«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2005-07-14 | #130, 2005-07-15 | #131, 2005-07-16


«ՄԵՆՔ ԿԻՆՈ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԶՈՐԱՎՈՐ ՏԱՂԱՆԴ ՈՒՆԵՆՔ»

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Կինոդերասանուհի Արսինե Խանջյանը հայաստանյան խնդիրների մասին խոսելիս բոլորովին չի գործածում «ձեր» բառը, այլ միայնՙ «մերը», ու բոլորիս հետաքրքրող հարցերը վերլուծում իրեն բնորոշ խորաթափանցությամբ, սիրով ու կրքով, վարակում Հայաստանի հանդեպ իր զորավոր հավատով: Նրան ցավ է պատճառում, որ վերջին տարիներին Հայաստանում նվազել է կինոարտադրությունը. դրա պատճառներն, անշուշտ, հայտնի են նրան, եւ նա առաջարկում է նոր լուծումներ, որովհետեւ անընդունելի է համարում տեղում դոփելն ու ժամանակակից կինոհամակարգերից հետ մնալը: Արսինեն լավ գիտի խորհրդային տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայում արտադրված լավագույն ֆիլմերի մասին, տարբեր երկրներում լսել է հայտնի կինոգործիչների կարծիքները, եւ նրանց պես համոզված է, որ դա եղել է հայկական կինոյի զարգացման ամենաբեղմնավոր շրջանը: «Այդ ֆիլմերը քիչ են, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է, բայց դրանց որակը շատ բարձր է: Անհնար է, որ վերջին տարիներին զորավոր կինո ստեղծելու տաղանդը վերացած լինի, չէ՞ որ նույն ժողովուդն ենք, պարզապես այսօր չկան այն տարիների հնարավորությունները: Ես կարող եմ հաստատել, որ այսօր էլ Հայաստանում շատ տաղանդներ կան, բայց չկա ֆիլմ նկարահանելու նախկին տեխնիկայի փոխարեն ժամանակակից կինոաշխարհում տարածված թվային համակարգի կիրառումը: Օրինակ, Հյուսիսային Ամերիկայում ստեղծագործելու տաղանդ ունեցող ամեն ոք կարող է սցենար գրել եւ ֆիլմ նկարահանել:

Հայաստանում պետք չէ միլիոններ ծախսել եւ հոլիվուդյան ոճով հսկայական կինոստուդիա ստեղծել, դրա փոխարեն պետք է թվային համակարգ ստեղծել եւ եղած գումարով ֆիլմ նկարահանելու հնարավորություն տալ մեծ թվով կինոբեմադրիչների: Դրանց մեջ անպայման ի հայտ կգան տաղանդավոր մարդիկ, եւ հայկական կինոն աշխարհին ճանաչելի կդարձնեն այնպես, ինչպես Սերգեյ Փարաջանովը, Արտավազդ Փելեշյանը, Հենրիկ Մալյանը եւ ուրիշներ: Մեր ժողովրդի համար կինոն մշակութային պայքար է, որը կարող է ուղեկցվել ահռելի հաջողությամբ: Ցավոք, այդ մտածելակերպը տակավին հստակ չէ ոչ պետական կառույցներում, ոչ էլ կինոգործիչների շրջանում, որովհետեւ վախ ունենք, որ երկիրը դեռ պատրաստ չէ դրան: Գուցե այդ պատճառները որոշ չափով ճիշտ են, բայց պետք է ելք գտնել, հաշվի առնելով, որ կինո ստեղծելու զորավոր տաղանդ ունենք», ասում է Արսինեն:

Իսկ կինոհանդիսատեսին գրավելու եւ կինոթատրոն բերելու խնդիրը առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ Կանադայում, կարելի է ասել, գրեթե բոլոր երկրներում:

Միջազգային ամենահեղինակավոր կինոփառատոների, նաեւ «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցած Արսինե Խանջյանը տպավորված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնից, նաեւ Օպերայի ազգային թատրոնում տեղի ունեցած բացման արարողությունից. «Կարող եմ ասել, որ իմ տեսած գեղեցիկ ու թեթեւ բացումներից էր: Հզոր կինոարտադրություն ունեցող որոշ երկրների փառատոների բացման ժամանակ ստիպված եմ եղել փակել աչքերսՙ բեմի խղճալի պատկերները չտեսնելու համար», պատմում է նա:

Փառատոնի բացումից հասարակության անհանգստությունն ու դիտողությունները նա բացատրում է ներքին վախով ու անվստահությամբ, շատերի կարծիքով ինչ էլ անենք, միեւնույն է, երբեք չենք հասնի համաշխարհային բարձր մակարդակի: «Ես համաձայն չեմ այդ կարծիքին, որովհետեւ մենք ունենք տաղանդ, երեւակայություն ու կարողություն: «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ տեսա այն, ինչ բացակայում է շատ կինոփառատոներինՙ գրեթե բոլոր երգերն ու պարերը կատարվում էին մեծագույն հրճվանքով, այլ ոչ թե անտարբեր ու ձեւական: Միայն շատ զարմացա ու ժպտացի, երբ ելույթները հայերենից անգլերեն եւ անգլերենից հայերեն չթարգմանվեցին: Դա, իհարկե, ճիշտ չէր, որովհետեւ գոնե պատվավոր հյուրերի խոսքը, թեկուզ հակիրճ, պետք է անպայման թարգմանվեր: Կարծում եմ, կսովորենք եւ այդ թերությունը կշտկենք»:

Ներքին հզոր ուժ ունի Արսինե Խանջյանը, անսահման հումոր, անմիջական ու վարակիչ ծիծաղ: Ատոմ Էգոյանի հայերեն չխոսելու մասին ասում է. «Ես հանցավոր հայ կին եմ, հանցավոր մայր, մի խոսքով հանցավոր եմ: Երբ Ատոմ Էգոյանի հետ ծանոթացա, բոլորն ակնկալում էին, որ նա շատ շուտով սահուն հայերեն պիտի խոսի, բայց մինչ օրս հայերեն լավ չի խոսում, թեպետ բավականին հասկանում է: Սկզբում ինձ պարտավորված զգացի նրան հայերեն սովորեցնել, բայց հետո մտածեցիՙ եթե նրա ծնողները չեն սովորեցրել, ինչո՞ւ պետք է ես սովորեցնեմ»:

Արսինեի համար անհամեմատ հեշտ է եղել հայերեն սովորելը. Լիբանանի հայկական համայնքում է մեծացել, հայկական միջավայրում: Կանադայում չափազանց դժվար է ազգային ինքնությունն ու լեզուն պահպանելը, անսահման ջանքեր են պետք: «Այդ պատճառով չկարողացա հայերեն սովորեցնել ոչ Ատոմին, ոչ էլ զավակիսՙ 12-ամյա Արշիլին: Հայկական ոգին ամեն կերպ պահպանում եմ, բայց լեզուն շատ դժվար է, որովհետեւ միջավայրում օտար լեզուներ են: Որդիս հայկական դպրոց չի գնում, բայց շաբաթը 2 ժամ սովորում է հայերեն, գիտի «Հայր մերը», երգում է «Մեր հայրենիքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4