Կարդացի Ռուբեն Բադալյանի «Ճգնաժամերի լավագույն մենեջերը» հիանալի հոդվածն Անաստաս Միկոյանի մասին («Ազգ», հուլիսի 14): Անձամբ շատ հարգում եմ Միկոյանին եւ հատկապես նրա եղբորըՙ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանին, նրանց բազմաշնորհ սերունդներին: Ի դեպ, ռուսաստանցի հանրահայտ երաժիշտ Ստաս Նամինն Անաստաս Միկոյանի թոռն է: Մենք հպարտանում ենք այդ տաղանդավոր տոհմով: Սակայն Վանաձորը չի կարելի անվանափոխել: Նախ եւ առաջ Վանաձորը հայկական հնագույն տեղանուններից մեկն է, որը Նախիջեւան եւ Իջեւան տեղանունների պես կապված է համաշխարհային ջրհեղեղի եւ Նոյ նահապետի Արարատից իջնելու հետ: Երկրորդՙ ունենք առավել արժանավոր եւ Հայաստանին առավել պիտանի հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) այլ մարդիկ: Երրորդ, Անաստաս Միկոյանի հայասիրության հարցում ամեն ինչ չէ, որ կարգին է:
Անդրադառնանք անցյալին:
Փոքր Հայքումՙ Սեւ ծովի հարավում գոյություն ուներ Ամշեն (Համշեն) գավառ, որն այդպես էր կոչվում շինարար իշխան Ամամի անունով: Համշենի բնակիչներին անվանում են համշենահայեր: Նրանց մի մասը կոտորվեց 1915 թ., մյուսները տեղափոխվեցին Սեւ ծովի արեւելյան ափ, որտեղ վաղուց կային հայկական բնակավայրեր, շատերն էլ մնացին հայրենիքում եւ ստիպված իսլամ ընդունեցին: Եվ ահա Աջարիայի 6000 այդպիսի մահմեդական հայերի մերժեցին հայ անվանել, նրանց համար հորինեցին արհեստական ազգությունՙ համշիլի (կամՙ համշիտ): Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց մեսխեթցի թուրքերի հետ աքսորեցին Միջին Ասիա եւ Ղազախստան: Նրանց փոքր խմբերից մեկը որպես առանձնահատուկ, «ոչ հայկական» էթնոս ապրում է Կրասնոդարի երկրամասում: Որտե՞ղ են մյուսները եւ ովքե՞ր են հիմա: Հայերի թշնամիները կիրառել են նրանց բնաջնջման բոլոր եղանակները... Հայաստանի եւ քրիստոնեության գիրկը վերադառնալու այդ դժբախտ մարդկանց փորձերն ավարտվեցին անհաջողությամբ: Նրանք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անաստաս Միկոյանին խնդրեցին իրենց թույլատրել վերաբնակվել Հայաստանում, ընդունել քրիստոնեություն, խոսել հայերեն, հովվություն անելու հայրենի լեռներում... «Ճգնաժամերի լավագույն մենեջերը» մերժեց նրանց: Համշենահայերի ներկայացուցիչներին բառացիորեն վռնդեց իր աշխատասենյակից, ասելով. «Ապրեք այնտեղ, ուր ձեզ ուղարկել են»:
Այդ մասին գրվել է հայկական մամուլում: Որքան հիշում եմ, գրել է Սերո Խանզադյանը: «Ազգի» հոդվածագիրն, ըստ երեւույթին, անտեղյակ է դրան: Միկոյանի «հայամետ» գործերի մասին մասնավորապես գրել է Սուրեն Այվազյանն իր «Ռուսաստանի պատմություն: Հայկական հետք» գրքում (Մոսկվա, «Կրոնպրես», 1997 թ.):
ՄԱՐԱՏ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ, Դոնի Ռոստով