Դուբլինում մեկնարկել է Դեւիսի գավաթի եվրոաֆրիկական գոտու 3-րդ խմբի ընտրական մրցաշարը, որի մասնակիցների թվում է նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր թիմի կազմում ընդգրկված են Սարգիս Սարգսյանը, Հարություն Սոֆյանը, Հայկ Զոհրանյանը եւ Հովհաննես Դավթյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Ծատուրյանը: Մասնակից 8 հավաքականները բաժանվել են 2 խմբի: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է «A» խմբում, որտեղ մեր թենիսիստների մրցակիցներն են Իսլանդիայի, Իռլանդիայի եւ Նիգերիայի ընտրանիները: «B» խմբում եզրափակիչի ուղեգրի համար մրցավեճի են բռնվել Սան Մարինոյի, Թունիսի, Թուրքիայի եւ Կիպրոսի հավաքականները:
Հայաստանի հավաքականը հաջող սկսեց մրցաշարը: Մեկնարկում մեր թենիսիստները 2-1 հաշվով հաղթեցին Իսլանդիայի հավաքականին: Առաջին մրցախաղում Հարություն Սոֆյանը 6-2, 6-4 հաշվով հաղթեց Էնդրի Ջոնսոնին: Իսկ ահա Սարգիս Սարգսյանը պարտություն կրեց Առնար Սիգուրդսոնից (5-7, 6-0, 3-6): Հանդիպման ելքը վճռեց զուգախաղը: Սարգսյան-Սոֆյան զույգը հաղթեց Բոնիֆացիուս-Սիգուրդսոն զույգին (6-1, 6-4): Երկրորդ մրցախաղն իռլանդացիների հետ չափազանց անհաջող էր հայ թենիսիստների համար: Բոլոր երեք մրցախաղերն էլ ավարտվեցին դաշտի տերերի հաղթանակով: Սոֆյանը պարտվեց Լյուկ Սոռենսենին (3-6, 1-6), Սարգսյանը զիջեց Քեւին Սոռենսենին (3-6, 3-6), իսկ մեր երկյակը զուգախաղում եւս պարտվեց Նիլանդ-Օ՛Կոնել զույգին (5-7, 6-1, 5-7):
Իռլանդիայի հավաքականը խմբի առաջատարն է: Երկրորդ խաղում իռլանդացիները 3-0 հաշվով հաղթել են նիգերիացիներին: Ավարտական տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է նիգերիացիների հետ, իսկ իռլանդացիներն ուժերը կչափեն իսլանդացիների հետ:
«B» խմբում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Սան Մարինո-Թունիսՙ 0-3, Թուրքիա-Կիպրոսՙ 1-2, Կիպրոս-Թունիսՙ 3-0, Սան Մարինո-Թուրքիաՙ 0-3: