«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2005-07-14 | #130, 2005-07-15 | #131, 2005-07-16


«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆ ՓՈՔՐԻՑ ԻՄԱՑԻՐ»

Ապագա իրավաբանները երեկ քննարկեցին արդարադատության խնդիրները, իսկ հաղթողները մրցանակներ ստացան

«Եթե ես արդարադատության նախարարը լինեի, հենց այսօր հրաժարական կտայի եւ կզբաղվեի քաղաքական գործունեությամբ, որպեսզի ՀՀ սահմանադրությունը համապատասխան փոփոխությունների ենթարկվի եւ գտնի իր աստվածային ծագումը, քանի որ, ըստ Հին ուխտի, դատավորները Աստծո ընտրյալներ էին, որոնց համար անկախությունն ուղղակի բնական վիճակ էր: Եթե ընդունված է բժիշկներին համարել Աստծու հրեշտակներ երկրի վրա, ապա դատավորներին կարելի է համարել Աստծու գերագույն հրեշտակներ, որոնք պետք է արդարությունը վերականգնեն երկրի վրա, բայց արդյոք այդպե՞ս է», հարցնում է 4-րդ կուրսի ուսանող Խաչիկ Հարությունյանը: Նա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի եւ Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կազմակերպած մրցույթի երրորդ տեղի մրցանակակիրն է եւ անկաշկանդ դատողություններ է անում մի համակարգի մասին, որի անդամն է դառնալու նաեւ ինքը: «Գաղտնիք չէ, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում դատական համակարգում, որի մեղքն այսօրվա քաղաքական անառողջ մթնոլորտն ու ընտրությունների առկա արդյունքներն եմ համարում», ասում է զրուցակիցս:

- Ընդհանրապես, ոչ մի համակարգ չի կարող իդեալական լինել, եթե նրա վրա ճնշում կա: Պարզապես պետք է ջայլամի քաղաքականություն չվարել եւ պարզել, թե որ պետական պաշտոնյան է կարողանում ներգործել որոշակի անձանց վրա: Ի դեպ, ամեն երկրում էլ եղել է կամ կա այդ երեւույթը, պարզապես այստեղ երեւի ավելի մեծ մասշտաբներ է կրում: Այդ վիճակից դուրս գալու համար ոչ միայն պետք է դատական համակարգը վերափոխել, այլեւ իշխանության մյուս երկու ճյուղերն էլ պետք է արդար ու ժողովրդավար մեթոդներով ձեւավորել: Գուցե համարեն, որ իմ զեկույցում ես այդ թեմաներին հպանցիկ եմ անդրադարձել, պարզապես պիտի մի քիչ խոր մտածել, որ եզրահանգումները բերեն նշածներիս», ասում է Խաչիկը:

«Կուզենայի Ազգային ժողովում լինել եւ փոխել այն օրենքները, որոնց շնորհիվ արդարադատության նախարարը հնարավորություններ ունի ազդելու դատական համակարգի վրա», ասում է երկրորդ տեղի մրցանակակիր Արմինե Ավետիսյանը:

«Բացի Արմինեի ասածից կցանկանայի նաեւ փոփոխություններ տեսնել Արդարադատության խորհրդի կազմում: Մասնավորապես կցանկանայի, որ խորհրդի նախագահ չլիներ ՀՀ նախագահը, որն, ըստ սահմանադրական նոր փոփոխությունների, նշանակում է դատավորներին, սակայն չի հանդիսանում դատական իշխանության երաշխավորը: Սա անշուշտ դատական իշխանության անկախության վրա բացասաբար ազդող գործոն է: Ընդհանրապես, կարծում եմ, որ Արդարադատության խորհրդի կազմում պետք է լինեն իրավաբան գիտնականներ, պետք է ներկայացված լինեն նաեւ ԱԺ-ի կողմից նշանակվող փաստաբաններ, վճռաբեկ դատարանի նախագահը` խորհրդակցական ձայնի իրավունքով, ինչպես նաեւ տարբեր դատավորներ, իսկ ՀՀ նախագահի եւ արդարադատության նախարարի գոյությունը Արդարադատության խորհրդում արդյունավետ չեմ համարում, քանի որ դա բացասաբար է անդրադառնում դատական իշխանության անկախության վրա: Եթե բախտ ունենայի որեւէ բան վերափոխելու, ապա դատավորների, ինչպես նաեւ դատավոր դառնալու ցանկություն ունեցող իրավաբանների վերապատրաստումը Դատարանների նախագահների խորհրդից կփոխանցեի ավելի մասնագիտական մի դպրոցի», ասում է Արմեն Գեւորգյանը, որ սովորում Է Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ մրցանակաբաշխության ժամանակ գրավեց 5-րդ տեղը:

Ի դեպ, մրցանակաբաշխությունն այնքան էլ էական չէ, քանի որ երիտասարդների գրավոր ու բանավոր խոսքն աչքի էր ընկնում իրավական հարցերի մասին խոր իմացությամբ եւ իրավագիտակցության բարձր մակարդակով: Կոնկրետ Արմենի ձեռքի գիրքն է Վարչական դատավարության օրենսգրքի նախագիծը, որի կայացման հետ ապագա իրավաբանը մեծ հույսեր է կապում, մասնավորապես մարդու իրավունքների խախտման առումով, որ առկա է այսօր առաջին ատյանի դատարաններում: Արմենը գտնում է, որ առաջին ատյանի դատարանների դատավորները չունեն համապատասխան օրենքների գծով անհրաժեշտ մասնագիտական որակ, այլ հարցերը լուծում են իրենց կամքով:

Գիտաժողովի առաջին մրցանակը վաստակած ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Պերճ Խաչատրյանը հետաքրքրական դիտարկումներ ունի սահմանադրական փոփոխությունների մասին. «Սահմանադրական վերջին փոփոխություններն ավելի առաջ ընկան մեր երկրի զարգացման իրական ժամանակացույցից: Կարծես դրանց շուտափույթ ընդունմամբ տուրք է մատուցվում Եվրոխորհրդի պահանջներին, որ նրանց ավելի ժողովրդավարական թվանք»:

Երիտասարդների իրավական գիտելիքների պաշարը հույս է ներշնչում, թե ապագա իրավաբանները նույնչափ պատասխանատվությամբ իրենց գիտելիքները կծառայեցնեն արդարադատության կայացմանը: Գուցե այդժամ դատարաններում հնչող «Հանուն Հայաստանի Հանրապետության» արտահայտությունը շատերի քմծիծաղը չի առաջացնի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4