«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՏԱՀԱՅՏԻ

Եթե պարզվի, որ բաշխիչ ցանցերը վաճառվել են առանց ընթացակարգերը պահպանելու

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը, երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ «Հայաստանի էլեկտրացանցերի» վաճառքի մասին տեղեկություն ստանալու համար ինքն առայժմ որեւէ գրավոր հարցում չի ներկայացրել Հայաստանի կառավարությանը: Նա հայտնեց, որ ոչ պաշտոնական խոսակցություն է ունեցել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: ՀԲ ներկայացուցիչը հայտնեց, որ այդ հարցով իր անհանգստությունն է հայտնել նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Միակ նորությունը, որ Ռոջեր Ռոբինսոնը հայտնեց, այն է եղել, որ երեկ առավոտյան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նամակ է ուղարկել ցանցերի սեփականատեր ընկերությանը: ՀԲ ներկայացուցիչն առաջիկա օրերին ոչ պաշտոնական հանդիպումներ է ունենալու կառավարությունում: Համենայն դեպս, նա հավաստիացրեց, որ սա օրակարգային առաջնահերթ հարցերից է լինելու: Եթե բաշխիչ ցանցերը վաճառված լինեն առանց պայմանագրում եւ լիցենզիայում նշված պայմանների կատարման, ապա Համաշխարհային բանկն իր հիասթափությունը կհայտնի դրանից: Դա, ըստ Ռոջեր Ռոբինսոնի, ազդանշան կլինի, որ Հայաստանում օրենքի գերակայությունը չի պահպանվում, ինչն էլ հետեւանք կունենա մյուս ծրագրերի վրա: «Մեր նպատակն է բարելավել գործարար միջավայրը Հայաստանում, բայց ինչպե՞ս է դա արվելու, եթե օրենքի գերակայությունը չի պահպանվում», նման հարցադրում կատարեց ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը:

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը կպարզվի: Այս կարծիքը հայտնելով, Ռոջեր Ռոբինսոնը ասաց, որ չի կարող յուրաքանչյուր ասեկոսեի առնչությամբ զանգել վարչապետին եւ ճշտել դրա իսկությունը: «Միգուցե ենթադրվում է, որ գործարքը ցանկանում են կատարել, բայց դեռ չեն կատարել», ասաց նա, ավելացնելով, որ այստեղ ինչ-որ մեկը թյուրիմացության մեջ է, որը պետք է պարզել:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4