«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


ՋԵՌՈՒՑՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՎԱՐԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՑ

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանին տրված հերթական վարկային ծրագիրըՙ 15 մլն դոլար արժողությամբ: Ինչպես տեղեկացրեց ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնը, քաղաքային ջեռուցման ծրագիրը նպատակ ունի աջակցել բազմաբնակարանային շենքերում կառավարության ռազմավարության իրականացմանը:

Ծրագիրը պետք է իրագործվի 4 տարում եւ բաղկացած է լինելու 4 փուլից: Առաջինն ուղղված է դպրոցներում ջեռուցման բարելավմանը: Այն կազմում է 6,25 մլն դոլար: Նախատեսվում է բարելավել Երեւանից դուրս գտնվող քաղաքային 100 դպրոցների ջեռուցումը: Ռոջեր Ռոբինսոնն ընդգծեց, որ բոլոր դպրոցների համար նույն լուծումները չեն առաջարկվելու:

Հաջորդ բաղադրիչը ջեռուցման խնդիրների լուծումն է ամենաաղքատ տնային տնտեսություններում: Կընտրվեն ամենաաղքատ 10 հազար տնտեսությունները: Այս նպատակով կհատկացվի 4 մլն դոլար: Միջինը 400 դոլար յուրաքանչյուր տնտեսությանը: Գազամատակարարման համակարգին միանալու ծախսը կարող է արժենալ 300 դոլար կամ ավելի: Սակայն այստեղ նույնպես լուծումները նույնը չեն լինի: Աղքատ ընտանիքներն ընտրվելու են աղքատության ընտանեկան նպաստներ ստացողներից:

Երրորդ բաղադրիչը վարկային գծի տրամադրումն է բնակիչներին համատիրությունների միջոցով: Ըստ ՀԲ ներկայացուցչի, լավագույն տարբերակը չէ, երբ բնակիչներից յուրաքանչյուրը միայնակ է լուծում իր ջեռուցման հարցերը: Առավել լավ տարբերակ է շենքի համար կաթսայատուն կառուցելը եւ ամբողջ շենքը ջեռուցելը: Գումարը տրամադրվելու է բանկերին, որոնք էլ շուկայական տոկոսադրույքներով դրանք կտրամադրեն համատիրություններին: Այս բաղադրիչը կարժենա 6 մլն դոլար: Եվ վերջապես, 4-րդ բաղադրիչն անվտանգությունն է: Հիշատակելով դժբախտ դեպքերը ջեռուցման շրջանի ժամանակ, Ռոջեր Ռոբինսոնն այս բաղադրիչը նույնպես խիստ կարեւորեց: Այս նպատակով հատկացված գումարը կազմում է 3,9 մլն դոլար:

Տեղեկացվեց նաեւ, որ այս ծրագրին, բացի Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներից, 2,9 մլն դոլար դրամաշնորհ կհատկացվի ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամից: Բնականաբար, ծրագրին իր համաֆինանսավորմամբ պետք է մասնակցի նաեւ կառավարությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4