Հետզհետե խորանում է ժողովրդի եւ իշխանությունների միջեւ եղած անջրպետը, քանզի կառավարությունը ոչ միայն քիչ է մտահոգվում մարդկանց սոցիալական վիճակի բարելավմամբ, այլեւ իր անհաշվենկատ քաղաքականությամբ ավելի է խորացնում ժողովրդի մեջ առաջացած սոցիալական անհավասարությունը, թեեւ իշխանական բարձր ամբիոններից հաճախ վերամբարձ խոսքեր են լսվում կյանքի առաջընթացի մասին: Ո՞ւմ հայտնի չէ, որ բնակչության կեսից ավելին ընչազուրկ է, շատերը աշխատանք չունեն, իսկ հազարավոր ընտանիքների հայրենիքից հեռանալը համարվում է սովորական երեւույթ:
Ցավալի է, որ ժողովրդի ցածր կենսամակարդակի ընդհանուր ֆոնի վրա հարստանում է մի խավ, որի մեջ մտնում են միջին ու բարձր չինովնիկները, որոնք ունեն իրենց չգրված օրենքները, նաեւ նրանք, որոնք ներգրավված են արտասահմանյան վարկերի իրականացման աշխատանքներում: Այդ խումբը համալրում է նաեւ ԱԺ պատգամավորների մեծ մասը, որոնցից շատերը ոչ միայն օլիգարխներ են, այլեւ իշխանական լծակներից ազատորեն օգտվողներ:
Անկախացումից անցել են շատ տարիներ, սակայն ժողովրդի սոցիալական վիճակը քիչ է փոխվել, մարդիկ էլ, թաղված ծանր հոգսերի մեջ, երես թեքեցին քաղաքական իրադարձություններից, որն ավելի անպատժելի ու համարձակ դարձրեց իշխանավորներին:
Տեղին է հիշեցնել հին իմաստությունը, որ Կեսարն այդպես գայլ չէր դառնա, եթե չտեսներ, որ հռոմեացիները ոչխարի հոտեր են: Մեր իշխանավորները շատ լավ հասկանում են, որ չկա մի ուժ, որը կարողանա բռնել իրենց ձեռքը եւ պատժել իրենց կատարած անօրինականությունների, թալանի, կաշառակերության համար: Ոչ մի բարձրաստիճան պետական այր մինչ օրս պատասխան չի տվել իր արածների ու անկարողության համար: Այդ ամենի պատճառն, անշուշտ, եղել է ժողովրդի միասնական ուժի բացակայությունը, որը հաշիվ չի պահանջել նրանցից, ովքեր զբաղեցնելով բարձր պաշտոններ ու բազում անօրինականություններ կատարելուց հետո կա՛մ հանգիստ հեռացել են, կա՛մ այլ աթոռներ զբաղեցրել, թեեւ այդպիսիների մասին շատ է գրվել ու խոսվել:
Տարիներ շարունակ մեր ժողովուրդը եղել է անորոշության մեջ, իսկ վերջին տարիներին այն ավելի է խորացել. չգիտի ում հավատա, չէ՞ որ այսօր վարկաբեկված է կառավարությունը, վարկաբեկված է Ազգային ժողովը, չկա մի կառույց, որ վարկաբեկված չլինի, չկա մի քաղաքական ուժ, որին անվերապահորեն հավատա, մի՞թե այդ ձեւով հնարավոր է երկիր կառուցել: Անպատժելիությունն այսօր դարձել է չարիքՙ սկսած կենցաղային ոլորտներից, վերջացրած պետական, տնտեսական շրջանակներով: Անպատժելիությունը տարիներ շարունակ կարծես օրենքի ուժ է ստացել, որի դեմ, ինչպես երեւում է, հնարավոր չէ պայքարել: Պատահական չէր, որ Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը դեռ տարիներ առաջ համոզվել էր, որ հնարավոր չէ պայքարել հանցանքներ գործած պաշտոնյաների դեմ, ուստի լրագրողների հետ հանդիպման ժամանակ (6.4.2000 թ.) պարզորոշ ասել է, թե այդպիսիների նկատմամբ պետք է կատարել ամնիստիա, ավելացնելով. «...Ինչ-որ պահից պետք է ասենքՙ լսեք, տղերք, ինչ լափել եք, հալալ լինի... Ուրիշ ճար չկա»: Չգիտեմ, հիմա ինչպե՞ս է մտածում այսօրվա ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, հիմա՞ էլ ճար չկա, թե՞ ամեն ինչ արդեն օրինաչափ է: Բոլորը լավ գիտեն, որ այսօր էլ գործադիր եւ օրենսդիր մարմիններում տեղեր են զբաղեցնում մարդիկ, ովքեր ոչ միայն չունեն համապատասխան գիտելիքներ, այլեւ այդ պաշտոնների համար անկարող են: Զարմանալի չէր, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն այնքան լավ գիտի մեծերի խոհանոցը, դեռ նախագահական ընտրությունների օրերին հարցազրույցներից մեկում պարզորոշ ասաց. «...Պետական պաշտոնյայի նշաձողն այնքան է իջել, այնքան պատահական մարդիկ են հայտնվել բարձր ու պատասխանատու պաշտոններում, որ կողքից նայողն ասում էՙ եթե այս մարդը նախարար է, ինչո՞ւ ես չեմ կարող լինել նախագահ»: Անշուշտ, շատերը կհամաձայնեն պաշտպանության նախարարի այս կարծիքին, միայն մնում է հարցնել, թե նման մարդիկ որքա՞ն ժամանակ դեռ կմնան բարձր ու պատասխանատու պաշտոններում, երբեմն նաեւ պաշտպանության նախարարի աջակցությամբ:
Եթե մեր իշխանություններին մտահոգեր ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, ապա դեռ երկու տարի առաջ այդքան չէր բարձրացնի պետական պաշտոնյաների, դատավորների, պատգամավորների աշխատավարձերը, իսկ պատգամավոր Գալուստ Սահակյանը պաշտպանելով կառավարության այդ նախաձեռնությունը, միամիտի կեցվածք ընդունելով չէր ասի, թե ինչ գումար է սա, եթե բաժանենք բնակիչների վրա, յուրաքանչյուրին տասը դրամ էլ չի ընկնի: Չգիտես խնդա՞ս, թե՞ լաց լինես:
Մի կողմից խորանում է մարդկանց սոցիալական անհավասարությունը, մյուս կողմիցՙ ուռճանում պետական համակարգը: Մեր փոքրիկ հանրապետությունում ուռճացած պետական այնպիսի համակարգ է գործում, որ ակամա ուզում ես մտածել, թե մեր երկրի աղքատիկ բյուջեն ինչպե՞ս է կերակրում չինովնիկների այս հսկա բանակը:
Ցավով ենք ականատես դառնում մեր Ազգային ժողովի գործունեությանը, որը ոչ միայն չի կարողանում ազգանպաստ որոշումներ ընդունել, այլեւ առանձին դեպքերում վիժեցնում է շատ կարեւոր հարցերի քննարկումը (քվորում չլինելու պատճառով): Հասկանալի է, որ պատգամավորների մի մասին չի հետաքրքրում պատգամավորի իրենց պարտականությունը, նրանք ունեն գործունեության այլ շրջանակներ, իսկ պատգամավորական մանդատը ծխածածկույթ է իրենց տեսանելի եւ ոչ տեսանելի գործունեությունն ապահովագրելու համար: Պատահական չէ, որ հենց պատգամավոր Մանուկ Գասպարյանը վերջին 5, 6 ամիսներին Ազգային ժողովի ընդունած օրենքների 80 տոկոսը որակեց «բռակ» («Առավոտ», 4.3.2005 թ.): Կամ մի՞թե զավեշտի չի հասնում, երբ պատգամավորը թաղման պսակ է դնում Ազգային ժողովի շենքում եւ լուռ հոգեհանգիստ կարդում: Հասկանալի էՙ որքան խորանա ժողովրդի եւ իշխանությունների միջեւ եղած անջրպետը, այնքան կմեծանա մարդկանց անվստահությունը, հետեւաբար քանի դեռ ժողովուրդն ակտիվորեն չի մասնակցել երկրի քաղաքական, տնտեսական կյանքին ու իրեն չի համարել իր երկրի տերը, կունենանք այն, ինչ ունենք այսօր:
ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ