«Ես հուսահատություն եւ բարկություն զգացիՙ տեսնելով թուրքերի քանդած Նիկոսիայի հայկական եկեղեցին», ասել է միջազգային ճանաչման արժանացած ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը, որն, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, դասախոսությունների շարքով հանդես է եկել Կիպրոսում եւ Լիբանանում: Նրա այցելության օրերին Նիկոսիայի «Մուֆլոն» գրախանութում (սեփականատերՙ Ռութ Քեշիշյան) վաճառքի է հանվել «Ճակատագրի սեւ շունը» եւ «Այրվող Տիգրիսը» վեպերի անգլերեն եւ հունարեն օրինակները: Համազգայինի «Օշական» մասնաճյուղի հրավերով Կիպրոսում գտնվող հայտնի հեղինակը դասախոսություն է կարդացել Հայաստան փողոցում գտնվող «Ութիջյան» դահլիճում, այցելել Մելգոնյան կրթական հաստատություն եւ Նիկոսիայի գրավյալ թուրքական տարածք:
Այնուհետեւ Բալաքյանը մեկնել է Բեյրութ, որտեղ արժանացել է Անթիլիասի Արամ Ա կաթողիկոսի կարգադրությամբ նրան շնորհված Մեսրոպ Մաշտոց մեդալի, մասնակցել Հայկազյան համալսարանի ամավերջի եւ 50-ամյակի արարողություններին: