16-ամյա Արմեն Սահակյանը դպրոցն ավարտելուց հետո մտադիր է ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ուսումնարան: Իսկ այսօր նա սովորում է Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում, որը նախատեսված է ծայրաստիճան աղքատ, ծնողազուրկ եւ մտավոր թերզարգացած երեխաների համար: Մինչ 2003 թվականին այստեղ հայտնվելը Արմենը 1998 թվից ապրել է Նուբարաշենի մանկատանը:
- Լենինականում մորս հետ հանրակացարանում էի ապրում, հետո մայրս հիվանդացավ, վատ շրջապատ ընկա, դպրոց չէի գնում,- պատմում է Արմենը: - Բարեկամներս ինձ Սովետաշեն տարան: Սկզբում լացում էի, չէի ուզում, հետո վարժվեցի: Մի օր էլ ընկերս ասաց, որ մայրս մահացել է:
Արմենի խոսքերովՙ Նուբարաշենում երեխաներին շատ էին նեղություն տալիս: Օրինակ, կարգազանցության դեպքում բոլորին շարք էին կանգնեցնում (մոտ 60 մարդու), ու յուրաքանչյուրը պետք է մի քանի աքացի հասցներ պատժվող երեխային: Սրանից չի խուսափել նաեւ Արմենը: Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում նրան այլեւս չի սպառնում այդ տխուր փորձը: Բացի այն, որ 70-ից ավելի բախտակիցների հետ գիշերը նա տանիքի տակ է անցկացնում, նաեւ ստանում է ավտոփականագործի մասնագիտացում: Կրթահամալիրի տնօրեն Լյուբա Շաղոյանն ավելացնում է, որ իրենց մոտ կա նաեւ վարսավիրի խորացված մասնագիտական ուսուցում. «Ունենք երկու դասարանով ուսումնարանական խումբ, որտեղ երեխաներն իրար հետ նորմալ հարաբերություններ են կառուցում, լինեն նրանք նորմալ թե մտավոր թերզարգացած երեխաներ: Մեր տասնմեկ դաստիարակները խիստ հսկողության տակ են պահում հատկապես մտավոր թերզարգացած երեխաներին, քանի որ հաճախ նրանք կարող են դուրս գալ եւ չիմանալ, թե ուր են գնում»:
Արմենն այնքան էլ գոհ չէ նրանց հետ շփումից. «Չես կարող խոսել, լեզու գտնել հետները»:
Սաների հետ լեզու գտնելն առավել դժվարանում է, երբ նույն հարկի տակ բնակվում են 12-25 տարեկաններ: Իսկ երբ ավարտող երեխան բնակության այլ տեղ չունի, փողոցում չհայտնվելու համար Լյուբա Շաղոյանի թույլտվությամբ մնում է կրթահամալիրում:
Ժիրայր Շուբինը (25 տարեկան) մենակ է, տուն չունի եւ չի աշխատում: Յոթ տարի առաջ ավարտել է ուսումը, բայց դեռ այստեղ է:
- Տարվա կտրվածքով ամեն երեխայի տրվում է 51000 դրամ, որն ամենեւին չի բավարարում նրանց տարրական պահանջներին: Իսկ վերոնշյալ երեխաների համար պետությունը գումար չի նախատեսում,- ասում է Շաղոյանը:
Փաստորեն այստեղ միայն գիշերող նախկին սաները պետք է սեփական աշխատանքի գնով լուծեն «գոյատեւելու» խնդիրը: Աշխատանք գտնելու հարցում կրթահամալիրի տնօրենը մի քանի երեխաների օգնել է. «Մեզ մոտ կան 10-ից ավելի երեխաներ, որոնք հիմնական աշխատանք ունեն: Նրանցից մեկն, օրինակ, իր ստացած գումարներով գնել է հեռուստացույց, վիդեոտեխնիկա, իրիկունները երեխաները հավաքվում են նրա սենյակում»:
Ամենեւին էլ չի բավականացնում պետական հատկացումը, եւ Արմենը տարբեր աշխատանքներ է անում, որ ստացած գումարով մեկնի Գյումրիՙ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու: Բայց արդյոք կրթահամալիրի խնամքին հանձնված Արմենն ի՞նքը պետք է լուծի փաստաթղթերի խնդիրները: ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն ասում է. «Մեր կանոնադրությամբ հատուկ դպրոցներում երեխան պետք է ստանա անձը հաստատող փաստաթղթեր, ինչո՞ւ չի ստանում: Չէ՞ որ երեխայի պատասխանատուն պետությունն է»:
Հետաքրքրական էՙ ինչո՞վ է արտահայտվում այդ պատասխանատվությունը, երբ կրթահամալիրի երեխաներին տարին մեկ անգամ շվեյցարական «Կազզա» մարդասիրական հիմնադրամն է հագուստ տրամադրում, այն էլՙ օգտագործված:
Վաղուց Արմենը նոր հագուստներ չի կրել եւ պատրաստվում է առաջին աշխատավարձը նաեւ այդ նպատակին ծառայեցնել:
Անահիտ Մուրադյանը հավատացնում է, թե ԿԳՆ-ն հատուկ կրթահամալիրներին հագուստներ չի տրամադրում, քանի որ այդ ծրագրերը պետբյուջեի հետ կապ չունեն: Իսկ պետբյուջեն իր կապերը խզել է նաեւ կրթահամալիրի շենքային պայմանների բավարարման հետ:
«Մեր շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի, ես այդ մասին ապարդյուն գրել եմ նախարարություն: Վերանորոգման կարիք ունեն նաեւ ճաշարանը եւ մասնաշենքերից մեկի տանիքը», ասում է կրթահամալիրի տնօրենը:
Բարեգործական ծրագրերով արդեն ծանոթ «Կազզան» է միայն կատարել ինչ-ինչ շինարարական եւ ներկարարական աշխատանքներ, վերանորոգել տնօրենի աշխատասենյակը, նաեւ բաղնիքներն ու զուգարանները, կահույք է տրամադրել երեք դասարանի երեխաների ննջասենյակների համար:
Իսկ ոչ այնքան բարվոք ճաշարանում երեխաները ստիպված են բավարարվել սանիտարահիգիենիկ ոչ նորմալ պայմաններում պատրաստված սնունդով: Երեխային տրամադրվող 51000 դրամից առանձնացվող գումարով ձեռք բերված սնունդը շատ երեխաներ մեծ դժվարությամբ են «մարսում»: Արմենը կրթահամալիրի երեխաների մեծ մասի նման ձեթով ճաշ չի ուտում, իսկ այստեղ ճաշերը ձեթով են եփում:
«Երբ ասում ենքՙ մենք էդ ճաշը չեն կարողանում ուտել, ասում են. «Չես ուտում, մի կեր, սոված մնա», պատմում է նա:
Իսկ նման դեպքում երեխաներից ոմանք իրենց փողերով են դրսից ուտելու ինչ-որ բան գնում: Արմենը հարազատների հետ կապեր չունի, հայրն էլ Հայաստանում չէ: Ահա թե ինչու երբեմն ստիպված է ուրիշներից պարտքով գումար վերցնել:
«Բայց ես անպայման մինչեւ վերջին լուման վերադարձնում եմ, ասում է նա: Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց պարտքը չեն կատարում, իսկ երբ ծնողը երեխայի հանդեպ իր պարտքը չի գիտակցում, ինչ պատճառով էլ լինի, առնվազն ստորություն եմ համարում»:
ԿԱՐԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ, ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, երկրորդ կուրս