«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2005-07-14 | #130, 2005-07-15 | #131, 2005-07-16


ՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

ՀՀ հավաքականը լուրջ մտադրություններով է ասպարեզ մտնելու

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հուլիսի 18-ին Նորվեգիայի իր հասակակիցների հետ հանդիպումով կսկսի մրցավեճը Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւների համար: Ինչ խոսք, մեր պատանիներին լուրջ փորձություն է սպասում: Սակայն հաշվի առնելով վերջին տարիներին մեր պատանիների հաջող մրցելույթները, ֆուտբոլասերները լավատեսորեն են տրամադրված: Լուրջ նպատակներով են մրցասպարեզ դուրս գալու մեր հավաքականի անդամները, որոնք հուլիսի 4-ից Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում էին Փարիզից 20 կմ հեռավորության վրա գտնվող Օբոն քաղաքի նորակառույց մարզաբազայում: Ուսումնամարզական հավաքի մեկնելուց առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը նշել էր, որ հավաքականը նվազագույնը պետք է հասնի մինչեւ կիսաեզրափակիչ: Իսկ հավաքականի մարզիչ Աշոտ Բարսեղյանն «Ազգի» թղթակցի հետ զրույցում հետեւյալն էր ասել. «Երբ ընտրական մրցաշարից առաջ հայտարարում էինք, որ Հունգարիա ենք մեկնում եզրափակիչի ուղեգիր նվաճելու, շատերը թերահավատորեն էին վերաբերում մեր խոսքերին: Սակայն, ինչպես հայտնի է, կարողացանք գրավել առաջին տեղը եւ նվաճել միակ ուղեգիրը: Այժմ էլ Հյուսիսային Իռլանդիա ենք մեկնում լուրջ նպատակներով: Իհարկե, շատ դժվարին մրցապայքար է սպասվում, սակայն ձգտելու ենք առավելագույն արդյունքի»:

Իհարկե, մարզիչների լավատեսությունը հիմնավոր է, մնում է, որ պատանի ֆուտբոլիստները կարողանան դրսեւորել իրենց լավագույն ձեւով եւ արդարացնեն սպասելիքները: Ինչ խոսք, շատ բան պայմանավորված կլինի հավաքականի առաջատարներ էդգար Մանուչարյանի, Ապուլա Բետեի, Կառլ Լոմբեի, Ժորա Հովհաննիսյանի խաղով: Առաջին երեքը չմասնակցեցին Ֆրանսիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքին: Էդգարն «Այաքսի» կազմում էր նախապատրաստվում նոր մրցաշրջանինՙ մասնակցելով թիմի ընկերական հանդիպումներին: Իսկ Բետեն ու Լոմբեն «Փյունիկի» կազմում մասնակցեցին «Հակայի» հետ մրցախաղին: Այժմ այս եռյակը միացել է խաղընկերներին: Մեր հավաքականում ընդգրկված են նաեւ Գուրգեն Մելիքսեթյանը, Արթուր Ստեփանյանը, Արմեն Ֆիշյանը, Հայկ Չիլինգարյանը, Խորեն Վերանյանը, Մխիթար Գրիգորյանը, Արտակ Օսեյանը, Ռաֆայել Սաֆարյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Գեւորգ Նռանյանը, Արտակ Հովհաննիսյանը, Վահե Մեհրաբյանը, Միխել Սիմոնյանը, Նարեկ Մանուկյանը եւ Արմեն Հովհաննիսյանը:

Եվ այսպես, հուլիսի 18-ին Հյուսիսային Իռլանդիայում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլը: Չեմպիոնի կոչումը վիճարկող 8 հավաքականները նախնական փուլում բաժանվել են 2 խմբի: «A» խմբում ընդգրկված են Գերմանիայի, Սերբիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Հունաստանի հավաքականները: «B» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Ֆրանսիայի եւ Նորվեգիայի ընտրանիները: Հանդիպումները տեղի կունենան Բելֆաստում, Նյուրիում, Լուրգանում եւ Բալիմենայում: Չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 29-ին Բելֆաստի «Վինձոր պարկ» մարզադաշտում կայանալիք եզրափակիչում: Ներկայացնում ենք առաջնության խաղացանկը:

Հուլիսի 18-ին

ԼուրգանՆորվեգիա-Հայաստան20.00
ԲելֆաստՖրանսիա-Անգլիա18.00
ՆյուրիՍերբիա-Գերմանիա20.00
ԲալիմենաՀս. Իռլանդիա-Հունաստան20.30

Հուլիսի 20-ին

ԲալիմենաՀայաստան-Անգլիա20.00
ԲելֆաստՆորվեգիա-Ֆրանսիա21.00
ԼուրգանԳերմանիա-Հունաստան18.00
ՆյուրիՀս. Իռլանդիա-Սերբիա20.00

Հուլիսի 23-ին

ԼուրգանՀայաստան-Ֆրանսիա20.00
ՆյուրիԱնգլիա-Նորվեգիա20.00
ԲալիմենաԳերմանիա-Հս. Իռլանդիա18.00
ԲելֆաստՀունաստան-Սերբիա18.00

Հուլիսի 26-ին

ԼուրգանA1-B217.30
ԲալիմենաB1-A220.30

Հուլիսի 29-ին

ԲելֆաստԵզրափակիչ20.00

Խաղերի սկիզբը տրված է տեղական ժամանակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4