն իր գյուտը ներկայացրել է Բրիտանիայի արտոնագրային գրասենյակՙ առաջարկելով շենքերը կառուցել հատուկ նյութերից բաղկացած շերտերի վրա: Հայ գիտնականի սեյսմակայուն շինարարության առաջարկը ներկայումս հայտնի է որպես սեյսմամեկուսացում, որի գաղափարը գործնական կյանք մտավ եւ իրականություն դարձավ վերջին 25 տարումՙ ստեղծելով բազմաշերտ էլաստոմերիկ հենարաններ, որոնք ստացվում էին վուլկանացման արդյունքում ռետինե շերտերը բարակ մետաղական շերտերին ամրակցելու միջոցով: Այդ հենարանները կարող են կրել շենքի քաշըՙ թույլ տալով շենքին շարժվել ուղղահայաց երկրակեղեւի ուժեղ տատանումների ժամանակ: Այդ տեխնոլոգիայով ներկայումս Ճապոնիայում արդեն կառուցվել են 2500 սեյսմամեկուսացված շենք ու կառուցվածք:
«Հայաստանում սեյսմամեկուսացման գաղափարի հիմնադիրն ու ջատագովը «Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի» նախագահ, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանն է: 1993 թ.-ից նա նվիրվել է այդ կարեւորագույն խնդրինՙ գոյություն ունեցող շենքերի սեյսմիկ պաշտպանությանը, որն էլ վերջին 10-11 տարիներին մեծ հաջողությունների հասավ: Այդ աշխատանքների շնորհիվ Հայաստանն այդ ոլորտի առաջատար երկրներիՙ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, Իտալիայի հետ նույն շարքում է: Բայց մի բնագավառում Հայաստանը ճանաչված է համաշխարհային լիդեր. դա գոյություն ունեցող շենքերի մեկուսացումն է, որտեղ մարդիկ ապրում են կամ աշխատում: Այսինքնՙ հայ մասնագետները շենքերն աստիճանաբար կտրում են հիմքից եւ դրանց միջեւ տեղադրում սեյսմամեկուսիչներ: Դրանք 20-60 սմ տրամագծով շերտավոր ռետինամետաղական տարրեր են, որոնք կարողանում են զարգացնել մեծ տեղափոխություններ հորիզոնական ուղղությամբ եւ կլանել սեյսմիկ էներգիան: ՀՀ-ում այդ եղանակով ամրացվել է 2 շենք, երկուսն էլ Վանաձորումՙ առանց բնակիչներին տարհանելու: Առայժմ աշխարհում այդպիսի բան դեռ ոչ ոք չի արել: Հայաստան առաջին սեյսմամեկուսիչ բարձիկները բերվեցին Մալայզիայից, իսկ հետո արդեն սկսվեց նաեւ դրանց տեղական արտադրությունը: Զարգացած քիմիական արդյունաբերություն, գիտական միտք, ռետինամետաղամշակման ասպարեզում հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանն այսօր ի վիճակի է մրցակցել ամենազարգացած երկրների հետ: Այդօրինակ են հայկական «Ռետինե նորույթ» ընկերության արտադրած ռետինամետաղական բարձիկները, որոնք անհամեմատ (մի քանի անգամ) էժան են իրենց արտասահմանյան (Մալայզիայի) նմանօրինակներից ու որակով չեն զիջում եւ, բացի տեղական շուկան սպասարկելուց, արտահանվում են: 2004 թ. ԱՄՆ-ից «Կինետիկս նյուս կոնտրոլ» ընկերությունը պատվիրեց ու գնեց հայ մասնագետների բարձիկները, գործնական փորձարկման ուղարկեց Նյու Յորքի պետական Բուֆֆալոյի համալսարան ու ստացավ գերազանց պատասխան: Հայկական ընկերությունն այս տարի մեծ խմբաքանակի նոր պատվերներ է ստացել: Նրանց նորույթով հետաքրքրված են Իրանը, Իտալիան, Թուրքիան, Ռումինիան, Ռուսաստանը, Ղրղզստանը, Սիրիան եւ այլ պետություններ: Ի դեպ, այս տեխնոլոգիաների կիրառումը չափազանց կարեւոր է պատմական հուշարձանների, արդյունաբերական օբյեկտների, բնակելի շենքերի, ատոմակայանների, քիմիական գործարանների եւ բարձր ռիսկայնության մյուս օբյեկտների համար: Սակայն մինչ այժմ Հայաստանն այդ ուղղությամբ, որի մասնագետների օգնությանն են դիմում վերոհիշյալ երկրները, ոչ մի պետական ծրագիր չունի: Ծրագիր, իհարկե, կա, ֆինանսավորում չկա, նշում էին մասնագետներն ու շեշտում մասնավոր «Էլիտ գրուպ» ընկերությանը, որը ստիպված է մի շարք դժվարություններ հաղթահարելՙ կապված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք դեռ մշակման փուլում են...
Մինչ ՀՀ-ում «Էլիտ գրուպի» շենքերի նախագծերը փորձաքննության էին ենթարկվում (որը բարեհաջող անցավ), Վատիկանից ստացվեց ոլորտի ամենաճանաչված փորձագետիՙ Հակասեյսմիկ համակարգերի միջեւ ընկերակցության նախագահ, ճարտարագիտական գիտ. դոկտ., պրոֆեսոր Ալեսանդրո Մարտելիի դրական գնահատականը «Էլիտ գրուպի» նախագահ Արմեն Մկոյանին:
Եթե մեր մասնագետների ստեղծած սեյսմամեկուսիչները միայն դրական ու գովեստի են արժանանում, ապա ինչու տեղական արտադրողին չաջակցել եւ ճիշտ նույնըՙ մի քանի անգամ ավելի թանկը ներկրել Մալայզիայից: Ահա այս հարցերն են, որ լուրջ խորհելու տեղիք են տալիս...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ