«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2005-07-14 | #130, 2005-07-15 | #131, 2005-07-16


«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՆՑՆՈՒՄ Է ԱԿՆՀԱՅՏ ԾԱՂՐԱՆՔԻ. ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՆՈՆԱՎՈՐՎԵ՞Լ Է

Հուլիսի 14-ը Հայաստանում բջջային կապի բաժանորդների համար թերեւս երկար սպասված էր վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, սակայն Հայաստանը մնում է Հայաստան, «Արմենտելն» էլ հավանաբար չի դավաճանում իր անտարբեր վերաբերմունքին: Խոսքը տարբեր մակարդակներում եւ տարբեր անձանց այն խոստման մասին է, թե չարաբաստիկ հուլիսի 14-ից վերջին մի քանի շաբաթների արմենտելյան «մահացած» կապն ուշքի կգաՙ հնարավորություն տալով կրկին վայելել ոչ լարային կապից օգտվելու հաճույքը:

Երեկ «Արմենտելը» տարածել է մամլո հաղորդագրությունՙ փորձելով բացատրել բջջային կապի հետ տեղի ունեցող անհասկանալի երեւույթները: Ներողություն խնդրելով բաժանորդներիցՙ պատճառած անհարմարությունների համար, «Արմենտելը» տեղեկացնում է, թե «բջջային ցանցը շարունակաբար բարելավվում է»: Նման արտահայտությունը, անգամ հենց այս տողերը կարդալիս, կարող է հունից հանել բջջային կապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի, քանի որ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Սա դեռ բավական չէ: «Արմենտելը» կարծես նույն մամլո հաղորդագրությամբ ծաղրում է իր «սիրելի եւ հարգելի բաժանորդներին», նշելով, որ «Երեկվանից սկսած (հուլիսի 14-ից-Ա. Հ.) բջջային ցանցի աշխատանքը կանոնավորվել է. այն գտնվում էր շարունակական հսկողության տակ եւ ուսումնասիրվում էՙ կապված վերջին օրերի իրադարձությունների հետ):

Ի՞նչ է սա նշանակում: Արդյոք հուլիսի 14-ին կամ թեկուզ երեկ բջջային կապն իսկապես կանոնավորվա՞ծ էր: Միանշանակ ոչ: Ամեն դեպքում «Արմենտելի» մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին բջջային համակարգում առաջացած խնդիրը հետազոտվում է հետեւյալ ուղղություններով: Նախ, «Արմենտելի» եւ դրսից հրավիրված մասնագետների «հզորագույն» ջանքերի շնորհիվ պարզվել է, որ նույն հունիսի 30-ին «Արմենտելի» բաժանորդների վարվելակերպի ցուցանիշներում մեծ փոփոխություն է առաջացել, որը հաջորդ իսկ օրվանից վերածվել է զանգերի տարափի: Երկրորդ պատճառն այն է, որ «նոր օպերատորի ծառայությունների գործարկման հետ սպասվող տրաֆիկը բավարար չէր նման խնդիր առաջացնելու համար»:

Չհավակնելով ոլորտի մասնագետ կոչվելու պատվին, նշենք, որ, ըստ էության, նոր օպերատորի մուտքը բավարար պատճառ չէ ցանցի նման անկանոնության համար: Ընդ որում, մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Հայաստանում երկրորդ օպերատորի ի հայտ գալով առաջացած մրցակցությունը «երաշխավորում է որակի անընդհատ բարելավում ի շահ բաժանորդների եւ ի նպաստ երկրի զարգացման»: Սա ակնհայտ ծաղր է հատկապես «Արմենտելի» ուղարկած տեղեկության վերջին պարբերության ֆոնին. «Եվ վերջում, խնդրում ենք մեր բաժանորդներին չծանրաբեռնել ցանցըՙ պարզապես փորձելու համակարգի աշխատանքը, որը զանգեր կատարելու համար ունի բավարար ունակություն եւ արդեն նախագծված է ըստ միջազգային չափանիշների: Զանգ կատարելու յուրաքանչյուր փորձ, որի կարիքն իրականում չկա, պարզապես կրճատում է մյուս բաժանորդների եւ վերջին հաշվով բոլոր բաժանորդների զանգ կատարելու հնարավորությունը»:

Նման վերաբերմունքը, ցավոք, եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում առ ոչինչ են ոչ միայն քաղաքական ելույթները, գործիչների խոստումները, հակակոռուպցիոն եւ էլի մի շարք հակա տեսակների պայքարները, այլեւ պետական այրերի բարձրագոչ խոսքերը, տնտեսվարող սուբյեկտների տնտեսվարումը, մարդու իրավունքների, սպառողների, ընդհանրապես քաղաքացու շահերի պաշտպանությունը: Փաստորեն, մեզանում բոլորը կարող են անել ինչ ցանկանում, ինչպես ցանկանում եւ երբ ցանկանում են: Իսկ պատասխանատվության հարցը հավերժորեն մնում է առկախ. տուժողներ միշտ ունենք, սակայն չեն կատարվում պարտավորությունները, չկան մեղավորներ, ուստի եւ ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4