«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2005-07-13 | #129, 2005-07-14 | #130, 2005-07-15


ԱՌԻՆՔՆՈՂ ԵՎ ՀԱՐԱԶԱՏ, ԻՆՉՊԵՍ ՊԱՊԻԿԸ

Շահե սրբազանն իր ներկայությամբ, շենշող բնավորությամբ եւ իր մեծ հոգատարությամբ հայ գրի, գրքի, գրչի մարդու եւ մտավորականի նկատմամբ առանձնանում էր մեր ընդհանուր անտարբեր իրականության պայմաններում եւ այդ իմաստով որպես երեւույթ, որպես անհատականություն, անշուշտ, մեր օրերի հայ իրականության ամենաակնառու դեմքերից էր: Շատ մեծ բան պակասեց մեր կյանքում եւ, ցավոք, կարծում եմ, նրա տեղը բաց կմնա: Ինքը առինքնող անձնավորություն էր, իր բնավորությամբ, սովորույթներով, իր մեղմությամբ, հոգատարությամբ` անխտիր բոլորի նկատմամբ: Շատ հաճախ էինք նկատում, որ օտար մարդիկ էին հավաքվում նրա ընդունարանում, որոնք գալիս էին նրա օգնությունն ու գթասրտությունն ակնկալելու խնդրանքով: «Սա իմ կյանքն է», նրանց այցերն ու իր օգնությունն այդպես էր մեկնաբանում սրբազանը:

Լինելով հայ ժողովրդի պատմության դասախոս, դասավանդել եմ աստվածաբանական ֆակուլտետում եւ սրբազանի հետ երկար տարիներ աշխատել: Ես տեսել եմ նրա հոգատարությունն ու սերը ուսանողության նկատմամբ: Ուսանողներն էլ ի պատասխան սիրում ու հարգում էին նրան ոչ միայն որպես դեկանի, այլեւ որպես մարդու, անձնավորության, անհատականության, վերջապես որպես հարազատի ու պապիկի: Ես գիտեմ, որ ուսանողներն իրեն հետեւից «պապիկ» էին անվանում որպես սիրո, այլ ոչ թե քամահրանքի կամ դժգոհության արտահայտություն: Պապիկ, որը սիրում է իր զավակներին ու թոռներին եւ հոգատար է նրանց նկատմամբ:

Չափազանց արժեքավոր եմ համարում նրա ջանքերը հայ պատմական գրականության անծանոթ մնացած էջերը հրատարակելու ուղղությամբ: Հատկապես «Ազգապատումի» չորս մեծադիր հատորները, որոնց հրատարակման համար մեկենաս գտնելը, շարվածքը պատրաստելը հսկայական ջանք ու եռանդ էին պահանջում: Նա հիմնադրեց «Շահե Աճեմյան» մատենաշարը, որով մի շարք կարեւորագույն գրքեր տպագրեց եւ նպաստեց հայագիտության զարգացմանը: Այն, ինչ նա անում էր աստվածաբանական ֆակուլտետում անզուգական էր: Նա հիմնադրեց, ոտքի կանգնեցրեց ֆակուլտետը, կենտրոնացրեց աստվածաբանական գրականությունը եւ ամեն ջանք ներդրեց, որպեսզի ֆակուլտետը կայանա եւ հետ չմնա համապատասխան եվրոպական ֆակուլտետների չափանիշներից:

Շահե սրբազանը մեր իրականության ամենաերեւելի դեմքերից մեկն էր:

ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ

Հավատքի ու գիտության երախտավորը

Շահե սրբազանը բարձր հեղինակություն ունենալով մեր եւ ընդհանուր եկեղեցական կյանքում, 1990-ական թվականներից սիրված եւ հարգված անուն դարձավ նաեւ հայաստանյան միջավայրում` իր գիտամշակութային տարբեր ձեռնարկումներով եւ ընտիր արեւմտահայերենի ու մեր եկեղեցական ավանդույթի վրա խարսխված, այսօրվա մարդու հոգեւոր ներաշխարհին այնքան համահունչ քարոզներով:

Թե՛ հոգեւոր կյանքում եւ թե՛ ընդհանուր եկեղեցագիտական բնագավառում Շահե սրբազանը ցույց տվեց, թե ինչպես արեւմտյան ավանդներն ու մեթոդները պետք է տեղայնացնել ու միահյուսել մեր ազգային եկեղեցական կյանքին, հարստացնելով այն, եւ ոչ թե ընթանալ ընդօրինակման եւ հայկականը համընդհանուրին հարմարեցնելու ճանապարհով:

Կարծում եմ ասվածի լավագույն գրական արտահայտություններից են Շահե սրբազանի կրոնագիտական եւ եկեղեցագիտական հոգեւոր մեծ խորքով հոդվածները, որոնք տարիներ շարունակ տպագրվել են «Էջմիածին» ամսագրի էջերում այդ թվում եւ իմ աշխատակցության, ինչպես նաեւ խմբագիր եղած շրջանում: Շահե սրբազանի թե՛ գրածների եւ թե՛ ընդհանրապես ըմբռնումների համար ելակետային էր այն միտքը, որ հաճախ էր սիրում կրկնել` հավատքը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է գիտությունը:

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր

Նա ավարտել էր կյանքի համալսարանը

Հայ եկեղեցու անդաստանում 20-րդ դարի վերջի ամենահայտնի եկեղեցականներից մեկն էր նա: Մեծ կարողությունների տեր անձնավորություն էր` հարուստ գիտելիքներով եւ համալսարանական կրթությամբ: Նաեւ կյանքի համալսարանն ավարտած անձնավորություն էր. լավ աստվածաբան, միջազգային քաղաքականության լավ գիտակ: Հարազատ ու անմնացորդ ծառայող էր Մայր աթոռ Սուրբ էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոսության` սկսած երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսից մինչեւ Գարեգին Բ հայրապետը: Բոլորանվեր կերպով իր անձը, մտային կարողությունները եւ ունեցվածքը Մայր աթոռ Սուրբ էջմիածնի տրամադրության տակ էր դրել:

Կորուստը մեծ է Հայ եկեղեցու համար: Մենք միայն ասում ենք` Աստված հոգին լուսավորի եւ օրհնյալ լինի նրա հիշատակը:

ՆԵՐՍԵՍ ԱՐՔ. ՊՈԶԱՊԱԼՅԱՆ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

Մեր հրեշտակն էր նա

Շահե արք. Աճեմյանի մահվամբ Հայ եկեղեցին ու հայ գիտությունը կորցրեցին անխոնջ ու հայրենասեր գործչի: Հատկապես պարտական ենք Շահե արքեպիսկոպոսին Մատենադարանին արած բարեգործությունների համար: 90-ական թթ. այն դժվարին տարիներին նա կամովին եկավ Մատենադարան աշխատանքի եւ ամեն ինչ արեց Մատենադարանի շենքի վերանորոգման համար: Նա կարողացավ վերականգնել Մատենադարանի ջեռուցման խնդիրը, ավտոմեքենա գնեց եւ օգնեց աշխատակիցների ամենամյա նյութական օգնություն ստանալուն:

Այն հոգեւորականներից էր, որ բարձր էր գնահատում գիտության արժեքը եւ իր հնարավորությունների սահմանում նպաստում էր գիտնականների աշխատությունների հրապարակմանը: Մասնավորապես նա բարձր էր գնահատում Մատենադարանի պահոցներում գտնվող կաթողիկոսական գրագրությունների արժեքը եւ հրապարակեց «Դիվան հայոց պատմության» գրքի երկրորդ հատորը, պատրաստվում էր հրատարակել նաեւ երրորդը:

Նրա անշահախնդիր նվիրումի համար ՀՀ ԳԱԱ-ն շնորհել է նրան ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: Սրբազանը մեծ գործ կատարեց Աստվածաշնչի քննական բնագիրը պատրաստելու ուղղությամբ: Կարծես, նրա համար եկեղեցու ամրապնդումից ու գիտության զարգացումից բացի, այլ հոգս չկար:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Մատենադարանի գիտխորհրդի նախագահ, փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր
ՎԱՐԴԱՆ ՔԵՈՍԱՅԱՆ, ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դասախոս, Մատենադարանի գիտաշխատող, բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու

Առանց Շահե սրբազանի դժվար է լինելու

Շահե սրբազանի մահը մեծ կորուստ էր մեր մտավորականության եւ մասնավորապես ԵՊՀ-ի համար:

Արտակարգ հետաքրքրական էին նրա դասախոսությունները եւ բոլորին հրապուրում էին նրա կազմակերպած բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումները:

Առանց Շահե սրբազանի շատ դժվարությունների պիտի հանդիպենք աստվածաբանական ֆակուլտետի գիտական ուսումնական գործունեությունը ներկա մակարդակին պահելու եւ շարունակելու համար: Մյուս կողմից էլ նա շատ կարճ, բայց փայլուն ու վառ լույս եղավ մեր համալսարանի պատմության մեջ: Հետեւաբար նա այն երախտավորների շարքը կդասվի, որոնք մեծ ներդրում են բերել մեր համալսարանին:

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԵՊՀ ռեկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4