ԱՆԿԱՐԱ, 15 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետ Եվրամիության միջեւ անդամակցության բանակցությունների սկսվելու հոկտեմբերի 3-ի ժամկետի մոտենալու հետ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում միությանն անդամ երկրների ժողովուրդները երկու մասի են բաժանվել:
The Pew Global Attitudes հասարակական հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ ԵՄ անդամակցության հարցում Թուրքիային ամենաշատն աջակցող երկրները` Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Լեհաստանն են: Նշելով, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությանն աջակցում են Իսպանիայի բնակչության 68 տոկոսը, Բրիտանիայիՙ 57 տոկոսը եւ Լեհաստանի էլՙ 51 տոկոսը, թերթը գրել է, որ դրան դեմ են արտահայտվել ֆրանսիացիների 66 տոկոսը, գերմանացիներիՙ 65 տոկոսը եւ հոլանդացիներիՙ 53 տոկոսը: «Թուրքիայի ԵՄ անդամակցությանը դեմ արտահայտված մարդիկ վախենում են, որ այդ երկրիՙ միությանն անդամակցությունից հետո, դեպի Եվրոպա թուրքերի ներգաղթը խիստ կմեծանա», գրել է թերթը: