«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2005-07-14 | #130, 2005-07-15 | #131, 2005-07-16


ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ ԿԲ խորհրդի ավանդական հանդիպումն առեւտրային բանկերի ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվեց 2005թ. առաջին կիսամյակի դրամավարկային քաղաքականության ընթացքը եւ երրորդ եռամսյակի ծրագրային ուղղությունները:

Մասնավորապես նշվեց, առաջին կիսամյակում ձեւավորված մակրոմիջավայրը բնութագրվել է հետեւյալ միտումներով. հունվար-մայիսին` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցվել է 8.5% տնտեսական աճՙ ծրագրված տարեկան 8.0% ցուցանիշի պարագայում: Ըստ ԿԲ գնահատումների, տնտեսական աճի տարեկան 8% ցուցանիշի ապահովումը լիովին իրատեսական է եւ, այլ հավասար պայմաններում, հնարավոր է անգամ որոշակի գերազանցումՙ պայմանավորված երրորդ եռամսյակում եւս գյուղատնտեսության աճի տեմպերի արագացման ակնկալիքներով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին կեսին զգալի ավելացել են արտաքին ապրանքաշրջանառության ծավալները: Առանց «Թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր» ապրանքախմբի արտահանումը հունվար-մայիսին աճել է 29.5%-ով, իսկ ներմուծումըՙ 26.1%-ով, որի պարագայում առեւտրային հաշվեկշռի պակասորդը խորացել է 23.6%-ով, իսկ ՀՆԱ-ում տեսակարար կշիռը նվազել է 3.6 տոկոսային կետով` կազմելով 27.2%:

Հարկաբյուջետային հատվածի կիսամյակային միտումները հիմնականում արձանագրել են ծրագրային համամասնություններից շեղումներ: Մասնավորապես, ծախսերի ծրագիրը թերակատարվել է 22.0 մլրդ դրամով, իսկ եկամտային ծրագիրըՙ գերակատարվել 5.6 մլրդ դրամով, ինչն ակնհայտորեն վկայում է համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության զսպողական ազդեցության մասին:

Տնտեսության վերոնշյալ երեք հատվածների միտումներով պայմանավորվածՙ ծրագրված մակարդակից էապես շեղվել է նաեւ փողի պահանջարկը: Վերջին տարիներին դրամի փոխարժեքի շարունակական ամրապնդումը զգալիորեն բարձրացրել է ազգային արժույթի հանդեպ վստահությունը եւ արդեն տարեսկզբից դիտվել է արժույթի փոխարինման երեւույթ: Միեւնույն ժամանակ, պայմանավորված մեծածավալ արտարժութային ներհոսքի չեզոքացման խնդրով, հունիսի 10-ից ուժի մեջ է մտել պարտադիր պահուստավորման նոր մեխանիզմ: Պահուստավորման նորման բարձրացվել է 6-ից 8%-ի, իսկ արտարժույթով ներգրաված միջոցների դիմաց կատարվել է համապատասխան արժույթով պահուստավորում, ինչի հետեւանքով ՀՀ ԿԲ-ում բանկերի թղթակցային հաշիվներին առաջացել է մեծ ծավալի դրամային ավելցուկ: Արդյունքումՙ առաջին երեւույթը հանգեցրել է ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկի, իսկ երկրորդըՙ ԿԲ-ում բանկերի դրամով թղթակցային հաշիվների միջոցների զգալի ավելացման, հետեւաբար եւ փողի բազայիՙ տատանման միջակայքի վերին սահմանից շուրջ 24.0 մլրդ դրամով գերազանցման (հունիսի վերջին փողի բազայի մակարդակըՙ 150.8 մլրդ դրամ):

Դրամին անցում կատարելու էֆեկտն արտացոլվել է փողի զանգվածի կառուցվածքում հետեւյալ համամասնությամբ. շրջանառությունում գտնվող կանխիկն անցած 6 ամիսներին ավելացել է 8.6%-ով կամ 8.5 մլրդ դրամով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10.6% կամ 9.7 մլրդ դրամ նվազման դիմաց), իսկ դրամային ավանդներըՙ 25.1%-ով կամ 11.8 մլրդ դրամով (նախորդ տարվա 0.8% կամ 315 մլն դրամ նվազման դիմաց): Հակառակ պատկերն է դիտվել արտարժութային ավանդների գծովՙ նախորդ տարվա առաջին կիսամյակի 8.9% կամ 8.9 մլրդ դրամ աճի փոխարեն այս տարվա առաջին կեսին արձանագրվել է 1.4%-ի կամ 2.0 մլրդ դրամի նվազում:

Դրամի նկատմամբ մեծ պահանջարկը, որը դրսեւորվում էր արտարժույթի շուկայում մեծածավալ առաջարկով, ԿԲ-ն բավարարել է շուկայից գնելով շուրջ 27.6 մլրդ դրամին համարժեք արտարժույթ: Արդյունքում առաջացած դրամային ավելցուկի ներքաշման նպատակով ԿԲ-ն կիրառել է բոլոր ներքաշող դրամավարկային գործիքները, ինչպես նաեւ Գանձապետարանի կողմից պետպարտատոմսերի լրացուցիչ թողարկումներից ստացված միջոցներիՙ ԿԲ-ում ավանդադրման մեխանիզմը: Հունիսի 10-ից, կապված պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության հետեւանքով առաջացած ավելցուկ դրամային իրացվելիության չեզոքացման հետ, ԿԲ-ն թողարկել եւ տեղաբաշխել է սեփական արժեթղթերը, որի մնացորդը հունիսի վերջին կազմել է 3.5 մլրդ դրամ:

2005-ին շարունակվել են շուկայական տոկոսադրույքների նվազման միտումները, չնայած հունիսին դիտվել է որոշակի աճ: Այսպես, ՊՊ առաջնային շուկայում տեղաբաշխված 1 տարի եւ ավելի պարտատոմսերի եկամտաբերությունը տարեսկզբի 5.6%-ից մայիսին իջել է 4.9%-իՙ հունիսին բարձրանալով 5.7%-ի, իսկ 5 տարուց ավելի պարտատոմսերինըՙ 9.3%-ից 6.7%-իՙ հունիսին կազմելով 8.1%:

Առաջին կիսամյակն ամփոփվել է գնաճի 1.5% ցուցանիշով` ծրագրված 4%-ի պարագայում: Շեղումը պայմանավորվել է բացառապես երկրորդ եռամսյակի 2.2% գնանկման ցուցանիշովՙ ծրագրված 1.8% գնաճի փոխարեն: ԿԲ գնահատումներով, տարվա երկրորդ կեսին ակնկալվում է զրոյական գնաճ, որի արդյունքում լիովին իրատեսական է տարեկան մինչեւ 3% գլխավոր նպատակի ապահովումը:

Հաշվի առնելով առաջին կիսամյակում ձեւավորված վերոնշյալ միտումները, արագացող տնտեսական աճը, ինչպես նաեւ երկրորդ կիսամյակում առավելապես փողի առաջարկի ընդլայնման ուղղությամբ ակնկալվող ինքնավար հոսքերըՙ ԿԲ-ն ճշգրտել է մինչեւ տարեվերջ փողի բազայի ծրագրային ցուցանիշը: Երկրորդ կիսամյակում նախատեսվում է փողի բազան ավելացնել ավելի քան 20%-ով, որի համատեքստում երրորդ եռամսյակին բաժին է ընկնում փողի բազայի աճի շուրջ 12.8 տոկոսային կետըՙ սեպտեմբերի վերջին կազմելով 170.1 մլրդ դրամ:

Այդ նպատակին հասնելու համար ԿԲ-ը ակտիվորեն կօգտագործի թե արտարժութային միջոցների ներհոսքի, թե ավելցուկային դրամի չեզոքացման իր գործիքակազմը:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4