«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2005-07-14 | #130, 2005-07-15 | #131, 2005-07-16


«ԵԹԵ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿՈՂՄԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»

Ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինսկի խմբի համանախագահների Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսը սկսվեց ուշացումով, ինչի պատճառն, ինչպես հայտնեց Յուրի Մերզլյակովը, Հայաստանի նախագահի հետ իրենց հանդիպման նախատեսվածից ավելի շարունակվելն էր: Ռուսաստանը ներկայացնող համանախագահն իր կարճ ելույթում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել են կողմերի մոտեցումների դետալները եւ կենտրոնացել ապագա կարգավորման առանցքային խնդիրների վրա: «Մենք զբաղվում ենք կարգավորման գլխավոր սկզբունքների ձեւակերպումներով», նշեց Յուրի Մերզլյակովը եւ ավելացրեց, որ մի շարք հարցերով բավականին առաջընթաց է արձանագրվել, մյուսների ձեւակերպումները դեռեւս ճշտվում են: Նա ընդգծեց, որ օգոստոսի վերջին Կազանում հաստատապես տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, իսկ մինչ այդ, օգոստոսի 23-ին, Մոսկվայում կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները:

Լրագրողների հարցերին իրենց պատասխաններում Մինսկի խմբի համանախագահները դարձյալ հրաժարվեցին բանակցությունների ընթացքում քննարկվող մանրամասներին անդրադառնալուց, բազմիցս նշեցին, որ առկա է առաջընթաց, որ հանդիպումները երկու երկրների մայրաքաղաքներում եւ Ստեփանակերտում օգտակար էին:

«Մինչեւ տարեվերջ կլինի՞ լուծում» հարցին ներկաները հետեւյալ պատասխանները ստացան: ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Ստիվեն Մաննը ասաց, որ կան դժվարին խնդիրներ, բայց կան նաեւ օբյեկտիվ պայմաններ մինչեւ տարեվերջ հակամարտության լուծման հասնելու համար: Ավելի հստակեցնելով, Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը նշեց, որ մինչեւ տարեվերջ կարգավորելու հավանականություն կա, բայց չկան դրա երաշխիքները: Նա այնուհետեւ կրկնեց նախկինում իր արտահայտած այն միտքը, որ հակամարտությունը կարող է լուծվել մինչեւ տարեվերջ եւ կարող է լուծվել 100 տարի հետո:

Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բեռնար Ֆասիեն իր հերթին այն կարծիքը հայտնեց, որ լուրջ հնարավորություններ կան լուրջ առաջընթացի հասնելու համար, բայց համաձայնությունը պետք է կայանա երկու երկրների նախագահների միջեւ: «Եթե մենք գնանք գայթակղության եւ համաձայնագիր պատրաստենք, միեւնույն է, դա չի նշանակում, որ կողմերի միջեւ պայմանավորվածություն կլինի», ասաց նա, ավելացնելով, որ չեն ցանկանում չափից դուրս լավատեսություն հայտնել, բայց դա չի նշանակում, որ առաջընթաց չկա:

Յուրի Մերզլյակովը ասաց, որ պատրաստ չէ պատասխանելու այն հարցին, թե Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ կլինի՞ ճեղքում բանակցություններում: «Հույս ունենք, բայց չենք կարող ասել», նշեց ռուսաստանյան համանախագահը:

«Ազգի» հարցին, թե կողմերը հակվա՞ծ են փոխզիջումների գնալու իրենց համար սկզբունքային համարվող հարցերում, Յուրի Մերզլյակովը պատասխանեց, որ վերջին մեկ տարվա պրահյան գործընթացը եւ մայիսից հետո նախագահների հանդիպումները կարող են վկայել, որ հասել են առաջընթացի: «Եթե հասել ենք այն սահմանին, որ աշխատում ենք ձեւակերպումների վրա, նշանակում է, որ կողմերն իսկապես գնացել են փոխզիջումների», նշեց ռուսաստանցի համանախագահը: Ասվածին Ստիվեն Մաննը ավելացրեց, որ այս ամռանն ավելի առաջ ենք գնացել, քան անցյալ ամռանն ու ձմռանը, իսկ Բեռնար Ֆասիենՙ որ հունվարից ի վեր համանախագահները 7 հանդիպումներ են ունեցել արտգործնախարարների հետ եւ 5-6 հանդիպում նախագահների հետ:

«Տարբեր միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերն ու որոշումներն ինչպե՞ս կազդեն Մինսկի խմբի համանախագահների գործունեության վրա» հարցին Բեռնար Ֆասիեն պատասխանեց, որ տարբեր կազմակերպություններ ունեն իրենց մանդատը, բայց որպես միջնորդ հանդես է գալիս Մինսկի խումբը: Օրինակ, Եվրոմիությունը միջնորդ չէ, բայց «Նոր հարեւաններ» ծրագրով փորձում է պայմաններ ստեղծել խնդրի կարգավորման համար:

«Ինչպե՞ս կազդեն աշնանը կայանալիք ընտրություններն Ադրբեջանում եւ սահմանադրական հանրաքվեն Հայաստանում» հարցի կապակցությամբ համանախագահներն այն կարծիքը հայտնեցին, որ դրանք տեսականորեն չպետք է ազդեն բանակցությունների արդյունքի վրա, բայց գործնականում ի՞նչ կլինի քաղաքական կյանքում, հայտնի չէ:

«Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում համանախագահների հանդիպումը այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարների հետ» հարցին Բեռնար Ֆասիեն պատասխանեց, որ համանախագահներից երկուսը նրանց հետ հանդիպելու հնարավորություն չէին ունեցել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4