«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2005-07-15 | #131, 2005-07-16 | #132, 2005-07-19


«ԾԱՂԻԿՆԵՐՍ ՆԱՀԱՏԱԿԱՑ»

Եղեռնի 90-ամյակին էր նվիրված «Ծաղիկներս նահատակաց» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը բացվեց նկարիչների միության ցուցասրահում: Գեղանկարչուհի Արեւիկ Պետրոսյանի բազմաոճ ու բազմաբնույթ հեռուստատեսային տաղավարների ձեւավորումներն ամեն օր եթերից գոհացնում են բազմաճաշակ հեռուստադիտողներին: Սակայն այն 16 աշխատանքները, որն Արեւիկը վերջին վեց ամիսների ընթացքում մի շնչով ստեղծեց, նոր ոճ էՙ ծաղիկներ տարբեր զգացողական հարթության, տարբեր տվայտանքների ու բարդ իրավիճակների արտացոլմամբ... Ապակու վրա արծաթով, ոսկով եւ հատուկ սինթեզված նյութերով ու ներկերով ստեղծված նկարները մատուցված են յուրովիՙ լուսային ու ձայնային էֆեկտների զուգորդմամբ: Այս բարդ եւ գեղեցիկ գործերն Արեւիկ Պետրոսյանի «նվերն» է Եղեռնի անմեղ զոհերին... Իսկ թե ինչպե՞ս մտահղացավ ցուցադրության կազմակերպումը, Արեւիկը պատասխանեց. «Առաջինն իմ ծնողներից ստացած սերն ու նվիրումն է եւ այն հիշողությունը, որ նրանք 60-ականների դժվարին տարիներին մասնակցել ու իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Իսկ ես Եղեռնի 90-ամյակին չէի կարող լռել ու արվեստագետ լինելով, իմ խոսքն ու իմ ձայնը արվեստի միջոցով եմ փորձել աշխարհին, հանրությանն ի լուր տեղյակ պահել այս աշխատանքներսՙ ծաղիկներս նահատակաց... Եվ կարծում եմ, եթե մեր սկսած մեկնարկը հաջողվի, ու եթե կարողանանք ճանաչման, կանխարգելման, դատապարտման խոսքերը հնչեցնել աշխարհում ու կանխենք...»:

«Ծաղիկներս նահատակաց» հավաքածուն շուտով կցուցադրվի Անգլիայում, Հունաստանում, Մոսկվայում, Ֆլորենցիայում, տեղեկացրեց Արեւիկն ու շտապեց հերթական բացատրությունները տալ ցուցահանդեսի բացմանը եկած հյուրերին:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը չթաքցնելով իր ուրախությունը նշեց. «Արեւիկ Պետրոսյանը կարողացել է իր անհատական ցուցահանդեսին այնպիսի մտահղացում անել, որը տարածված չէ, ու մեզ մոտ չի եղել երբեւէ, ուրախ եմ, որ նման ոճի ցուցադրությունը հենց նկարիչների միությունում է եղել ու նոր հետո կցուցադրվի այլ երկրներում: Իսկ ոճը մոտ է ռեալիստականին»:

Ցուցասրահից բոլորը դուրս էին գալիս գերագույն հաճույք վայելած ու մեկմեկու էին փոխանցում հիացմունքը: Տպավորություններն ինձ հետ կիսեց նկարիչ Անդրանիկ Կիլիկյանը. «Հայաստանում նման աշխատանքները երեւույթ են մեզանում: Արեւիկը լինելով գեղանկարիչ շատ լավ զգացել է ժամանակը, տարածությունը, հարթություններն ու կարողացել ստեղծել այնպիսի դեկորատիվ ատրիբուտներ, որ հնչեղություն ունեն: Այս նոր ձեւավորման տեսակըՙ պետրոսյանական, արեւիկյան ոճ է ու հստակ կարելի է ասել, որ շարունակողն է Բենիկ Պետրոսյան արվեստի դպրոցի ճյուղի, նոր մտածելակերպով, մատուցմամբ ու աշխատասիրությամբ... Մի խոսքովՙ պտուղը ծառից հեռու չի ընկել»:

Իսկ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել դիտել ու հիանալ այդ 16 յուրօրինակ գործերը, շտապեք, քանի որ նրանք շրջելու են տարբեր երկրներում եւ միգուցե այլեւս «չվերադառնան» Հայաստան...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4