Վերջերս Երեւանի երկաթուղային կայարանն ու մերձակա շուկան անսովոր պատկեր էին ներկայացնում: Կառամատույցի վրա խմբվել էր վաճառողների ու գնորդների հոծ բազմությունը, գնացքի ռելսերի մոտ` խուզած գլուխներով բանտարկյալներ ու զինված ոստիկանների մի խումբ: Կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանն էր նկարահանում իր նոր, լիամետրաժ ֆիլմը հանցագործ աշխարհի մասին: Բնական միջավայր ապահովելու համար շուկայի բազմամարդ ամբոխին ասել էին, որ նկարահանմանը ոչ թե դերասաններ, այլ բանտից հատուկ այս նպատակի համար այստեղ բերված հանցագործներ են մասնակցում: Ռեժիսորական այս հնարքին հավատացողների արձագանքն իսկապես հետաքրքրական էր, եւ ռեժիսորը հընթացս ծնված կադրերը ներառում էր ֆիլմի մեջ: Ծիրան վաճառող մի գյուղացի, օրինակ, մրգով լի արկղը զոռով փորձում էր խցկել բանտարկյալներին տեղափոխող մեքենայի մեջ: Մանր ու մեծ ասեղները ձեռքին մանրավաճառ մի կին հանկարծ հիշել էր հորը, որին 37-ի տարիներին ոստիկանները տարել էին տնից եւ չէր վերադարձել այլեւս: Սպառնալով իր ասեղներով` կինը բարձրաձայն հայհոյում էր ոստիկաններին:
Արդեն 12 ֆիլմի հեղինակ Գագիկ Հարությունյանին ճանաչում բերեց հատկապես անցած տարի նկարած «Յարխուշտա» ֆիլմը: «Յարխուշտան» Մոսկվայում մասնակցեց կինոֆորումի եւ այսօր էլ շրջագայությունների մեջ է` ներկայացվել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «փառատոների կինոփառատոնին», մասնակցում է նաեւ «Ոսկե ծիրանին», իսկ աշնանը կմեկնի Իտալիա ու Գերմանիա:
Կինոյի աշխարհում առաջին հայտը կարճամետրաժ ֆիլմն էր «Հայֆիլմում», հետո մի քանի տարի աշխատեց Ուկրաինայի հեռուստատեսությունում` փաստագրական տեսաֆիլմեր ստեղծելով ուկրաինական ազգային հերոսների մասին: Նոր ֆիլմը սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Գագիկ Հարությունյանն անվանել է «Աստծու պատիժ»: Հղացումը ծնվել է 10 տարի առաջ եւ ակտուալ է այն իմաստով, հասունանալով Եվրախորհրդի հետ օրենսդրական մեր պարզաբանումներին զուգընթաց, հասնում է մինչեւ մեր օրերը: Իրադարձությունները գլխավորապես ծավալվում են բանտախցում, 3 գլխավոր հերոսների միջեւ: Նրանք գնդակահարության դատապարտվածներ են, որը հետո փոխվել է ցմահ բանտարկութան: Բանտախցում նստած 3 հերոսները հոգեբանական բարդ խնդիր են լուծում, գրեթե համլետյան հարց իրենց համար` մահապատիժն է լա՞վ, թե ցմահ բանտարկությունը: Հերոսների մի մասը մերժում է ցմահ բանտարկությունը` մահապատիժը նախընտրելի է, մեկն ընդհանրապես սարսափում է գնդակահարություն բառից եւ ինքնասպանություն է գործում: Սյուժեի զարգացմանը զուգընթաց քայլ առ քայլ պարզաբանվելու է հանցագործի մեջ նստած ներքին մարդը, որի մասին իրենք էլ չգիտեին: Նրանք մարդիկ են, ովքեր ընդունում, կամ չեն ընդունում իրենց հանցանքը, եւ ըստ այդմ վերլուծական խորհրդածությունների մղում բանտախցից դուրս չմեղանչած աշխարհին, կամ մեղանչածներին, որ, այնուամենայնիվ, մնում են անպատիժ:
Ֆիլմի առանցքում դատապարտյալների մասին ֆիլմ նկարող ռեժիսորի կերպարն է: Ֆիլմի մեջ ֆիլմ նկարող ռեժիսորի խնդիրն այդ մարդկանց հոգեբանությունը ներկայացնելն է` ինչպիսին է մարդկային վարքագիծն այս իրավիճակում: Բայց նա անակնկալի է գալիս, այնքան անսպասելի դաժան է լինում իր աշխատանքի արդյունքը: Ի դեպ, ռեժիսորի դերակատարը իրականում նույնպես մասնագիտությամբ ռեժիսոր է: Եվ հետաքրքրական մի փաստ էլ` կին դատապարտյալի դերը կատարում է մեր գործընկեր, «Իրավունք» թերթի լրագրող Արգինե Հարությունյանը:
ֆիլմը քաղաքական խնդիր չի լուծում, իրողությունների զարգացումը հոգեբանական իրավիճակի զարգացում է: Եվ վերջում անակնկալ լուծում` գնդակահարության է արժանանում հենց ռեժիսորը, որն ինքն էր ուզում իմանալ, թե ինչպես են հերոսներն ընդունում իրենց վիճակված դաժան փորձությունը: Անսպասելի վերջաբանը անակնկալով հանդիսատես հրապուրելու կոմերցիոն հնարք չէ: Նույնիսկ եթե ֆիլմը վաճառքի էլ ներկայացվի, Գագիկ Հարությունյանը դրանից հասույթ ստանալու եւ այն ստեղծագործական հաջորդ ծրագրերում ներառելու որեւէ պատրանք չունի: «Եթե մեր կինոշուկան ճիշտ աշխատեր, հնարավոր է, որ այս ֆիլմերը վաճառվեին իրական արժեքներով, թանկ ֆիլմեր դառնային, եւ նպաստեին հաջորդ ֆիլմի ստեղծմանը: Թե չէ միշտ պետությունից փող ենք ուզում, հետո ո՞նց պիտի վերադարձվեն փողերը, եթե կինոթատրոն էլ չկա ցուցադրելու: Պետականորեն պիտի շտկվի հարցը, էժան, արտագրված ժապավեններով լցված է շուկան: Հեղինակային իրավունքների պաշտպանությունը պետականորեն պիտի պաշտպանվի»:
«Աստծու պատիժը» նկարահանվում է «Երեւան» ստուդիայում, աղքատիկ ֆինանսավորումով: Բայց «Յարխուշտայի» ֆինանսներն էլ համեստ էին, այնպես որ Գագիկ Հարությունյանն այս անգամ էլ փորձելու է ապացուցել, որ նեղ հնարավորություններով էլ կարելի է հաջող ելք ապահովել:
Մի 2 շաբաթից կավարտվեն նկարահանումները, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է վերջնականապես ավարտուն տեսքի բերել ֆիլմը:
Երկու նախագիծ էլ ունի Գագիկ Հարությունյանը` Մուշեղ Գալշոյանի «Կանչը» ստեղծագործության եւ Վահան Թոթովենցի մի քանի պատմվածքների հիման վրա գրված «Ազգին բարերարի գերեզմանը» սցենարները: Վերջին սցենարի հեղինակը եւս ինքն է: Ծանր գործ է ֆիլմ նկարելը, մտասեւեռման նման մի բան, զգացողություն, որից ոչ մի պահ չես կտրվում գոնե հոգեբանորեն:
Այս թեմայով սցենարներ վերջին շրջանում չեն եղել, եւ ստեղծագործական ոճն ու ճաշակը բանտային միջավայրին առավելագույն հարմարեցնելու խնդիր ունի լուծելու ստեղծագործական խումբը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ