Մակեդոնիայի Յորդան Ջինոտ թատրոնի հետ պատանի հանդիսատեսի թատրոնի բարեկամությունը սկիզբ է առել երեք տարի առաջ, երբ Կերչում կայացած անտիկ թատրոնների փառատոնին հրավիրված էր նաեւ ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Հակոբ Ղազանչյանի գլխավորած պատվիրակությունը: Հենց այնտեղ էլ առաջարկ եղավ 5-րդ դարում կառուցված Ստոբիի ամֆիթատրոնում բեմադրել փառատոնին ներկայացված Արիստոֆանի «Ամպեր» բեմադրությունը, որն, ի դեպ, շահել էր Գրան պրի մրցանակը: Մեր զրույցի ժամանակ Հակոբ Ղազանչյանը խոստովանեց, որ հրավերը շատ հրապուրել էր իրեն. «Թատրոնների ակունքում բեմադրել պիես, որը հասակակից է հենց այդ ամֆիթատրոնին, եւ ով գիտե, գուցե ժամանակին այդ պիեսը խաղացվել է հենց Ստոբիի ամֆիթատրոնում...»:
Հաջորդ տարի Ստոբիի փառատոնից մրցանակով վերադառնալուց հետո կրկին հրավեր է ստանում բեմադրելու: Անցած տարի առաջարկվում է բեմադրել այդ գործը մակեդոներեն: Հ. Ղազանչյանը կրկին հրավիրվել է Ստոբիի թատրոն անտիկ շրջանի գործ բեմադրելու. «Ես գտնում եմ, որ դա քայլ է դեպի ակունքներ եւ լուրջ ուղղություն է թատերական շարժման մեջ: Երբ ես մենակ կանգնած այդ ամֆիթատրոնումՙ լուռ լսում էի իմ ականջին հասնող այնպիսի ձայներ, ձիերի դոփյուն, անկեղծ եմ ասում, առանց չափազանցնելու, կարծես ես այդ ամենը տեսնում ու լսում էի ու երբեք չէի հոգնում մինչեւ գիշերվա 2-3-ը աշխատելով: Այդ ամֆիթատրոնն ինչ-որ գերբնական ուժ էր ինձ տալիս»:
Հաջորդՙ երրորդ գործը, որ կբեմադրի Հակոբ Ղազանչյանը Մակեդոնիայում, ռուս ժամանակակից մտածողներից մեկիՙ Էդ. Ռադինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսն է: Այն հարցին, թե «ժամանակակից ոճո՞վ է ցանկանում բեմադրել», պրն Ղազանչյանը պատասխանեց. «Ես ինչպես որ զգում եմ, այնպես էլ բեմադրում եմ: Ի դեպ, ասեմ, թե ովքեր հատուկ նստում ու մտածում են ինչպես անեն, տապալվում են, իսկ ինձ մոտ, բարեբախտաբար, այդ պիժոնության շրջանն անցել է: Չեմ թաքցնում, որ նման շրջան ունեցել եմ... ու ժամանակի ընթացքում ինձ անհանգստացնող ինչուների պատասխանը գտել եմ...»:
Մակեդոնիայի Յորդան Ջինոտ թատրոնը (տնօրեն եւ գեղ. ղեկավարՙ Մլադեն Կրստեւսկի) իր երկօրյա հյուրախաղերի ընթացքում հայ հանդիսատեսի դատին կներկայացնի Կոլե Անգիլովսկու «Ստրիպ Շեքսպիր» եւ Վասիլ Զաֆիրչեեւի «Դաշնակահարը» ներկայացումները: Հյուրախաղերը բացվեցին Կ. Խոդիկյանի «Երկրորդ կտակ» ներկայացմամբ, որի ավարտին զրուցեցի պիեսի հեղինակի հետՙ պարզելու, թե ի՞նչ է զգում, երբ իր գործն արդեն երկրորդ անգամ բեմադրվում է օտար լեզուներով: «Հետաքրքրական զգացողություն ունեմ: Օրինակ, անցած տարի երկու քույրերի դերերը խաղում էին ամերիկացի Էլիզաբեթ Հեսսը եւ գերմանացի Բեատե Էհլերսը, որոնք բոլորովին ուրիշ էներգետիկա էին բեմ բերել եւ այլ զգայական դաշտ էր ստեղծվել: Իսկ այս խաղին, մակեդոնացի դերասանների մատուցմամբՙ Վեսնա Դիմիտրովսկան, Վիկտորյա Տերզինան եւ մակեդոնահայ Գոռ Կարապետյանը նոր գույն բերեցին, ու ես նորովի տեսա իմ պիեսը»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ