Համոզված է Հիլդա Գալֆայան-Փանոսյանը
Հայության գոյության ողջ ընթացքում հայոց գրերի գյուտի մեծագույն նշանակությունը երբեւէ չի խամրել: Այն մեր ազգի մշակութային անկախությունն ապահովելովՙ ինչ-որ չափով լրացրել է քաղաքական անկախության կորուստը: Հայոց գրերի պատմական նմանօրինակ եւ մերօրյա դերակատարությունն էլ ավելի է պարտավորեցնում մեծ պատասխանատվությամբ դրանց գոյության 1600-ամյակը նշել: Հայ լեզվի պաշտպանության միության վարչական խորհրդի նախագահ Հիլդա Գալֆայան-Փանոսյանի (Փարիզ) այս մոտեցումն ըստ էության գիտակցված եւ գործարկվում է պատասխանատու անձանց կողմից: Չնայած դրան, տիկին Գալֆայան-Փանոսյանը մտահոգված է տասնհինգ դար առանց որեւէ ընդմիջման օգտագործված մեսրոպյան ուղղագրության այսօր Հայաստանում ոչ գործածական լինելով: Նա ավելի խիստ է արտահայտվում. «Մեսրոպի ստեղծած այբուբենը եւ ուղղագրութիւնը անջատել իրարմէ եւ միայն այբուբենի ստեղծման 1600ամեակը տօնել, երբ Հայաստանի տարածքին 1922էն ի վեր «ԱՐԳԻԼԵԱԼ» կը մնայ իր ստեղծած ուղղագրութիւնը»: Տիկին Գալֆայան-Փանոսյանի կարծիքով, իբր Հայաստանում արգելված է հենց մեսրոպյան բառը: Հայոց լեզվի պաշտպանությամբ զբաղվող դոկտորը մեր թերթի միջոցով դիմելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանինՙ հարկ է համարում ասել. «Իր հայրենիքին մէջ իսկ արժեզրկուած, շնորհազրկուած գիւտի մը փառաբանանքը ընելը անհանգիստ կացութեան մը չի՞ մատներ Ձեր նախագահութեան տակ գտնուող 1600ամեակի յանձնաժողովը եւ ՀՀ իշխանութիւնները...», նաեւ առաջարկում է. «յիշեցնել բոլորին, պաշտօնական յայտարարութեամբ եւ մամուլի միջոցաւ, որ Մեսրոպեան ուղղագրութեան Հայաստանի մէջ օգտագործումը արգիլող 1922ի դեկրետը 12 տարիէ ի վեր փոխարինուած է 1993ին ընդունուած ՀՀ Սահմանադրութեան «Լեզուի մաին օրէնք»ով, որ կը պատգամէ «երկու ուղղագրութիւններու միասնականացումը»: Յիշեցնել բոլորին, որ Պետութեան կամքը միասնականացումն է եւ ոչ թե Մեսրոպեան ուղղագրութեան արգիլեալ վիճակին յաւերժացումը»: Նամակագիրը գտնում է, որ առաջարկվող հիշեցումը կվերացնի մեսրոպյան բառի վրա դրված «տաբուն» եւ հասարակությունը առանց որեւէ վախի կսկսի օգտագործել այն եւ մասնագետներն էլ իրենց զեկույցներում ավելի համակողմանիորեն կարտահայտվեն մեսրոպյան գյուտի մասին. «Մեսրոպյան ուղղագրութիւնը մարդոց մտքերուն մէջ կը դադրի արգիլեալ ըլլալէ եւ կը գրաւէ Յոբելեարի վայել իր դիրքը»:
Հայ լեզվի պաշտպանության միության վարչական խորհրդի նախագահ Հիլդա Գալֆայան-Փանոսյանի վերը ներկայացված բովանդակությամբ նամակը ներկայացնելուց հետո փաստենք, որ Հայաստանի բնակչությանը մեծ հաշվով անհայտ չէ այն ամենը, ինչ նա առաջարկում է հիշեցնել եւ խոսելով մեսրոպյան բառի եւ ընդհանրապես մեսրոպյան ուղղագրության Հայաստանում արգելված լինելու մասին, ինքն էլ փաստում է, ՀՀ օրենսդրությամբ պատգամվում է հայոց երկու ուղղագրությունների միասնականացումը:
Ն. Պ.